Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստն ինձ համար Աստծո արարչության նկատմամբ մարդու հիացմունքի արտահայտման ձեւ է»

Հուլիս 30,2021 13:00

Ասում է Տիգրան Սարգսյանը

Տիգրան Սարգսյանը ծնունդով Ապարանից է: Ծնվել է նկարիչ-մանկավարժների ընտանիքում, որտեղ ամեն օրն էր լցված արվեստով եւ ինքնատիպ, հետաքրքիր պատումներով: Տիգրանը նկարել սկսել է 2-3 տարեկանից: 2003թ. ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ, սակայն ուսումը կիսատ է թողել:

Նաեւ սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի «Կերպարվեստ» բաժնում, իսկ 2013-2016 թվականներին Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի Քահայանից պատրաստման լսարանում:

Սկսած 2012 թվականից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ «Լոռվա Ձոր, Դեբեդի հովտի գույները», «Ապարանի բնաշխարհը», «Գույներ, տարիներ», Նկարիչների միության հանրապետական ցուցահանդես, Աշտարակում՝ մարզային ցուցահանդես, հանրապետական ցուցահանդես՝ «Իմ ծնողները», Վանաձորում «Չխամրող գույներ» ցուցահանդես, իսկ 2021 թվականին Երեւանում «Հայր եւ որդի» անհատական ցուցահանդեսով է հանդես եկել:

Մեր զրույցը սկսեցինք արվեստի կարեւորության մասին խոսելով: Տիգրանի խոսքով՝ անկախ բոլոր զարգացումներից՝ արվեստը եղել է եւ կմնա մարդկության հոգեւոր սնունդն ու զարգացման փարոսներից մեկը, որն ապահովում է մարդու ինքնակրթությունն ու անձնական աճը:

Տիգրանը վստահեցնում է, որ մեր օրերում արվեստը շատ մեծ անելիք ունի, առավել եւս, երբ անտարբերությունը դարձել է կյանքի սովորական եւ անբաժանելի մասը եւ ավերում է մարդկային կատարյալ նկարագիրը: «Մարդիկ գրեթե կորցրել են կարեկցելու, հետաքրքրված լինելու զգացումը՝ դրացու, բարեկամի, իրեն շրջապատողների հանդեպ, սերը եւ հարգանքը, համբերելու, հանդուրժելու կարողությունները,-ասում է Տիգրան Սարգսյանն՝ ավելացնելով,-արվեստն ինձ համար Աստծո արարչության նկատմամբ մարդու հիացմունքի արտահայտման ձեւ է: Երբ հիացած ես այս տիեզերական արարչությամբ, ուր սերն է իշխում, չես կարող չօգտվել այն մեծ շնորհից, որն Աստված է տվել մարդուն՝ ստեղծելու, արարելու հնարավորությունը: Արվեստը եւս, որը նշանակում է արարել, ստեղծել բարին, միայն ու միայն մարդուն է ծառայում»:

Տիգրանի ստեղծագործություններում գաղտնի պահված եւ հատուկ մեկնողականություն պահանջող կետեր չես գտնում, նրանք պարզ են ու հասկանալի: Եվ հենց այդ պարզությունն ու անկեղծությունն են շունչ տալիս նկարչի ստեղծագործությանը, որն այս օրերին մարդկությանն ամենաշատն է պակասում երջանիկ լինելու համար: Դժվար է համակերպվել իրողության հետ, բայց օրեցօր հայ մարդը հեռանում է իր ունեցած ամենահզոր ու արժեքավոր արվեստից, որի շուրջ նաեւ Տիգրանն է մտահոգություն հայտնել մեր զրույցի ընթացքում, ասելով, որ մարդկությանը մեծ արագությամբ բոլոր հնարավոր ուղղություններով օգնում են աղավաղել իր կատարյալ պատկերը եւ զրկված լինել երջանիկ ու հագեցած շոշափելի կյանքից: «Նաեւ մոտակա ժամանակներում հանդես կգամ նոր ստեղծագործությունների շարքով, որով կխոսեմ մարդկանց սին եւ դատարկ լինելու ահագնացող վտանգի մասին: Երկրի վրա այլեւս մեծ արագությամբ աղն է պակասում եւ երկիրն այլեւս կդառնա անհամ»,- հավելում է Տիգրան Սարգսյանը:

Հարցին՝ ի՞նչ հոգեվիճակում է վրձինը վերցնում, պատասխանեց, որ երբեք այս հարցին ուշադրություն չի դարձրել, սակայն երբ ասելիք կա, այդժամ ասելիքդ ինքն է հոգեվիճակի տերը եւ նրանով եկած ապրումից է նկարիչը խոսում վրձնի միջոցով:

«Ստեղծագործական պրոցեսը վերաշխարհային չէ կամ ի վերուստ իջած մոգական վիճակ, այլ պարզ, անմիջական եւ անկեղծ մարդկային մի պրոցես է, որտեղ թե՛ սիրտդ, թե՛ հոգիդ եւ միտքդ բաց են խոցելի լինելու աստիճան»,-բացատրում է նա:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031