Լրահոս
Օրվա լրահոսը

18-րդ փառատոնի շրջանակում կգործարկվեն ձևաչափեր, որոնք երբևէ չեն կիրառվել Հայաստանում. կառավարությունն աջակցել է «Ոսկե ծիրան»-ի անցկացմանը

Հուլիս 30,2021 15:42

ՀՀ կառավարությունը 25 մլն դրամ է տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին հատկացված գումարը դրամաշնորհի պայմանագրի հիման վրա կտրամադրի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակներն են հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման համար կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործունեության տասնյոթ տարիների ընթացքում այն ապահովել է իր կայուն տեղն ինչպես Հայաստանի մշակութային կյանքում, այնպես էլ տարածաշրջանում՝ դառնալով տարածաշրջանի խոշորագույն փառատոներից մեկը:

Փառատոնի կայունության գլխավոր հիմնասյուներից են հանդիսատեսի հետաքրքրությունը, ինչպես նաև տարիների ընթացքում ստեղծված միջազգային կապերը, գործընկեր փառատոների հետ սերտ հարաբերությունները և միջազգային հեղինակությունը:

2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կրկին հանդես կգա իր մշտական «Մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսով՝ ներկայացնելով կինոփառատոնի ամբողջ փիլիսոփայությունը: Կինոփառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների և մրցութային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի հերթական անգամ շեշտադրել Հայաստանի մշակութային կյանքի կայունությունը, կինոարվեստի զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանում՝ փառատոնային ասպարեզում առաջնային դիրքերի պահպանումը:

2021 թվականի հոկտեմբերի 3-9-ը կիրականացվեն «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երեք հիմնական մրցութային ծրագրերը` Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթը, «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագիրը և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթը: «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում կցուցադրվեն վերջին երկու տարիների լավագույն ֆիլմերը ողջ աշխարհից, կհյուրընկալվեն ֆիլմերի հեղինակները, և կանցկացվեն վարպետաց դասեր:

Հարգանքի տուրք կմատուցվի հայ և համաշխարհային կինոյի վարպետներին, կկազմակերպվեն հետահայաց ցուցադրություններ: Արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ հատուկ դասընթացներ կիրականացվեն երիտասարդ կինոքննադատների համար։ «GAIFF PRO» արտադրական հարթակը կապահովի տարածաշրջանային համարտադրության շուկայի կազմակերպումը, որտեղ հերթական անգամ կանցկացվեն կինոնախագծերի զարգացման դասընթացներ՝ միջազգային դասընթացավարների մասնակցությամբ, և հայաստանյան կինոգործիչները հնարավորություն կունենան միջազգային համագործակցության նպատակով նոր կապեր հաստատել:

18-րդ փառատոնի շրջանակում նախատեսվում է նաև գործարկել ձևաչափեր, որոնք երբևէ չեն կիրառվել Հայաստանում. օրինակ՝ «ցուցադրություն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» կամ «նորագույն VR տեխնոլոգիաներով հատուկ ցուցադրություններ»։

Հայաստանի ողջ կինոհանրության, մասնագիտական շրջանակների և ուսանողության համար վարպետության դասերը և կրթական ծրագրերը կիրականացնեն առաջատար վարպետները։ Հաշվի առնելով փառատոնի տեղական և միջազգային լուսաբանման հնարավորությունները` կարևորվում են հետպատերազմական Հայաստանի իմիջային ներկայացումը և մշակութային դիրքավորումը տարածաշրջանի առաջատար մշակութային իրադարձություններից մեկի` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջոցով:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031