ՀՀ կառավարության որոշմամբ՝ դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:
Համաձայն որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարը պետք է երկամսյա ժամկետում ապահովի մասնաճյուղի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարեցման գործընթացը:
Կառավարության որոշման անհրաժեշտությունը բխում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեության հետագա անհնարինությամբ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ ապահովելու համար՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա և համապատասխան մասնագետների վարձատրություն: Մասնաճյուղի հիմնական ֆինանսական կայունությունն ապահովվել է պետպատվերի շրջանակում ֆինանսավորման հաշվին․ 2013-2014 ուստարում մասնաճյուղում սովորել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 20 և վճարովի հիմունքներով 5 ուսանող, 2017-2018 ուստարում մասնաճյուղն ավարտել է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցում ստացող 9 ուսանող, իսկ 2018-2019 ուստարում՝ անվճար 4 և վճարովի հիմունքներով սովորող 5 ուսանող:
Մասնաճյուղը բակալավրի աստիճանի կրթական ծառայություններ է մատուցել «Թատերական արվեստ» մասնագիտության «Դերասանական արվեստ» կրթական ծրագրով (լիցենզիայով նախատեսված է 1-4 կուրսերի համար՝ 9-ական սահմանային տեղ): Վերջին երկու ուսումնական տարում մասնաճյուղում ընդունելություն չի իրականացվել: Ներկայում այնտեղ սովորում է չորս ուսանող, որոնցից երեքն ավարտական կուրսում են: Դասավանդումն իրականացվել է հիմնականում Երևանից հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի միջոցով:
Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 547-Ն որոշմամբ:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ