Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորակոչիկը ճանաչվել էր «սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը»»

Հուլիս 30,2021 13:30
zorakoch

Հաճախ զորակոչի ընթացքում ոչ պատշաճ բժշկական հետազոտություն իրականացնելու հետեւանքով զորակոչիկը ճանաչվում է պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, այն պարագայում, երբ նրա առողջական վիճակի հիման վրա պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայությանը։ 2018թ. հուլիսի 16-ին ՀՔԱ Վանաձորի իրավապաշտպան գրասենյակ էր դիմել Գյումրի քաղաքի բնակիչ, զորակոչիկ Վ.Հ.-ի մայրը՝ իր որդու իրավունքների պաշտպանության հարցով։ Ըստ իրավապաշտպան գրասենյակի կայքէջի, դեռեւս վաղ հասակից Վ.Հ.-ի մոտ առկա է եղել ծնկի ոսկրի գերաճ, ինչի պատճառով նրա ծունկը չի ծալվում։

2016 թ.-ին առողջական վիճակի հետազոտություն անցնելով «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում` նրա մոտ ախտորոշվել էր «Աջ ազդոսկրի ս/3-ի միջային մակերեսին ոսկրաաճառային էկզոստոզ, խորհուրդ է տրվում վիրահատական բուժում», որի հիման վրա Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից տրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչից բուժման նպատակով տարկետում` 1 տարի ժամկետով:

2017թ.-ին նույն ախտորոշումը ստանալուց հետո եւս Վ.Հ.-ն 1 տարի ժամկետով տարկետման իրավունք է ստացել։ 2018 թվականի մայիսին՝ հերթական զորակոչի ժամանակ, Վ. Հ.-ն առողջական վիճակի հետազոտություն է անցնում «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ում՝ ստանալով նույն ախտորոշումը՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովն ուղեգրել է լրացուցիչ եւ ստուգիչ հետազոտության՝ պատճառաբանելով, որ առողջական վիճակի հետազոտման ակտում ֆունկցիայի խանգարման աստիճանը նշված չէ: ԿԲՀ-ն իր եզրակացության մեջ նշում է, որ զորակոչիկն ունի ֆունկցիայի աննշան խանգարում, ինչի հիման վրա էլ, համաձայն ՀՀ կառավարության թիվ 404-Ն որոշման 47-րդ հոդվածի Գ կետի, ճանաչվել է սահմանափակումով պիտանի՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2018 թ.-ի ամառային զորակոչի համար, սակայն հրաժարվել է մեկնել զինվորական ծառայության, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ։

Իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնելով իրավական աջակցությունը՝ հանգել էր հետեւյալին. «Հերթական անգամ գործ ունենք առողջական հիմքով զորակոչիկի իրավունքի հնարավոր խախտման փաստի հետ, որը հնարավոր եղավ կանխել իրավական աջակցության տրամադրման միջոցով»: Ստացվել էր այնպես, որ երկու անգամ նույն առողջական խնդրով զորակոչիկը տարկետում էր ստացել, հաջորդ զորակոչին, առանց առողջական վիճակի որեւէ փոփոխության, ճանաչվել էր «սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը»:
2020թ. սեպտեմբերին Վ.Հ.-ն հետազոտություն է անցնում «Արմենիա» բժշկական կենտրոնում: 2021 թվականի փետրվարին Վ. Հ.-ին տրվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչից բուժման նպատակով տարկետում 5 ամիս ժամկետով։ 2021 թվականի մարտի 30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան եւ Վ.Հ.-ի իրավապաշտպան Հայկ Հակոբյանը դիմել է ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին` Վ.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելու համար` այլեւս իրավաբանական ուժ չունեցող Կենտրոնական բժշկական հանձնաժողովի 12.07.2018 թ. եզրակացությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից երեք անգամ տարկետում տրամադրելուց հետո պետք է ճանաչել պիտանի, սահմանափակումով պիտանի կամ ոչ պիտանի զինվորական ծառայության համար. Վ.Հ.-ն տարկետում ստացել է 2016 եւ 2017 թթ.-ին, իսկ 2018 թ.-ի ամառային զորակոչին ԿԲՀ եզրակացությամբ տրամադրվել է տարկետում բուժման նպատակով, հետեւաբար 2020 թ.-ի ձմեռային զորակոչին առողջական վիճակի հետազոտության արդյունքներով Վ. Հ.-ն, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, պետք է ճանաչվեր ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Այս տարի՝ 2021թ.-ի ամառային զորակոչի ժամանակ Վ.Հ.-ն կրկին ներկայացվել է ԿԲՀ նիստին, եւ ըստ առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների` ԿԲՀ եզրակացությամբ ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար` համաձայն ՀՀ կառավարության թիվ 104 որոշման 38-րդ հոդվածի Դ կետի։

Վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ Վ.Հ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը` կարճվել` հանցակազմի բացակայության հիմքով։

Ըստ ՀՔԱՎ իրավապաշտպան գրասենյակի. «Կանխվեց նաեւ զինվորական պարտականությունների ոչ պատշաճ կատարման ու դրա հետեւանքով հնարավոր խնդիրների առաջացումը զինվորական ծառայության ընթացքում, որոնք կարող են ավարտվել ընդհուպ մահվան ելքով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031