Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ կից օրենքներում
Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարմամբ: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկել, որոնք ընդունվել են ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից: Տախոգրաֆի կիրառման բացառությունները սահմանող դրույթներում «զինված ծառայությունների» բառերը փոխարինվում են «պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ԱԱԾ մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների» բառերով: Սահմանվել են տեսչական վերահսկողության իրականացման պահանջները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը խորհրդարանին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կարդացեք նաև
Օրենսդրական փաթեթը քվեարկության արդյունքում ընդունվեց:
Ազգային ժողով