Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև պետությունից բնակարան է ստացել, շարունակում է ապրել դրսում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 30,2021 10:43

22 տարեկան Արթուր Եղշատյանն արդեն տարիուկես ապրում է դրսում՝ Երեւանի Հյուսիսային պողոտայում: Նա, ի դեպ, նաեւ հաշվառում ունի այդտեղ՝ հենց փողոցում:

Մի փոքր անկյունում նստած՝ Արթուրն անցորդներից գումար է խնդրում՝ ապրելու, տուն վարձելու համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով՝ տղան որպես մանկատան սան ստացել է բնակարանի գնման վկայական: Նրան նախարարության կողմից առաջարկվել է նաև աշխատանք, որը մերժել է և շարունակում է ապրել դրսում։

Արթուրը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2014 թվականից հետո մորաքրոջ երեք երեխաների հետ միասին ապրել է Վանաձորի մանկատներից մեկում՝ մինչև որ չափահաս է դարձել և զորակոչվել բանակ: 2019 թվականին՝ ծառայության ավարտից հետո, բնակվել և աշխատել է Արմավիրի մարզի Հոկտեմբերյան քաղաքի եզդիական համայնքում, հետո՝ Երևանում՝ վարձով տանը:

«Մինչեւ 2014 թվականն ընտանիք ունեի, ապրում էի ծնողներիս հետ, բայց ավտովթարի հետևանքով կորցրի նրանց: Մանկատանը մորաքրոջս երկու երեխաներին որդեգրեցին ու երկրից դուրս տարան, մնաց միայն մեկը, ում հետ էլ մեծացա մանկատանը: Ծառայությունից հետո անպայման ուզում էի աշխատել: Եզդիների մոտ 4-5 ամիս աշխատեցի, գումար չվճարեցին, դուրս եկա: Վարձով տանն ապրելիս էլ գումարը չէի կարողանում վճարել, այդ օրվանից փողոցում եմ»,- ասաց նա: Ըստ նրա՝ դրսում ապրելու ընթացքում աշխատել է մատուցող, հետո՝ անվտանգության աշխատակից: Այնուհետև ոստիկանների աջակցությամբ իրեն անօթևանների կացարանում սենյակ են տրամադրել, որտեղ գողացել են նրա փաստաթղթերը: Դրանք վերականգնելու համար դիմել է բոլոր կառույցներին: Իր խոսքով՝ հանդիպել է նաև վարչապետի տեղակալի և վարչապետի հետ, ասել են՝ հարցը դեռ ընթացքի մեջ է, կօգնեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ Արթուր Եղշատյանը բնակարանի գնման վկայագիր ստացել է 2020 թվականի մարտին: Նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Բնակարան գնելը հաստատված է նաև նոտարով. 2020 թվականի սեպտեմբերի 18-ին բնակարանի առք ու վաճառքի պայմանագիր է կնքվել Նոտարական պալատի կողմից»: Մինչ այդ նաև Արթուրին նախարարության կողմից առաջարկվել է բնակտարածք Թբիլիսյան խճուղում գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող բնակարաններում, ինչից նա հրաժարվել է: Հրաժարվել է նաև առաջարկվող աշխատանքից:

Արթուրի տունը կալանքի տակ լինելու պնդումների վերաբերյալ էլ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից մեզ հայտնեցին՝ Արթուր Սեյրանի Եղշատյանի նկատմամբ, որը գրանցված է Հյուսիսային պողոտայում, վարույթ է հարուցվել: Նա այս տարվա մարտ ամսին իսկապես տուգանվել է դիմակ չկրելու համար 4 անգամ 15 հազարական դրամ և մեկուսացման ռեժիմը խախտելու համար՝ 4 անգամ 105 հազարական դրամ: Այսինքն՝ նրա ընդհանուր պարտքը կազմում է ոչ թե 2 մլն, ինչպես ինքն է պնդում, այլ 480 հազար: Մեզ ԴԱՀԿ-ից հայտնեցին նաև, որ Եղշատյանի անունով որևէ գույք չկա, որ դրված լինի կալանքի տակ: Իսկ գումարը չվճարելու դեպքում նրա եկամուտների վրա կալանք կդրվի, եւ գումարը կբռնագանձվի այն ժամանակ, երբ Արթուրն ընդունվի աշխատանքի կամ էլ հետագայում, երբ կենսաթոշակի անցնի:

Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031