Այսօր Հայաստանի նկարիչների միության շենքում տեղի է ունեցել Գրքի երևանյան չորրորդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում է չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:
Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակութային գործիչներ, գրողներ և ընթերցողների լայն շրջանակ: Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) 3 օր շարունակ տեղի կունենան գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։
Շուրջ 50 հրատարակիչներ կներկայացնեն իրենց նոր գրքերը, որոնք հասանելի կլինեն ընթերցողներին մինչև 40 տոկոս զեղչով:
Փառատոնի մեկնարկը տրվել է՝ ևս մեկ անգամ պատվելով սահմանապահ զինվորներին և մեկ րոպե լռությամբ հարգելով արձակագիր, բանաստեղծ Արմեն Շեկոյանի հիշատակը, որը կյանքից հեռացել է հուլիսի 29-ին:
Կարդացեք նաև
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել գրական այս կարևոր իրադարձության կապակցությամբ. «Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնությունից առաջ պետք է հարց տանք՝ ավանդաբար ո՞ր ոլորտներում ենք մենք եղել առաջատար, նաև՝ միջազգային չափումներով: Կասկածից վեր է, որ դա գրավոր մշակույթի ոլորտն է: 21-րդ դարում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, որովհետև տեղեկատվական դաշտն այնքան հագեցած է, որ գրավոր մշակույթը մեծ պայքարի մեջ է մտնում այդ ընդհանուր դաշտի հետ: Պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրք»:
Փառատոնին նախատեսված միջոցառումները կոչված են ընթերցողին նախապատրաստելու դեպի գիրքը, ավելի ճանաչելի դարձնելու թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին: Փոխնախարարը, որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում, արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:
Նկարիչների միությունում կամավորներից մինչև այցելուներ տրամադրությունը գրքային էր: Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի փաստմամբ՝ փառատոնն իրականացնելու նպատակով տարածքը տրվել է մեծ պատրաստակամությամբ և որպես մեկնարկի վայր՝ ամենայն պատասխանատվությամբ: «Չէ՞ որ արվեստի 2 ճյուղերի՝ նկարչության և գրականության ճանապարհները խաչվում են հենց գրքում»,- ասում է Ս. Սաֆարյանը:
Որոշ հրատարակիչներ արդեն փառատոնին մասնակցելու փորձառություն ունեն, իսկ որոշները՝ առաջին անգամ են ներկայանում, և ըստ նրանց՝ փառատոնը հնարավորություն է տալիս մեկ հարթակում ներկայանալու հայաստանյան հրատարակչությունների մեծ մասի հետ, ինչը նոր համագործակցությունների, շփումների ու ծանոթությունների մեկնարկ է:
Փառատոնին ներկա երիտասարդ գրող Հովիկ Աֆյանը նշում է. «Չէի մտածում, որ այս ժամին տարածքն այսքան բազմամարդ կլինի»: Փառատոնից գրողի ակնկալիքն այն է, որ քաղաքը կարդա ոչ թե այս 3 օրը, այլ՝ ընդհանրապես:
Ըստ այցելուների՝ փառատոնը նպաստում է, որ ընթերցողների թիվն ավելանա, որ գրողն ավելի հայտնի դառնա: Գրականագետ Սուրեն Դանիելյանը հույս է հայտնել, որ ապագայում Գրքի փառատոնը չի ընկալվի որպես տոն և հասարակության համար կդառնա սովորական միջոցառում՝ «Երբ ժողովուրդը ներքուստ աճի դեպի գիրքը»:
Այցելուներից շատերին գայթակղել է զեղչված տարբերակով գիրք ձեռք բերելու հնարավորությունը՝ ոմանք՝ նվերների, ոմանք՝ երեխաների, իսկ շատերը՝ հենց իրենց համար:
Փառատոնի միջոցառումների ցանկում կարևոր իրադարձություն է Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը, որը ներկայացրել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը. «Թումանյանի կյանքի տարեգրության հատորյակները բացառիկ են հայ գրականության պատմության շղթայում, որովհետև մինչ օրս հայ գրողներից միայն Թումանյանն է, որ ունի նմանատիպ հիմնավոր կենսամատենագիտություն»:
Նշենք, որ փառատոնը բաղկացած է 4 բաղադրիչից. առաջինը գրական մրցույթն է՝ արձակ և պոեզիա անվանակարգերում, 2-րդը ցուցահանդես-տոնավաճառն է, մյուս բաղադրիչներն են շնորհանդեսներն ու բանախոսությունները:
Փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, որի ընթացքում էլ հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ