Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Շեկոյան՝ «երեւաներեն» վավերագրողը

Հուլիս 30,2021 09:14

Գնաց Արմեն Շեկոյանը… գրողը, մեր ժամանակը վավերագրողը, Երեւանի գույներից մեկը, որովհետեւ Երեւանը միայն շենքերը չեն, այլ մարդիկ, նրանց թանկ ներկայությունն ու հիշողությունները: Երեւանին ջութակահար, բանկիր ու յուրահատուկ այլ անհատներ տված հին երեւանյան Կրիվոյ թաղամասը կորցրեց երեւանցի Շեկոյանին, աղքատացավ, գունատվեց…

Էլ մեր ժամանակն ու իրականությունն իր մեջ ամփոփող շեկոյանական «Հայկական ժամանակ» մեծածավալ վեպը չի շարունակվի, բայց կդառնա յուրօրինակ հուշարձան բոլորի մասին պատմող գրողի համար, որ միայն իրեն հատուկ բառուբանով՝ «երեւաներեն» էր գրում… Ու Շեկոյանն այլեւս երբեք չի գա «Առավոտի» խմբագրություն, հերթով չի բացի մեր բոլորի սենյակների դռները, հարց ու փորձ չի անի, եւ ուրախ լուրերի առիթով էլ չենք լսի շեկոյանաբար ասված ՝ նրա մա՜-կա՜ր-դա՜կ արտահայտությունը:

Մի առիթով գրել եմ, որ Արմեն Շեկոյանի կողքին ապրող շատերը վաղուց նրա «Հայկական ժամանակ» վեպի հերոսներն են, շատերն էլ երազում են՝ մի օր իրենց անունն էլ կարդալ «Հայկական ժամանակում»… Լուսահոգի նկարիչ Հակոբ Հակոբյանն ամեն առիթով շեշտում էր, որ «Առավոտ» թերթը հենց Արմեն Շեկոյանի վեպի համար է ամեն առավոտ կրպակից գնում:

Նորից պիտի հիշեցնեմ, որ առավոտցիներս առանձնահատուկ կարգավիճակում էինք, քանի որ աշխատում էինք Արմեն Շեկոյանի հետ, եւ ամեն մեկին տրված չէր քայլող դասականի հետ այդքան հաճախ հանդիպել ու վայելել նրա իմաստուն ներկայությունը:

Արմեն Շեկոյանը բազմաթիվ գրական մրցանակներ ուներ, բայց նրա լավագույն մրցանակն իր ճանաչումն էր…Նա դափնիների կարիք առանձնապես չուներ, որովհետեւ դափնին մի տեսակ պալատականություն է ենթադրում, իսկ ինքը պարզ ու շիտակ մարդ էր՝ ճիշտ իր գրականության նման:

Անսահման շատ էր ծխում, թեեւ չէր կարելի իրեն, կատակում էր, ավելի շուտ չարախնդում հիմար ճակատագրի վրա՝ ի՞նչ տարբերություն, առողջ թոքերով մեռնես, թե՞ հիվանդ…Ինքը գիտեր, որ ապրելու է մեր սրտերում, քանի որ «չէր ցանկանում լինել դրախտում՝ փախստականի կարգավիճակով»:

Մինչդեռ ամենամեծ դրախտն իր՝ կոլորիտային ներկայությամբ միջավայրն էր…

Արմեն Շեկոյանի մասին դժվար է գրելը… Նրա նման գրողի, բանաստեղծի մասին ինչպե՞ս ճիշտ գրես, որ կշռված լինեն բոլոր բառերդ, հատկապես որ իրեն խորթ էր գրական պաճուճանքը, շեկոյանական արձակն ու պոեզիան զերծ էին օսլայած, ճռճռան պաթետիզմից: Այդ պատճառով շարադրելու անկարողությունս կփորձեմ արդարացնել հենց Արմեն Շեկոյանի տողերով.

…Ես ուզում եմ սիրուն վարդեր

նկարել էս թղթի վրա,

բայց… թանաքըս ջուր է արդեն.

իմ բառն արդեն չի հուրհըրա…

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031