Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին էր դիմել՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվե՞լ է, եւ ի՞նչ հիմնավորմամբ, ինչո՞ւ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչո՞ւ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։
Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դեռ պատասխան չի ստացել, երեւի հիմնավորումներ են փնտրում. «Խորհրդարանի ձեւավորման օրվանից ավանդույթ կա մեր երկրում ու դրա դրսեւորումն այն է, որ լրագրողները կարողանան շրջել եւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը ստանան պատգամավորներից, կառավարության ներկայացուցիչներից, որ գալիս են ԱԺ: Այսուհետ դուք զրկված եք լինելու բացառիկ ինֆորմացիա, բացառիկ հարցազրույց, բացառիկ կադրեր անելու հնարավորությունից, որն անընդունելի է: Որեւէ այլ երկրի օրինակ այստեղ բերելը ճիշտ չէ, մենք պետք է պահպանենք մեր ավանդույթները»:
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ նիստերի դահլիճի մոտ անվտանգության նկատառումներով նոր սարքեր են տեղադրվել: Թագուհի Թովմասյանն ասաց. «Ճիշտն ասած, նսեմացուցիչ էլ է, այսինքն, մի հատ ստուգում են խորհրդարանի շենք մտնելուց, մի հատ ստուգում են դահլիճ մտնելուց, ինչի՞ց են վախենում, ինձ համար անհասկանալի է; Եթե մենք այսպիսի անվտանգային միջավայր կարող ենք ստեղծել մեզ համար լոկալ պայմաններում, ինչո՞ւ են մեր սահմանները այսքան բաց ու ինչո՞ւ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժի ներկայացուցիչերը կարողացան սուլելով մտնել մեր սահման ու հովիվները նրանց դիմավորեցին: Եթե խոսում են մեր անվտանգությունից, ուրեմն առաջին հերթին պետք էր մեր սահմանների պաշտպանություն եւ ոչ թե խորհրդարանում լրացուցիչ ծանրաբեռնվածություն ապահովել, ինչի՞ց են վախենում, սա ինձ համար անհասկանալի է»:
Ըստ Թագուհի Թովմասյանի, սա բացատրվում է անբարեխիղճ լրագրողների քայլերով, որոնք իբր մտնում են աշխատասենյակ ու խանգարում պատգամավորներին: Թովմասյանն էլ առաջարկեց, որ եթե դա է խնդիրը կարող են լրագրողների հետ պայմանավորվել. «Դուք էլ մի մտեք սենյակ ու դրանով սահմանափակվեն: Իսկ լրագրողի տեղաշարժի սահմանափակումն ինձ համար խիստ անընդունելի է, որեւէ կերպ ես հիմնավորումը չեմ կարող համարել լեգիտիմ»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն ասել էր, որ անվտանգության համար նոր որոշումներ էլ կլինեն: Թովմասյանն արձագանքեց՝ այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ նոր միջոցներ են ձեռնարկում, նոր խմբակցությունների՞ց են վախենում. «Խորհրդարանում ո՞վ է այդքան վտանգավոր, որ պիտի 4 անգամ ստուգեն, նոր մտնի դահլիճ»: Իսկ եթե պատճառաբանում են հնարավոր Հոկտեմբերի 27-ի կրկնության վտանգով, Թովմասյանը հիշեցրեց, որ այդ նույն սարքերից անցագրային կետում տեղադրված է եղել ու որեւէ արդյունք չի տվել, զենքերն էլի կարողացել են մտցնել խորհրդարան, այնպես որ, դա էլ հիմնավորում չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ