Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը պնդում է, որ Փաշինյանի դեմ հաղորդում ներկայացնելուց հետո որդուն ազատել են աշխատանքից

Հուլիս 30,2021 11:37

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է Հակոբ Մարտիրոսյանի եւ Արծվիկ Մինասյանի հայցն ընդդեմ գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերեւույթ հանցագործության հատկանիշներով:

Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը դատարանում պարզաբանեց, թե ինչու է Արծվիկ Մինասյանին միացել: Ապա մանրամասնեց. «Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո իմ ընտանիքի նկատմամբ իրականացվել է այնպիսի վերաբերմունք, որի արդյունքում տղայիս, որ քննիչ է աշխատում, ստիպել են ազատվի աշխատանքից, եւ այդ հարկադրանքի տակ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Ինձ վաղուց է ծանոթ իշխանության նման գործողությունների ոճը: Իսկ ի՞նչն է ստիպել ինձ միանալու, խումբ կազմելու եւ պարոն Արծվիկ Մինասյանի հետ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու: Այն պայմանավորված է եղել միայն ՀՀ-ին պատուհասած իրադարձություններով, այն է՝ շուրջ 4000-ից ավելի զոհեր, ինչպես նաեւ առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարվող գործողությունները, ցավն ու կսկիծն են հարկադրել չլռել այլեւս»:

Փաստաբանի ձեւակերպմամբ, հանցագործության մասին ներկայացված հաղորդումը, սակայն, չի քննվել առայսօր: Նա ասաց, որ հանցագործության մասին հաղորդումը 32 էջ է. «Նիկոլ Փաշինյանն ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքներով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո վերադառնան հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքներ, այդ թվում՝ Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ: Այսինքն, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանն առերեւույթ կատարել է առանձնապես ծանր հանցագործություն, պետական դավաճանություն»:

Փաստաբանը նաեւ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությամբ լիազորված չլինելով՝ առանց ԱԺ վավերացման եւ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության կնքելու միջազգային պայմանագիր՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության եւ ՌԴ-ի նախագահների հետ ստորագրել է միջազգային պայմանագիր գնահատվող հայտարարություն: Պարոն Մարտիրոսյանը մի շարք կոնվենցիաների հղում արեց:

Նա այլ փաստեր եւս ներկայացնելով, պնդում է, որ պետք է քրեական գործ հարուցվի: Հակոբ Մարտիրոսյանը կարեւորեց մեկ դրվագ եւս. «Իրադարձությունների ընթացքը ցույց է տվել, որ ՀՀ-ում ռեալ հնարավորություն է եղել պատերազմը կասեցնելու, սակայն այն չի կասեցվել…Պարզվում է, որ հոկտեմբերի 19-ին եւ 20-ին ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին հայտնել է, որ Ալիեւի հետ հաստատակամ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն՝ պայմանով, որ պետք է վերադառնան Շուշի խաղաղ փախստականները, Շուշի պետք է մտնեն ոչ թե խաղաղապահ, այլ խաղաղարար ուժերը, եւ Շուշին պետք է մնա հայերի վերահսկողության տակ:

Համաձայն Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 17-ի հայտարարության, մեր երկրի վարչապետը պատասխանել է, որ դա չի բխում ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի շահերից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031