Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս խաղաղապահների տեղակայման հարցում Մոսկվան ստիպված է լինելու Ադրբեջանի կարծիքը լսել, որ, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան դրական կլինի». Կիրիլ Կրիվոշև

Հուլիս 30,2021 18:30

«Փաստացի Փաշինյանն իր իսկ խոսքում ցույց է տալիս, որ ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մոնիթորինգային առաքելության տեղակայման հետ կապված առաջարկությունը քիչ իրատեսական է»,- «Հոդված 3» ակումբի կողմից տեսակապի միջոցով անցկացվող քննարկման ժամանակ հայտարարեց «Քարնեգի» կենտրոնի փորձագետ, «Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշևը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց.  «Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»:

Ըստ նրա՝ ռուս խաղաղապահների՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայման գաղափարն օգտակար է. դա այն երկկողմանի ձևաչափն է, որը սովորաբար հետխորհրդային տարածքում աշխատում է: Ըստ նրա՝ այս հարցում, սակայն, պետք է իր համաձայնությունը տա նաև Բաքուն: Նա այս առիթով մանրամասնեց. «Այս հարցում Մոսկվան ստիպված է լինելու Ադրբեջանի կարծիքը լսել, որ, ամենայն հավանականությամբ, ոչ այնքան դրական կլինի: Հայ-ադրբեջանական սահմանում ռուս խաղաղապահների լիովին վերահսկողության սահմանման հարցը կարող է քննարկվել, բայց Ադրբեջանի որոշիչ մասնակցությամբ:  Այստեղ Ադրբեջանն ունենալու է իր սուր և որոշիչ խոսքը: Վլադիմիր Պուտինի տեսանկյունից՝ որքան շատ տարածք ռուս խաղաղապահները զբաղեցնեն, այնքան լավ: Սակայն դժվար թե Բաքվում դրան ուրախ կլինեն, իսկ Մոսկվան ստիպված է լինելու Բաքվի կարծիքը լսել»:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ որպես կառույցի, նա ասաց. «ՀԱՊԿ-ը, եկեք անկեղծ լինենք, արհեստականորեն ստեղծված համակարգ է: Այն Մոսկվային է պետք, և Մոսկվան է այն ստեղծել, որպեսզի ՆԱՏՕ-ին հակակշռի: ՀԱՊԿ-ը մարդկանց խումբ է, հարթակ, որտեղ հավաքվում են մարդիկ, հին խորհրդային ձևաչափ է, և խոսում են այն մարտահրավերների մասին, որոնք բխում են արևմուտքից: ՀԱՊԿ-ը իրական, որոշիչ գործողությունների ի վիճակի չէ, նրանք նախընտրում են մարտ վարել սեղանի շուրջ, նստել, մտածել, թե ինչպես է արևմուտքը ստեղծում բիոլաբորատորիաներ, որտեղ ստեղծվում են վիրուսներ, որպեսզի վերացնեն բոլոր ուղղափառներին: Ճգնաժամերի ընթացքում ՀԱՊԿ-ն իր համար արդարացում է գտնում, որ այդ ճգնաժամերում որոշիչ մասնակցություն չունենա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031