Լրահոս
Օրվա լրահոսը

Մալոռուս դերասանուհիները Շուշիում

Հուլիս 30,2021 12:30

Շուշին 1902թ. հոկտեմբերին

Հոկտեմբերի սկզբին Շուշիում տեղացել են անձրեւներ եւ եղանակը աստիճանաբար սկսել է ցրտել. «Բաւական ժամանակ է, որ մեզ մօտ եղանակներն անձրեւային են եւ սաստիկ ցրտեր են լինում, այժմ քաղաքիս փողոցներով առանց ցեխի մէջ մի արշին խրուելու անցնել չի լինում, քաղաքային վարչութեան առողջապահական յանձնաժողովը բոլորովին ուշադրութիւն չէ դարձնում այս հանգամանքի վրայ, կարծես թէ դրա մասին հոգ տանելը իւր պարտքը չէ: Էլ ինչու համար են դրանք ռոճիկներ ստանում: Անձրեւային եղանակներն ու վաղահաս ցրտերն արգելք են դառնում երկրագործ դասակարգի աշնանացանքսը սկսելուն, չնայելով, որ ցանքսը ցանելու գրեթէ կէս ժամանակն անցել է, սակայն շատ գիւղեր այդ հանգամանքի պատճառով մինչեւ օրս դեռ ոչինչ չեն ցանել»:

Հոկտեմբերին Շուշի են այցելել մալոռուս (Ռուսական կայսրության հարավ-արեւմտյան որոշ մասերում բնակվողները դեռեւս միջին դարերից անվանվել են մալոռուսներ, որոնք ներկայիս ուկրաինացիներն են) դերասանուհիներ՝ մի քանի ներկայացումներ տալու համար: Թղթակիցը զարմացել է նրանց աշնանային այցելությունից եւ նշել, որ արդյո՞ք կունենան հաջողություն. «Մալօրօս դերասանների մի խումբ եկել է Շուշի մի քանի ներկայացումներ տալու, Խանդամիրեանի թատրօնում: Այս առաջին անգամն է, որ աշնանը շուշեցիների համար սկսվում է ներկայացումների մի զեզօն: Բայց ամենից հետաքրքրականը այն է, թէ մալօրօսները ի՞նչ աջողութիւն կունենան մեզանում: Դժուար թէ նրանք կարողանան շուշեցիներին սթափեցնել աշնանային քաղցր նիրհից, այն շուշեցիներին, որոնք ամբողջ ամառը քնած էին, երբ տեղի ունէին մեր տաղանդաւոր դերասանուհի՝ Սիրանոյշի ներկայացումները: Յամենայն դէպս աջողութիւն ենք ցանկանում օտար դերասաններին»:

Սակայն, անգամ աշնանային բուռն աշխատանքներին, մալոռուսների ներկայացումները անցել են բազմամարդ հանդիսականներով, որի համար էլ նրանք իրենց ելույթները մի քանի պիեսներով երկարաձգել են. «Ներկայումս մեզ մօտ գտնւում է մալոռոսական դերասանուհիների մի խումբ եւ սկսել է ներկայացումներ տալ. ներկայացումները թէ մուտքի եւ թէ խաղի կողմից աջող են անցնում, այնպէս որ ամեն մի ներկայացումից զուտ արդիւնք վերցնում են 140-160ր.: Եթէ այսէս յաջող անցնէ, դերասանական խումբը մտադիր է, իւր որոշած պիէսներից զատ (5 պիէս են որոշել ներկայացնելու) ուրիշ մի շարք պիէսներ էլ ներկայացնելու»:

Մալոռուսները դժվարությամբ են բաժանվել շուշեցիներից, նրանք նոյեմբերի 4-ին Խանդամիրյանի թատրոնի դահլիճում տեղի սիրողական դերասանների հետ ներկայացրել են իրենց վերջին ՝ հրաժեշտի ներկայացումը. «Ծրագիրը շատ ճոխ էր կազմված. կային նաեւ պարեր, թէ եւրօպական եւ թէ ասիական: Հայ սիրողները ներկայացրին «Երկու քաղցածները» վօդըվիլը, որ անցաւ շատ աջող եւ ուրախ: Իր խաղով եւ արտասանած մի քանի աջող կուպլետներով առաւէլապէս աչքի էր ընկնում պ. Բալայեանը: Պարոնը առաջին անգամը չէ, որ ապացուցանում է, թէ իրան լաւ ապագայ է խոստանում: Նրա խաղը մի հասարակ սիրողի տպաւորութիւն չէ անում, այլ մի ընդունակ դերասանի: Մուտքի կողմից ներկայացումը բաւարար էր: Առհասարակ մալօրօսները չը պէտք է անբաւական մնան Շուշուց. Շուշին այն արաւ, ինչ որ կարող էր անել, այն էլ աշնան ժամանակ, երբ շուշեցին գիշերները ցրտի եւ ձիւնի պատճառով մինչեւ անգամ չէ յաճախում իր սիրած կլուբը եւ ամբողջ գիշերներով զրկված է մնում կանաչ սեզոնից»:

Եղիշե Բաղդասարյան

Հոկտեմբերին Բաքվում մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել շուշեցի Եղիշե Բաղդասարյանը, որի համերգից զուտ արդյունք մնացել է 450ռ.: Երգահան, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Եղիշե Բաղդասարյանը ծնվել է 1881թ. Շուշիում: Նախնական կրթությունը ստացել է Ռեալական ուսումնարանում, այնուհետեւ 1901-ից՝ Պետերբուրգի կոնսերվատորիայում Ա. Լյադովի երաժշտական դասարանում: Կովկասի հայաբնակ քաղաքներում (Բաքու, Արմավիր, Շուշի եւ այլուր) կազմակերպել է երգչախմբեր եւ ժողովրդական գործիքների նվագախմբեր, որպես խմբավար եւ դիրիժոր հանդես է եկել համերգներով: Հիմնադրել է Մոսկվայում հայկական երգչախմբային ընկերությունը եւ գլխավորել նրա գործունեությունը (1910թ.): Երաժշտության տեսության դասեր է տվել Լազարյան ճեմարանում: Բաղդասարյանի մասնակցությամբ կազմվել եւ 1903 թ. Պետերբուրգում հրատարակվել է Հ. Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմը»:

Նրա երգերից լայն ժողովրդականություն են վայելել «Աղջի բախտավոր» եւ «Կործանեցավ չարն իսպառ» խմբերգերը, «Մի՛ լար, բլբուլ) երգը եւ այլն:

Իսկ մեկ ուրիշ շուշեցի էլ՝ Գ. Մելիք-Կարագյոզյանը, այդ ամսում, Թիֆլիսի երրորդ ընտրողական շրջանում, ընտրվել է քաղաքային դումայի ձայնավոր (դեպուտատ):

Հոկտեմբերի 13-ի կեսօրին, Շուշին ցնցվել է երկրաշարժի հարվածներից. «միջակ ցնցում տեղի ունեցաւ»: Ինչպես հայտնի է, այդ տարի Շուշիում երկրաշարժ էր զգացվել նաեւ հունվարի 31-ին, փետրվարի 2-ին, 25-ին եւ այլ օրերին:

Ղազանչեցոց եկեղեցու աջ մասում Ագուլեցոց եկեղեցին է

Հոկտեմբերին Ագուլեցոց եկեղեցու երեցփոխը մի շարք լրագիրներում հայտարարություն է տարածել եկեղեցու մի քահանայացուի համար: Հետագայում եկեղեցու ծխականները ժողովում քննարկել են մի քանի քահանաների դիմումները եւ բոլորն էլ մերժել են:

Այդ առիթով թղթակիցը գրել է, որ երեցփոխի հայտարարություններն ապարդյուն են. «Ապարդիւն եմ ասում յատկապէս նրա համար, որ նոյն իսկ այն ժողովը, որ կայացաւ քահանայութեան առաջարկուող անձերի նամակները կարդալու եւ որոշում կայացնելու համար, ոչ մի դրական հետեւանքի չհասաւ, որովհետեւ 10-15 անձերի ուղարկուած նամակներից ոմանք առաջարկում էին ռոճիկ տարին 1000-1500 րուբլի, որ Շուշիում դժուար ընդունելի բան է, ուստի մերժուեցան, իսկ միւսներից շատերին, որոնք յայտնում են, որ աւարտած են Գէորգեան ճեմարանը եւ թեմական դպրոցները, ոչ ոք չճանաչեց, թէ դրանք ո՞վքեր են, ի՞նչ բնութեան, վարք ու բարքի տէր եւ այլն, ուստի սրանց խնդիրներն էլ ժողովը թողեց անհետեւանք եւ որոշեց յայտարարութիւնը մի քանի անգամ էլ տպագրել տալ, մինչեւ որ դուրս գայ իրենց ցանկալի անձնաւորութիւնը, որ միեւնոյն է, թէ շարունակել ուռկանը ձգել ծովը, մինչեւ որ դուրս գայ ոսկի ձուկը: Ոսկի ձուկը հարկաւ դուրս չի գայ, դրսից ստացած նամակների տէրերին էլ շուշեցիները դժուար թէ ճանաչեն եւ այդպիսով ոչ մի դրական հետեւանքի չեն հասել եւ յայտարարութիւնները կանցնեն միանգամայն ապարդիւն: Յայտարարութիւններով քահանայացու որոնելը նորաձեւութիւն է եւ այդ միայն մի թեմում է կատարւում. այդ մասին բողոքներ եղան, իբրեւ առաքելական մեր եկեղեցու սկզբունքին բոլորովին հակառակ մի նորութեան դէմ: Քահանայացուն ընտրւում է ծխականներից ձայների բազմութեամբ եւ առաջադրւում է ի ձեռնադրութիւն: Ընծայացուն իւր բոլոր յատկութիւններով պէտք է ծանօթ լինի ծխականներին, հակառակ դէպքում, եթէ այդ տեսակ ընծայացու դժուար լինի գտնել. պէտք է դրսինը մեծ զգուշութեամբ եւ երկարատեւ քննութեամբ միայն ընտրել, որպէսզի յետագայում դժգոհութեան առիթ չլինի: Սակայն շուշեցիք իզուր դրսից են ուզում ընծայացու ընտրել, քանի որ իրենց մէջ լաւերը եւ ընդունակնները կան, թէ ճեմարանաւարտ եւ թէ դպրոցաւարտ, որոնք յայտնի են իրենց հեզ բնաւորութեամբ, պարկեշտ վարք ու բարքով եւ այլլն: Ինչո՞ւ դրանցից չընտրել»:

Գրիգորիս եպս. Գառնակերյան

Հոկտեմբերին Շուշիի երկու գրագիր կոնսիստորականների դեմ ուղղված բողոքի հարցով Սբ Էջմիածին էր այցելել Արցախի թեմի առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոս Գառնակերյանը: Այդ խնդրով Վեհափառ Հայրապետը որոշում է քննիչ հանձնաժողով ուղարկել Շուշի՝ կոնսիստորիայի եւ թեմի բոլոր գործերը քննելու համար: Թղթակիցը նշել է, որ «Յուսանք նշանակուած քննիչն անաչառութեամբ կը քննէ այդ գործը»:

Շուշիում նոր քաղաքային դպրոցի սեփական շենք կառուցելու համար թույլատրվում է Կովկասի խոշոր քաղաքներում շուշեցիների մեջ հանգանակություն կատարել: Նշված է, որ շինությունը կազմելու է մոտ 40 հազար ռուբլի: Եվ վերջում, Շուշիի թղթակիցը գրել է, որ հոկտեմբերի 21-ին գիշերվա ժամը 11-ին չարագործները (անշուշտ՝ թուրքերը) հարձակվել են Եւլախից Շուշի գնացող հանրակառքի վրայ եւ կողոպտել ուղեւորների ունեցած բոլոր իրեղենները: Իսկ նույն ամսին Շուշիի Վերին թաղի Սբ Հովհաննես եկեղեցուց գողացվել են 3 արծաթե խաչեր եւ այլ եկեղեցական իրեր:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
29.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031