Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես արձագանքել ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից եկող ազդակներին

Հուլիս 30,2021 10:00

Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Ֆրենք Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որով դադարեցվում է ԱՄՆ-ի ռազմական ֆինանսական օգնությունը Ադրբեջանին: Ըստ փորձագետների՝ այդ օգնությունը վերջին 3 տարվա ընթացքում կազմել է մոտ 100 միլիոն դոլար: (Համեմատության համար նշենք, որ վերջին տարիներին Հայաստանին տրվող ԱՄՆ ռազմական օգնությունը էապես ավելի քիչ էր՝ 1-2 միլիոն դոլարի սահմաններում): Ավելի կոնկրետ՝ խոսքը  «Միջազգային ռազմական կրթություն եւ ուսուցում»,  եւ «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրերի մասին է, որոնց համար ամերիկյան պետական բյուջեից նախատեսվում է այլեւս գումարներ չհատկացնել: Չնայած դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն, Կոնգրեսի որոշման քաղաքական նշանակությունը մեծ է: Լուրջ շանսեր կան, որ Սենատը կհաստատի, իսկ այնուհետեւ նախագահ Բայդենը կստորագրի այդ օրինագիծը: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ավելի լուրջ դերակատարություն ունենալ տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Չնսեմացնելով հայ համայնքի եւ հայկական լոբբիի դերը այդ որոշման ընդունման մեջ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ խնդիրը Միացյալ Նահանգների պետական շահերն են, որոնց հակասում են ռուս-ադրբեջանա-թուրքական չափից դուրս մեծ հավակնությունները Հարավային Կովկասում եւ առավել եւս՝ Չինաստանի ծրագրերը, որոնք նույնպես, այսպես թե այնպես, ներառում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»: Իրավիճակն իսկապես մեզ համար բարդ է. մենք այս պահին, կարծես թե, հնարավորություն չունենք հրապարակավ հակադրվելու Ռուսաստանի ճնշմանը: Նման դիմադրությունը կարող է բերել նոր տարածքային եւ մարդկային կորուստների, որովհետեւ Ռուսաստանն այդ դեպքում առնվազն դեմ չի լինի ադրբեջանական նոր սադրանքներին, մինչեւ որ մենք չիրականացնենք Պուտինի եւ Էրդողանի մշակած եւ համաձայնեցված ծրագրերը: Բայց դա չի նշանակում, թե պետք է անհաղորդ լինել Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ ընդհանրապես ԵՄ-ից եկող ազդանշաններին: Ինձ թվում է, դեռեւս տեսական հնարավորություն կա՝ վերջնականորեն «հանձնվելուց» խուսափելու համար: Եվ դա մեր արտաքին քաղաքականության պատասխանատուներից պահանջում է ոսկերչական աշխատանք: Բայց նախեւառաջ՝ լավ տեղեկացվածություն եւ աշխատելու ցանկություն:

Իսկ հայեցակարգային առումով, այսպես ասած՝ «հետագայի համար», արժե մտածել՝ արդյո՞ք «կոմպլեմենտարիզմը», իսկ այնուհետեւ՝ «բազմավեկտոր» քաղաքականությունը այն միակ եւ ճիշտ ուղին է, որը կարելի է բռնել արտաքին քաղաքական ոլորտում: Գուցե արժե՞ ավելի խորը երկկողմանի կապեր հաստատել նույն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Չինաստանի հետ: «Փոխլրացման» մեջ ես որոշակի «ռեակտիվ» տարր եմ տեսնում. մի կողմից մի բան կպցնենք, եթե մյուս կողմը դժգոհ մնա, այնտեղից էլ մի բան ավելացնենք: Շատ հնարավոր է, այդ մոտեցումը հնացել է: Եթե այս՝ «հեղափոխական» իշխանությունից հետո Հայաստան պետությունը մնա,  ապա, թերեւս, շատ հարցերում կպահանջվի նոր հայացք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ա Սովետի քանդվելու տարիներին հետաքրքիր ժողովրդական դիվանագիտություն էր իրականացվում՝ Արեւմուտքի ու Խորհրդային ժողովուրդների միջեւ հեռուստատեսային տեսակամուրջներ էին անցկացվում, հաճույքով ծանոթանում էինք նրանց արքուբարքին: Ինձ համար մի բան հարյուր տոկոսով պարզ դարձավ՝ երբ ժողովուրդներն իրար հետ շփվում են՝ անկախ նրանց քաղաքական ու տնտեսական կամ ուժային մակարդակից, այդ ժողովուրդների մտքով անգամ չի անցնի հարցերը լուծել իրար սպանելով: Այստեղից հետեւություն՝ եթե կան պատերազմներ ժողովուրդների միջեւ, ուրեմն իրենց պետություններից առնվազն մեկում չկա ժողովրդավարություն: Նախքան պատերազմելը պետությունները պետք է հնարավորություն տան իրենց ժողովուրդներին որոշում կայացնել՝ պատերազմել թե՞ չպատերազմել իրար դեմ՝ լինի դա հանրաքվեի միջոցով կամ այլ ժողովրդավարական մեխանիզմով, հակառակ դեպքում ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք գնալ:
    Բ Երբ մի ժողովրդավարական պետություն ճանաչում է մյուս պետության եւ փոխանակվում դեսպաններով, դրանով այդ ժողովրդավարական պետությունը ընդունում է ճանաչվող պետության ժողովրդավարությունը, դու կարող ես շատ ժողովրդավար լինես, իսկ մյուսը՝ ոչ, ապա ճանաչելով այդ ոչժողովրդավարական պետությունը, դու դրանով նույնպես արհամարհում ես այդ ոչժողովրդավարական պետության ժողովրդին:
    Գ Քաղաքականապես անգրագետ՝ լյումպեն ժողովուրդը ժողովրդավարական պետություն ունակ չի կառուցել: Դրա համար է անհրաժեշտ կրթել ու դաստիարակել քաղաքականապես սեփական ժողովրդին, որ նա ազգ դառնա եւ ժողովրդավարություն հնարավոր է միայն ազգերի՝ ազգային պետությունների ջանքերով: Սա առաջին հերթին իշխանության եւ ընդդիմության գլխավոր առաքելությունն է:
    Դ Մի քիչ էլ մեր հզոր թշնամի թե դաշնակիցների հետ հարաբերությունների մասին: Միջազգային օրենքները չեն աշխատում, իսկ երբ օրենքը չի աշխատում, աշխատում են հանցագործ աշխարհի հասկացությունները, բայց նրանց չգրված օրենքները շատ ավելի գործունակ են, քան շատ ու շատ պետությունների օրենքները:
    Դրա համար էլ մեզ հզոր հանցագործ դաշնակից պետք չի, մեզ պետք է օրինական դաշնակիցներ՝ լինի հզոր թե փոքր, հզորին սեփական ուժերով օրինական չես դարձնի, դրա համար առաջին հերթին քո նորմալ հարեւաններին, որտեղ լյումպենավարություն չկա, այլ կա ազգ, ճանաչում ես, դաշինք կազմում եւ միասին օգնում մյուս հարեւան, բայց լյումպեն ժողովուրդներին ազգ դառնան եւ արդեն հզոր ճակատով նոր միայն հզորներին պատերազմ հայտարարում կամ դաշինքի առաջարկ անում:
    Որտեղ ազգ, այդտեղ լյումպենը անելիք չունի:
    Ազգային՝ նշանակում է բարձր քաղաքական մշակույթ:
    Մեր փրկությունը մեր ազգ դառնալու մեջ է:

  2. Հ.Շ. says:

    . այդ միջանցքին առնչութեամբ,
    յաճախ էք գրում՝ «Ռուսաստանի ճնշման» մասին

    իսկական հարցում՝
    ճիշդ ի՞նչ տուեալների վրայ հիմուած է այդ հաստատումը…

    աւելցնեմ որ բաւական լուրջ հիմնաւորումներ են անհրաժեշտ,
    համոզիչ դարձնելու համար յատկապէս այդ տեսութիւնը,
    քանզի դա կը հակադրուի ամէնատարրական, ամենաէական իսկ տրամաբանութեան

    . ( իսկ ԱՄՆի այդ հոյակապ որոշումին մասին՝
    https://www.facebook.com/permalink.php?story_fbid=949411742571381&id=368796210632940 )

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031