Տուժողն ու փաստաբանը պահանջում են յոթ տարվա վաղեմության երկու ծանր հանցագործությունների դատավարությունը իրականացնել մեկ փաթեթով
Տուժող Արսեն Չիչյանի եւ նրա փաստաբան Մասիս Մելքոնյանի ներկայացմամբ, առաջին դեպքում խոսքը 2014 թ. փետրվարին փաստաթղթերի կեղծումով Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի վաճառքի մասին է, որի արդյունքում կոմբինատի անվտանգության ծառայության նախկին պետ Արսեն Չիչյանին պատկանող 10 տոկոս բաժնեմասն անցել է 90 տոկոսի սեփականատեր Մադլեն Թաշչյանին եւ նա դարձել է կոմբինատի 100 տոկոսի սեփականատեր: Երկրորդ դեպքում այս գործարքի հետ անմիջականորեն առնչվող՝ նույն Մադլեն Թաշչյանի պատվերով Արսեն Չիչյանի նկատմամբ նույն թվականի հունիսի 23-ին սպանության փորձի մասին է:
Տուժող կողմը այս երկու գործերը մեդիայի միջոցով հանրայնացնելու քայլին դիմել է այն պատճառով, որ նախաքննական մարմինը, թեեւ առկա բոլոր ապացույցներին, առանց որեւէ պատշաճ հիմնավորման հրաժարվում է դրանք դատարան ներկայացնել որպես մեկ ընդհանուր գործ: «Նորից ենք պնդում, որ այս երկու գործերի փաստական հանգամանքները, ժամանակագրական հանգամանքները, բովանդակային հանգամանքները ամբողջովին նույնն են: Կեղծիքների գործը, որը քննվել է Արաբկիրի քննչական բաժնում, որն ի դեպ հարուցվել է Ազգային անվտանգության կողմից, եւ տարածքային կարգով ուղարկվել Արաբկիրի քննչական բաժին, կասեցված է: Իրենք չեն կարողացել հայտնաբերել կեղծիք կատարողին: Պատկերացնո՞ւմ եք, կեղծիքների փաստը կա, փաստող գործը հարուցվել է, բայց անձին չեն հայտնաբերել: Իսկ կեղծիքների փաստը վերաբերվում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի վաճառքին: Մյուս գործով հայտնաբերվել է սպանության փորձ անողը, սպանություն կազմակերպող խումբը, խմբի ղեկավարը, խմբի ղեկավարի կապը Մադլեն Թաշչյանի հետ: Հիմա մենք ասում ենք՝ բերեք միասին քննեք, ասում են՝ չէ: Մենք բերում ենք այս խելամիտ հիմնավորումները, թե ինչի պետք է այդ գործերը միասին քննվեն, վարույթ իրականացնող մարմինը մեկ-երկու նախադասությամբ ասում է չկան հիմքեր: Սա մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ վարույթ իրականացնող մարմինը՝ Ազգային անվտանգության դեպարտամենտը, կատարել է բազմակողմանի քննություն, բայց օբյեկտիվ չէ այս որոշումը կայացնելու մեջ: Քննիչը գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին՝ Գլխավոր դատախազության համապատասխան վարչություն, որպեսզի նա հաստատի եւ ուղարկի դատարան: Մեր ուղերձը, մեր պահանջը եւ մեր բարձրացրած իրավական խնդիրը ուղղված է դատախազությանը, որպեսզի պատասխանատու դատախազը չհաստատի մեղադրական եզրակացությունը եւ այս հիմնավորումներով գործը վերադարձնի քննիչին, ցուցում տա, որպեսզի վերջինը այս գործերը միացնի, կոնկրետ Մադլեն Թաշչյանի արարքին իրավական գնահատական տա, այն է՝ առաջադրվի մեղադրանք, հայտարարվի միջազգային հետախուզում, որից հետո կկատարեն նորից բազմաբնույթ քննչական եւ դատավարական գործողություններ եւ նոր այդ ամենով հանդերձ գործը կարելի կլինի ուղարկել դատարան ըստ էության քննելու համար»,-ներկայացրեց փաստաբանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ