Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» բառերն ինչպե՞ս եք կանխելու»․ ԱԺ-ում քննարկեցին հայհոյանքը քրեականացնելու հարցը

Հուլիս 30,2021 14:24

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում եւ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ։

Օրենսդրական փաթեթի զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ այս փաթեթը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով ՀՀ-ում վերջին շրջանի զարգացումները․ «Արժանապատվության նվաստացման, վիրավորելու հարցում ամենավտանգավոր դրսեւորումներից է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյանքի միջոցով։ Իհարկե, հասկանում եմ, որ շատ հարցեր կառաջանան, բայց առաջնորդվում ենք ոչ թե արձագանքներով, այլ խնդիրներով։ Տարիներ առաջ ճիշտ որոշում եղավ, եւ սովորական, պարզ վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեցին։ Այդուհանդերձ, հայհոյանքը եւ ծայրահեղ անպարկեշտության եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը՝ հայհոյախոսությունը, պետք է տարբերել վիրավորանքից։ Հայհոյանքը հայ հասարակությունում եղել է եւ կմնա պատժելի, բայց այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն մենա՞կ է թողնելու այդ հարցում, թե նման վարքագիծը եւ դրա արգելքը սահմանելու է օրենքը։ Խնդիրն ավելի ազդեցիկ է դարձել՝ հաշվի առնելով հեռավար եղանակով հայհոյելու հնարավորությունները։ Հեռավար հայհոյանքն ավելի վտանգավոր է դարձել, որովհետեւ այն հետագա՝ քրեածին վարքագծի դրսեւորման կամ ձեւավորման պատճառ է դառնում»։

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ այս օրենսդրական փաթեթով հանցակազմի առկայության պայմաններում հայհոյանքի համար կալանք կիրառվի, մյուս պարագաներում՝ տուգանք, եւ սա միտված է ոչ թե պատժելուն, այլ հանրության շրջանում հայհոյախոսությունը բացառելուն։

«Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ պատգամավորին, կառավարության անդամին վիրավորանք հասցնելը չարժի՞ քրեականացնել․ «ՄԻՊ-ի, զինվորի հանդեպ, դատավորի, դատախազի, փաստաբանի հանդեպ վիրավորանքը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչն է պակասում, որ թվարկածս դեպքերն էլ քրեականացվեն»։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ խոսքը վիրավորանքին չի վերաբերում, այլ հայհոյանքին եւ դրան համարժեք դրսեւորումներին․ «Եթե առաջնորդվենք այն սկզբունքով, որ ամեն մարդ ունի արժանապատվություն, ապա չեմ կարող հասկանալ՝ պատգամավորներին պաշտպանենք, իսկ տաքսու վարորդին՝ ո՞չ»։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Գրիգորյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ այս փաթեթն ուղղված է քաղաքակիրթ, հանդուրժողական մակարդակի հասարակական հարաբերություններ ունենալուն․ «Անվիճելի է, որ հայհոյանքը քննադատություն չէ»։

«Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հարցրեց՝ ինչպե՞ս են կանխվելու հանրության կողմից իշխանությանը տրվող այսպիսի գնահատականները՝ «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ»․ «Կամ ինչպե՞ս եք գնահատելու, օրինակ, տիկին Լենա Նազարյանի ասած՝ «իդիոտկա» արտահայտությունը։ Եթե նման բառերը չենք կարողանալու տանել այս օրենքի դաշտ, ապա ոչինչ չի լինելու։ Գոնե գրեիք, որ սեռական բնույթի հայհոյանքի մասին է խոսքը»։

Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․ «Վստահ եմ, դուք էլ եք տարբերում, թե որոնք են քննադատությունը, հայհոյանքը, անձի արժանապատվությունը ոտնահարելը» Առավելագույնս փորձել ենք ձեւակերպել այնպես, որ իրավական որոշակիության խնդիր չլինի»։

Սոֆյա Հովսեփյանը պնդեց, որ այս օրենքը խնդիրներ է բերելու քաղաքական գործիչների համար, հիմք է հանդիսանալու հետապնդումների համար․ «Կամ կլինեն սուբյեկտիվ մոտեցումներ, կամ օրենքը չի գործելու»։ Քրիստինե Գրիգորյանը կրկնեց․ «Ձեր ասած բառերը դժվար է վերագրել հայհոյանքին»։

Հավելենք, որ փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031