Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազը փորձում է մոլորեցնել». Դավիթ Սանասարյան

Հուլիս 30,2021 14:48

Այսօր` հուլիսի 30-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած՝ ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստի (նախագահ դատավոր Դավիթ Բալայան) ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց «Վանաձոր» բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Օֆելյա Մկրտչյանը: Նա հայտնեց՝ 2018-ի վերջին գրություն է ստացվել ՊՎԾ-ից, որ փոխվեն հեմոդիալիզի պարագաների նկարագրերը և հնարավորություն տրվի այլ ապրանքանիշներ շահելու, գնումների մասնակցելու: Նա ասաց՝ հանձնաժողովով քննարկել են և եկել այն եզրակացության, որ որոշակի չափաբաժիններով հնարավոր է փոխարինել, որոշակի բաժիններով՝ ոչ, քանի որ կարող են վնասել հիվանդի կյանքին:

Նա ասաց, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունից հետո տեղի է ունեցել բժշկական սպասարկման պարագաների որակի նվազում, ինչի հետևանքով նաև հիվանդների բժշկական սպասարկման որակի նվազեցում: Միևնույն ժամանակ նշեց՝ հիվանդների թիվն աճել է:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի հարցին՝ ի վերջո ինչո՞ւ որոշում կայացվեց փոխել տիպային նկարագրերը՝ միայն նախարարության նամակից հետո՞, նա պատասխան տվեց՝ նշելով, որ դա եղել է հանձնաժողովի որոշումը:

Դավիթ Սանասարյանը մտահոգություն հայտնեց՝ մեղադրող դատախազը մոլորեցնում է: Ու հայտարարեց. «Դատախազը նշում է կոնկրետ ընկերությունների անուններ, ասեղների հետ կապված նաև ոգևորված հարց էր տալիս՝ տեսեք առողջությանը վնաս է, մինչդեռ երբ իրեն պետք է, ասում է՝ ասեղն ի՞նչ կապ ունի: Դատախազը փորձում է մոլորեցնել»: Նախագահող դատախազը հարցրեց՝ ի՞նձ է ուզում մոլորեցնել, Դավիթ Սանասարյանը պատասխանեց՝ միգուցե:

Դատախազը նաև հետաքրքրվեց՝ ՊՎԾ-ից զանգ ստացե՞լ եք, թե փոխեք չափորոշիչները, որովհետև վկաների ցուցմունքների համաձայն՝ իր հեռախոսահամարը փոխանցվել է ամբաստանյալ Գևորգ Խաչատրյանին, որ նա կապ հաստատի իր հետ, Օֆելյա Մկրտչյանը պատասխանեց՝ չեմ հիշում:

Դատարանի դահլիճում հարցաքննված մյուս վկան «Կասկադ էներգո» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռոբերտ Բադալյանն էր: Նա ասաց, որ ամբաստանյալներին ճանաչում է ու մանրամասնեց. «Տարոն Ավետիսյանը մանկությանս ընկերն է, Սանասարյան Դավիթին ճանաչում եմ 2007-ից, Սամվել Ադյանին մոտ տասը տարի եմ ճանաչում Տարոն Ավետիսյանի միջոցով, Գևորգ Խաչատրյանն էլ մեր ընկերության ծառայություններից է օգտվել»:

Դատավորը հետաքրքրվեց՝ մինչև այս դեպքն իմացե՞լ է, որ «Զորաշեն» ընկերությունը նաև բժշկական սարքեր է ներմուծել: Նա պատասխանեց՝ ոչ: Խոսելով Սամվել Ադյանի մասին՝ ասաց, որ իր համար նա գնումների գործընթացին տիրապետող լավագույն կադր է:

Դավիթ Սանասարյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ եք փաստել որևիցե խոսակցություն, որ Սամվել Ադյանի թեկնածությունը քննարկելուց ես տեղեկացվել եմ, որ Սամվելը Տարոն Ավետիսյանի հետ կամ առանձին գնումների գործընթացի է մասնակցում: Ռոբերտ Բադալյանը պատասխանեց՝ ոչ: Դավիթ Սանասարյանը նաև հետաքրքրվեց՝ եղե՞լ է խոսակցություն, որից ինքն իմացել է, որ Տարոն Խաչատրյանն ու Սամվել Ադյանը ՌԴ-ում կլինիկա ունեն, Ռոբերտ Բադալյանը հիշեց մի խոսակցություն, երբ ասել է, որ նման կլինիկա կա, և կարող են նաև նրանց դիմել: Բայց նաև նշեց՝ որևէ կոնկրետ ֆիրմայի մասին չեն խոսել՝ բացի «Զորաշենից»:

Ի պատասխան մեղադրող դատախազի հարցերին՝ Ռոբերտ Բադալյանն ասաց. «Ես վստահ չեմ կարող ասել՝ գնումների գործընթացին մասնակցելու վերաբերյալ տեղեկություններ Սանասարյանն ունեցե՞լ է, թե՝ ոչ: Նման հիմք էլ լինել չէր կարող»:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031