Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը լեգիտիմ հի՞մք է ստեղծում՝ դադարեցնելու Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին. «Հրապարակ»

Հուլիս 30,2021 10:59

Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում դարձյալ դժգոհեց իր «կիրթ եւ կառուցողական» ընկերոջից, որ նա նորից լարել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ու սադրանքներ է հրահրում։ Հետո էլ բողոքեց, թե Ադրբեջանը սադրում է՝ մեր վրա գցում։ Ուստի, որպեսզի այլեւս իրար չմեղադրեն իրադրությունը սադրելու մեջ, ու միջազգային հանրությունն այդպես էլ չիմանա՝ ով էր մեղավոր, ով առաջինը սադրեց, Ալիեւի ոչ պակաս «կիրթ ու կառուցողական» ընկերը երեկ հուսահատ մի լուծում առաջարկեց։

Լուծումը հետեւյալն է․ պատերազմից հետո իր թեթեւ ձեռքով մի քանի հարյուր կմ-ով երկարած հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուս սահմանապահներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն տեղակայել։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ հանձնել Ռուսաստանին, վերահսկողությունն էլ՝ ՀԱՊԿ անդամ երկրներին։

Ամենահետաքրքիրը, սակայն, ՀԱՊԿ-ին ուղղված տեքստն է։ ՀԱՊԿ-ն կոլեգիալ մարմին է՝ բաղկացած հինգ երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան եւ Տաջիկստան)։ Եվ նման որոշումները պետք է կայացվեն հինգ երկրների համաձայնությամբ՝ կոնսենսուսով։ Նրանցից որեւէ մեկի վետոյի պարագայում որոշումը չի ընդունվում։ Հայտնի է, որ այս հինգ երկրներից ոչ բոլորն են, մեղմ ասած, մեր սրտանց բարեկամը։ Ավելին, նրանցից ոմանք ավելի շատ Ադրբեջանին են բարեկամ եւ եղբայր համարում, քան Հայաստանին։ Ուստի, ամենայն հավանականությամբ, նրանք կմերժեն Հայաստանի այս առաջարկը՝ ավելորդ ռեսուրս ծախսել եւ մոնիտորինգային ուժեր տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նման բան հայտարարելուց առաջ պետք է նախ ստացած լիներ գոնե Ռուսաստանի, մեծ հաշվով՝ նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների բանավոր համաձայնությունը, որպեսզի գործընթաց սկսվեր։ Բայց նա դա չի արել։ Ու, վստահաբար, նաեւ քաջ գիտակցում է, որ ՀԱՊԿ-ում իր առաջարկին կողմ չեն լինի՝ կմերժեն։ Հետեւաբար, ո՞րն է նման առաջարկությամբ հանդես գալու նպատակը, եթե մեծ է հավանականությունը, որ այն կմերժվի եւ նախապես համաձայնեցված չէ գործընկերների հետ։

Փորձագետները կարծում են, որ Փաշինյանն այս հայտարարությունը հատուկ է արել, որպեսզի ՀԱՊԿ-ի կողմից մերժվելու դեպքում նախ դիմի Մինսկի խմբի անդամ երկրներին, ապա հայտարարի ՀԱՊԿ-ի՝ մեզ համար ոչ օգտակար եւ ոչ արդյունավետ կառույց լինելու մասին ու լեգիտիմ հիմք ստեղծի՝ դադարեցնելու Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Սրան, բնականաբար, չի հետեւելու անմիջապես ՆԱՏՕ-ին անդամակցումը, եւ անգամ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրներից դժվար թե խաղաղապահներ գան, կամ ԱՄՆ-ն ու Եվրոպայի անվտանգության կառույցները մեզ տիրություն անեն։ Բայց Ռուսաստանից պոկվելու եւ դեպի Արեւմուտք ու Թուրքիա գնալու պրոցեսը կարագանա։ Նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնություն կնքելու, նրա տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցն ավելի լուծելի կդառնա եւ հայ հասարակության կողմից ավելի մարսելի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031