Այսօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով լրագրողների տեղաշարժն ԱԺ շենքում սահմանափակելու որոշմանը, ասաց. «Բոլոր որոշումների մասին կիմանաք, ես խոսակցություններ չեմ մեկնաբանում: Կլինի հրապարակված, կիմանաք ամեն ինչ տեղում»: Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, լրագրողների հետ շփումները նվազելո՞ւ են՝ Ալեն Սիմոնյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց. «Կլինի որոշումը, կիմանաք մանրամասները»:
Համենայնդեպս, «բարի լուր», օգոստոսի 2-ին՝ ԱԺ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի օրը լրագրողները կաշխատեն այնպես, ինչպես աշխատել են միշտ՝ առանց սահմանափակումների:
Հարցին՝ դուք վախենո՞ւմ եք լրագրողներից, որ որոշել եք սահմանափակել տեղաշարժը խորհրդարանում Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես նման եմ մարդու, ով վախենում է լրագրողների՞ց: Պատճառները, ընդհանուր առմամբ անվտանգային պատճառներ են: Խոսքը չի գնում կոնկրետ լրագրողների, կոնկրետ անձանց մասին: Գործելու են նոր կանոններ, որոնց նպատակը անվտանգությունն է: Վերջիվերջո մենք ունեցել ենք բավականին վատ նախադեպեր մեր պատմության մեջ եւ բավականին վերջերս եւ անցյալում այդ նախադեպերը շատ են՝ սկսած Հոկտեմբերի 27-ից: Ի դեպ, ասեմ, որ լրագրող է եղել Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկը, վերջացրած պատերազմով: Դուք վերջերս ականատես եղաք եւ լուսաբանեցիք օրինակ` գնդակահարության տեսարաններ ԱԺ դիմացի փողոցում՝ Բաղրամյանում: Եղավ մահափորձ ԱԺ նախագահի դեմ: Այս ամեն ինչը, չգիտես ինչու, հիմա չեք հիշատակում ու զարմանում եք, որ անվտանգության կանոնները կարող են ավելի խստանալ այն պարագայում, որ մենք ամեն օր ունենում ենք սահմանային միջադեպեր»:
Ալեն Սիմոնյաննն ասաց, որ լրագրողներն ունենալու են օրենքով սահմանված կարգով իրենց բոլոր հնարավորությունները, որոնք նախկինում եղել են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ