Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դա կլինի ինքն իրենով անիմաստ քայլ, բացի այդ, կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ առաքելությունից կհրաժարվեն». Բորիս Նավասարդյանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկության մասին

Հուլիս 30,2021 17:38

«ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մոնիտորինգի իրականացման հետ կապված առաջարկն ակտուալ չէ, ուստի պետք է հանել այդ կետերը և կենտրոնանալ ռուս զինվորականների՝ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ներկայության վրա»,- «Հոդված 3» ակումբի կողմից տեսակապի միջոցով անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց. «Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ձեւաչափեր, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս հայտարարությունն առանձնապես արձագանք չի ունենա:

Հիշեցմանը՝ օրեր առաջ ՀՀ ղեկավարությունը ՀԱՊԿ-ին մեղադրում էր դանդաղ գործողությունների մեջ, հիմա նման հայտարարությամբ է հանդես գալիս, ո՞րն է ռազմավարությունը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Պատերազմից և նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական շատ խնդիրներ ունի: Ընտրություններից հետո հաղթանակը դեռ չի նշանակում, որ հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը: Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է իրավիճակի կայունացումը, որ կառավարություն կազմի, խորհրդարանական հարթությունում խնդիրներ լուծի: Ուստի Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն ավելի կոնկրետություն էր պարունակում: Փաշինյանին և ՀՀ ղեկավարությանն այս սրացումը ոչ մի ձև պետք չէ, անգամ եթե մեր զինված ուժերը կարող են առաջ գնալ և հաջողություն ունենալ, դա ևս Հայաստանին պետք չէ, քանի որ դա կարող է տանել իրավիճակի էսկալացիայի: Ուստի Նիկոլ Փաշինյանը փնտրում է մի լուծում, որը կարող է իրավիճակի հետագա զարգացումը կանխել: Այդ առաջարկությունը ֆորմալ բնույթ է կրում, քանի որ ՀԱՊԿ-ի կողմից դիտորդական առաքելության իրականացումը չի կարող արդյունավետ լինել, դա կլինի ինքն իրենով անիմաստ քայլ, բացի այդ, կարծում եմ՝ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ առաքելությունից կհրաժարվեն»:

ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինի նշած ցավոտ փոխզիջումներին և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո նրա օգտագործած կոմպրոմիս ձևակերպմանը, ասաց. «Ես ունեմ ենթադրություն, որ այդ ցավոտ զիջումները և կոմպրոմիսը նույն բանի մասին են՝ այն չորս բազային խնդիրների մասին, որոնք առաջացան հետպատերազմական շրջանում: Առաջինն այն է, ինչ Արցախի շուրջ է կատարվում, այն՝ ինչ կոմունիկացիաների հետ է կապված, գերիների հարցը և չորրորդը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների դիսկուրսի փոփոխության հետ: Այդ դիսկուրսն անցում է կատարում դեպի հայ-ադրբեջանական հարաբերությունների դաշտ՝ կապված նոր սահմանների հետ, որոնք առաջացել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Սահմանային գիծը փոխվել է, այն երկարել է, և այս ֆոնին էլ, երբ սրացում է տեղի ունենում, հարց է առաջանում ինչպե՞ս ապահովել այդ սահմանների անվտանգությունը, եթե դա չի ստացվում անել անձնական միջոցներով: Ուրեմն պետք է գործի դնել հասանելի անվտանգային ինստիտուտները»:

Ալեքսանդր Մարկարովը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կապված ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի հետ հենց այս համատեքստում է դիտարկում: Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե ինչքանո՞վ է դա իրականանալի, արդյոք ԵԱՀԿ երկրները պատրա՞ստ են ներգրավված լինել գործընթացում, և մոնիտորինգային առաքելությունը ևս լուրջ խնդիր է ՀԱՊԿ-ի համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031