Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ԱԺ-ն քննարկեց և, ցավոք, արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին «ծանր վիրավորանք» հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար։ Ընդ որում՝ ավելի խիստ պատիժ է կիրառվելու, եթե դա կատարվել է «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով» և եթե դա պայմանավորված է «անձի հանրային գործունեությամբ»։
Եթե այս օրինագիծը միտված լիներ բացառապես դիտավորությամբ վիրավորելու նպատակով հայհոյախոսելու դեմն առնելուն, որևէ առարկություն չէի ունենա։ Բայց երբ խոսվում է «ծանր վիրավորանք»-ի (այդ ինչպե՞ս է որոշվելու՝ ծանր է դա, թե՞ ոչ այնքան) և դրա՝ «անձի հանրային գործունեությամբ» պայմանավորված լինելու մասին, միանգամից ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ պաշտոնյաներից, քաղաքական գործիչներից, այլ հայտնի մարդկանցից շատերը ցանկացած սուր քննադատություն կարող են ընկալել և ընկալում են որպես «ծանր վիրավորանք»։
Եվ ի՞նչ, ակնկալենք, որ այդ անձինք, ոգևորվելով այս օրենքով, ակտիվորեն հաշի՞վ են մաքրելու լրատվամիջոցների հետ։ Сисак Габриелян Artur Hovhannisyan / Արթուր Հովհաննիսյան Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Ваагн Овакимян և մյուս նախկին լրագրող պատգամավորներ, ո՞ւր եք նայում և ի՞նչ եք անում․․․ Մտածե՞լ եք, ինչ բացասական հետևանքներ կունենա այս ձեր քայլը և՛ երկրի ներսում, և՛ միջազգային տարբեր կառույցներում։
Կարդացեք նաև
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը
Լենա Նազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Արարատ Միրզոյան, Մարիա Կարապետյան, Mikayel Zolyan, Artur Hovhannisyan, Sisak Gabrielyan, Sargis Khandanyan, Lusine Badalyan, Nazeli Baghdasaryan, Hovhannes Igityan, արդեն չեմ հարցնում, որքանով է համապատասխանում ձեր համոզմունքներին, հանրային դեմքերի, առաջին հերթին պետական պաշտոնյաների, քրեական օրենսգրքով վիրավորանքից պաշտպանվածության ավելի բարձր մակարդակը, քան այլ քաղաքացիների։
Բայց երկու հարց ունեմ։
Առաջինը՝ իր առաքելությունը ավարտող յոթերորդ գումարման Ազգային ժողովը վերջին աշխատանքային օրը ավելի կարեւոր հարց չունե՞ր որոշելու, մանավանդ հաշվի առնելով երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունները։
Եւ երկրորդ՝ ավելի համեստ հարցը՝ չհամաձայնեցինք, բայց գոնե հասկացանք, որ ինքներդ ուզում եք առավել պաշտպանված լինել հրապարակայնորեն հնչող խոսքից, բայց «լրագրողական, հրապարակախոսական․․․, հասարակական կամ քաղաքական գործունեությամբ» զբաղվողներից հարցրե՞լ եք, արդյոք իրենք էլ են ցանկանում ձեզ հետ միասին արտոնյալ դառնալ այս առումով։
Թե՞ նշված կատեգորիաներին «պաշտպանվողների» շարքին միացնելով, փորձել եք քողարկել ձեր իրական մտադրությունները։ Օրինակ, ես եւ, կարծում եմ, գործընկերներիս մեծ մասը այլ քաղաքացիների նկատմամբ առավելություն ունենալ չենք ցանկանում։