Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ պարում էինք, Էլվիրան լաց էր լինում». Ռաֆայել Ավնիկյանը՝ Արամ Խաչատրյանի եւ իրենց ելույթների մասին

Հուլիս 30,2021 17:51

«Գայանե», «Սպարտակ» եւ «Դիմակահանդես» բալետներն այս անգամ մեծանուն կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան էին բերել բալետի արտիստներ՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանին ու ՀՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Ռաֆայել Ավնիկյանին: Արտիստները թանգարանում առաջին անգամ էին, հիացած շրջում էին ու հիշում հին ու լավ ժամանակները: Խաչատրյանի մասին նոր տեղեկություններն էլ ավելի հետաքրքրեցրին շրջայցը, թանգարանի աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայել հյուրերին պատվով ընդունելու համար:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանի հիշողություններում՝ Արամ Խաչատրյանը շատ ջերմ մարդ էր: Ասում է՝ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում գործին: 30 տարի անց այս հանդիպումն ավելին էր, քան կարելի էր պատկերացնել: Ուղիղ 20 տարի արտիստները միասին են հանդես եկել Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» ու «Դիմակահանդես» բալետային ներկայացումներում։

«Երբ հանդիպում եմ պարընկերոջս հետ, սկսում ենք հիշել անցած տարիները։ Այնպիսի տարիներ ենք անցկացրել միասին. թե լավն ենք տեսել, թե վատը, եւ հաջողություն ենք ունեցել, եւ հիասթափություն»,-նշում է Ռաֆայել Ավնիկյանը։

Էլվիրա Մնացականյանը 34 տարի աշխատել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես առաջատար մենապարուհի։ Չնայած արդեն 77 տարեկան է, սակայն նրա գեղեցիկ կազմվածքը, աչքերի փայլն ու վառ ժպիտը երիտասարդացնում ու ավելի հմայիչ են դարձնում նրան: Էլվիրա Մնացականյանը նշեց, որ ցանկացած պահի պատրաստ է պարել Արամ Խաչատրյանի «Գայանե»-ում, «Սպարտակ»-ում կամ «Դիմակահանդես»-ում։

«1974թ, երբ «Գայանե»-ի պրեմիերան եղավ, ամեն ինչ շատ տպավորիչ էր, քանի որ հենց ինքը՝ Խաչատրյանը նախօրոք եկել էր, նայում էր փորձերը, հետաքրքրվում էր, խորհուրդներ էր տալիս։ Շատ ջերմ մարդ էր։ Երբ գալիս էր, տեսնում էր՝ հոգնել ենք, ասում էր․ «Ինչո՞ւ եք տանջում երեխաներին, գնացեք, հանգստացեք»։ Հետո գնում էր բուֆետից շոկոլադ էր բերում, տալիս մեզ։ Արամ Խաչատրյանը բնավորությամբ այնպիսին էր, որ ամեն ինչ հավանում էր, միայն թե իր երաժշտությանը ձեռք չտային»,- հիշում է ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանը։

Ռաֆայել Ավնիկյանն էլ ամեն տարի գալիս է Հայաստան ու գնում օպերա, ասում է, որ ոտքերն անկախ իրենից այդ ուղղությամբ են տանում: Տարիներ առաջ Թիֆլիսում եղած ժամանակ Ավնիկյանն ու կոմպոզիտորը դրկիցներ են եղել, միայն տարիներ անց է արտիստն իմացել այդ մասին. «Արամ Խաչատրյանի մասին մի շատ գեղեցիկ ֆիլմ տեսա։ Այնտեղ պատմում էին կոմպոզիտորի Թիֆլիսի տան մասին, հասկացա, որ դա հենց մեր թաղն է, որտեղ ապրում էինք: Ես երջանիկ մարդ եմ, քանի որ հանդիպել եմ Արամ Խաչատրյանին, երջանիկ եմ, որ ունեցել եմ լավագույն պարուսույցներ, երջանիկ եմ, որ պարել եմ Արամ Խաչատրյանի 3 բալետում»,– ասում է բալետմայստեր Ռաֆայել Ավնիկյանը ու հավելում,- «Հիշում եմ՝ երբ պարում էինք, Էլվիրան լաց էր լինում, ես էլ «Դիմակահանդեսի» վերջում էի լաց լինում»,– եզրափակում է իր խոսքն արտիստը:

 

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031