Վեց ամիս առաջ Հայաստանի եւ Հորդանանի միջեւ զբոսաշրջության ոլորտում սկսվել է համագործակցություն: Այսօր երկու երկրների միջեւ ստորագրվեց հուշագիր:
«Հայաստանը բազմազան երկիր է, երբ խոսում ենք Հայաստանի գյուղերի, լեռների եւ այլնի մասին, մենք խոսում ենք հայ պատմության, մշակույթի ու զբոսաշրջային լայն հնարավորությունների մասին: Սա ինձ մոտիվացնում է գնալ հայրենիք ու իսկույնեւեթ սկսել աշխատանքները»,-այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց Հորդանանի զբոսաշրջության ոլորտի փորձագետ Ադել Ամինը:
Նրա խոսքով. «Ես գտա նոր զբոսաշրջային երկիր: Հորդանանում մենք ունենք մեծ հայ համայնք, որը եւս մեր մասն է կազմում: Նրանք շատ զարգացած ու կրթված մարդիկ են, որոնք մեծ դեր ունեն մեր երկրում: Հորդանանում բոլոր կրոնները հարգված են ու չնայած այն բանին, որ մուսուլմանական երկիր է՝ դրա 7-8 տոկոսը քրիստոնյաներ են, որոնք եւս իրենց լավ են զգում Հորդանանում: Մենք ե՛ւ Ռամադան ենք նշում, եւ՛ Սուրբ Զատիկ, եւ՛ ամանոր: Հայերն առաջինն են ընդունել քրիստոնեությունը, բայց ուզում եմ նշել, որ Հիսուսը կնքվել է Հորդանան գետի ափին: Մեր երկրում շատ հայ տուրիստներ կան, որոնք այցելում են վերոնշված վայրերն ու ուխտագնացություններ անում»:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հորդանանի հետ ակտիվ համագործակցությունը իրենց գործընկերոջ՝ Ադել Ամինի շնորհիվ է. «Կապ ենք հաստատել Հորդանանի զբոսաշրջության ասոցիացիայի հետ: Այս ընթացքում մի քանի անգամ առցանց քննարկումներ ենք ունեցել՝ եղած ներուժի եւ այլնի մասին: Ունենք լայն հնարավորություն Հորդանանի հետ համագործակցելու, որը նպաստավոր շուկա կարող է հանդիսանալ մեզ համար: Մենք կհաջողենք այս գործում, որովհետեւ զբոսաշրջային օպերատորները ոչ միայն կտրամադրեն համապատասխան փաթեթները, այլեւ մենք վստահ ենք, որ ունենք համապատասխան չափորոշիչներն իրագործելու մեր առջեւ դրված խնդիրը: Նշեմ նաեւ, որ Հորդանանը մասսայական տուրիզմի երկիր չէ, բայց համոզված եմ՝ լավ ներկայանալու ու 2 կողմերի խելամիտ համագործակցության շնորհիվ՝ կլինեն երկկողմանի մրցունակ առաջարկներ»:
Կարդացեք նաև
Ըստ նրանց, Հորդանանի ու Հայաստանի միջեւ եղած այցելությունների թվերը դեռ այնքան էլ բարձր չեն, սակայն, ոլորտի մասնագետների խոսքով՝ առաջիկայում կկարողանան հասնել նաեւ դրան:
Պարոն Ամինն Հայաստանում է արդեն 3-րդ անգամ, բայց ամեն անգամվա համեմատ՝ նկատելի փոփոխություն կա. «Ձեր երկիրն այնքան փոքր է, որքան մերը, սակայն ունի հարուստ մշակույթ ու ժառանգություն: Երբ առաջին անգամ եկա Հայաստան՝ գաղափար անգամ չունեի, թե այստեղ ինչ կարող եմ անել, նշեմ, որ այցս բիզնես նպատակով էր: Հետագայում տեսնելով այստեղի զբոսաշրջային ներուժը՝ որոշեցի զբոսաշրջային բիզնես գաղափար իրագործել»:
Ադել Ամինը համոզված է, որ հորդանանյան շուկան նվաճելու համար Հայաստանի ներուժը բավականին մեծ է, քանի որ հորդանանցիները տարվա մեջ որպես կանոն ճանապարհորդում են 2 անգամ:
«Գաղտնիք չէ, որ Հորդանանը այդքան էլ հարուստ երկիր չէ, բայց զբոսաշրջության համար ունի նպաստավոր պայմաններ, իսկ Հայաստանը ճանապարհորդության մասով լրիվ հարմար է հորդանանցիների համար: «Հայաստանի հարեւան երկրների հետ Հորդանանի զբոսաշրջությունը տարեկան կազմում է 1 միլիոն մարդ: Չնայած շատերս նախընտրում ենք ծովային հանգիստ, սակայն հորդանանցիները հակված են նաեւ մշակութայինին»,-ասաց նա:
Մեխակ Ապրեսյանի խոսքով, իրենց նպատակն է բարձրացնել հայ ու հորդանանյան հասարակության զբոսաշրջային տեղեկատվական մակարդակը. «Մոտ ապագայում նախատեսում ենք նաեւ փոխադարձ ճանաչողական այցեր կազմակերպել: 2 ասոցիացիաններն էլ համաձայն են սկսել գործը: Հայաստան են հրավիրվելու այնպիսի օպերատորներ, որոնք չեն աշխատել հայաստանյան շուկայում ու նույնն էլ գործելու է հակառակ դեպքում: Ճանաչողական այցերը լինելու են գործնական, ոչ թե հանգստին միտված: Այս ամենը տեղի կունենա՝ հաշվի առնելով վիրուսային իրավիճակն ու պահպանելով հակահամաճարակային պայմանները: Հայկական ու հորդանանյան ԶԼՄ-ների կողմից պետք է լուսաբանվի սա ու կատարվելիք աշխատանքները, որպեսզի հանրությունը եւս տեղեկացված լինի»:
Պարոն Ապրեսյանի խոսքով՝ հայաստանյան ներուժը տեսնում են նաեւ իրենց հորդանանյան գործընկերներն ու առաջիկայում սպասվում են գործնական քննարկումներ:
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ