ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսան Մինասյանն ու ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս լարվածությանը:
«Սահմանային լարվածությունը միայն այսօրվա չէ: Այն եղել է երեկ, լինելու է վաղը, լինելու է միշտ: Որտեղ կան խնդիրներ, անպայման պիտի լինեն սահմանային լարվածություններ: Ուղղակի մենք պետք է կարողանանք այդ լարվածությունները պահել այնպես, որ ինքներս շահեկան դուրս գանք: Իսկ դրա համար պետք է միայն լինել ուժեղ, ունենալ ուժեղ բանակ»,- ասաց Ալեքսան Մինասյանը:
Արսեն Վարդանյանը նույնպես համարում է, որ Հայաստանը միշտ ունեցել է սահմանային լարվածությունների խնդիր: «Մեր սահմանները ԽՍՀՄ փլուզումից հետո համարյա միշտ եղել են լարված: Տարիների ընթացքում ոչ ոք չգիտակցեց, ոչ ոք ռեալ աշխատանք չկատարեց դրանք իրական պահելու եւ զարգացնելու համար:
Մենք ունեցել ենք բարենպաստ դիրքեր բոլոր առումներով, զինվորական լեզվով ասած՝ բուֆերային գոտի, որը կտրում էր անմիջական շփումը բնակավայրերի եւ մեր իրական սահմանների միջեւ: Մենք դա աստիճանաբար հանձնեցինք, ու բոլոր իշխանությունները դրանում իրենց բաժին մեղքն ունեն: Իսկ այսօր մենք բաց ենք թողել մեր անվտանգությունը եւ զբաղվում ենք չգիտես ինչ հարցերով: Պատգամավորներից շատերը չգիտեն ինչ է զինծառայությունը, զինծառայողը, սպան, նրանց խնդիրները: Մարդիկ վայելում են իրենց պաշտոնների հաճույքը, մտածում են իրենց ծախսերի գումարները մեծացնելու մասին՝ առանց մտածելու, որ այսօր մեր անվտանգությունը թույլ է: Չմտածելով՝ այդ գումարները, որ իրենց գրպանն են դնում, ուղարկեն մեր բանակին, բանակի ամրաշինական կառույցներին ու առկա բազմաթիվ այլ խնդիրներին, որոնք մինչեւ այսօր ոչ ոք ուշադրության չի արժանացնում:
Կարդացեք նաև
Միջանցքի հարց էին քննարկում: Ու այդ հարցը իբրեւ թե փակվեց: Վարչապետը երեկ իր ելույթում ասաց՝ ոչ մի միջանցք: Բայց լինելու են ճանապարհներ: Դա ո՞նց կարող է լինել, երբ ադրբեջանցին այսօր իմ հետ խնդիրներ ունի, 30 տարի է՝ իմ եղբորը, իմ ընկերներին սպանել է: Հիմա ադրբեջանցին ո՞նց կարող է գա ու Հայաստանով գնա Վրաստան: Հարցն այն է, որ մենք պետք է զբաղվենք մեր իրական խնդիրներով՝ մեր բանակը կառուցելով»,-հավելեց Արսեն Վարդանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ