Թուրք-ադրբեջանական տանդեմի «դուդուկի» տակ պարող, Բաքվի ու Անկարայի թելադրանքները կյանքի կոչող Ռուսաստանը գործում է ընդդեմ Հայաստանի շահերի
Անսպասելի ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես Մոսկվան, Անկարան եւ Բաքուն շտապում են
Կա՞ որեւէ մեկը, որի համար հուլիսի 28-ին ադրբեջանական հարձակումը Հայաստանի տարածքի նկատմամբ անսպասելի էր… Տեղի ունեցածը ոչ միայն անսպասելի չէր, այլեւ նույնիսկ խիստ սպասելի՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի վերջին՝ «զանգեզուրյան» հայտարարությունները ու Մոսկվայի հետ միասնական դիրքորոշում ունենալու նրա արձանագրումը:
Դրան հետեւեցին արդեն իրադարձություններ, որոնք պետք է ցույց տային Ռուսաստանի կողմից Հայաստանի հետ «խոսելու» պրոցեսը: Այդպես էլ եղավ: Հուլիսի 26-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ հեռախոսազրույց ունեցավ, քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Իսկ մեկ օր անց՝ հուլիսի 27-ին արդեն տեղեկություն ստացվեց, որ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է ՀՀ Պնախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի հետ: Տեղեկությունը հայտնեց «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Երեւանի ռազմական-դիվանագիտական իր աղբյուրին, սակայն հանդիպման մանրամասները, քննարկված թեմաները չհրապարակվեցին:
Իրականում, Ալիեւի մոսկովյան վերջին այցից հետո պարզ էր, որ Հայաստանի նկատմամբ ճնշումները մեծացել են, եւ Մոսկվան ու Բաքուն չեն ցանկանում սպասել: Ի՞նչ էր դրա համար հարկավոր: Ալիեւը Մոսկվայից վերադառնալուց հետո ցույց տվեց ռուս-ադրբեջանական դիրքորոշումների նույնականությունը, ու անմիջապես գործի անցան՝ նոր բախումներ, նոր ռազմական գործողություններ, նոր զոհեր:
Ակնհայտ է, որ Մոսկվան ու Բաքուն շտապում են, նրանց չի գոհացնում Արեւմուտքի կողմից ԼՂ խնդրով բանակցությունների շարունակման անհրաժեշտության մասին, ավելին՝ ԼՂ-ի կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտարարությունները: Մոսկվան ու Բաքուն կենտրոնացած են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ քարտեզագրման հրամայականի ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացների վրա, եւ նրանց դուր չեն գալիս Հայաստանից՝ «միջանցքային» թեմաները բացառելու, Հայաստանի տարածքում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը դատապարտող գնահատականները: Եվ որպեսզի հայերը սթափվեն՝ հարցը տեղափոխվեց «գործնական» դաշտ՝ «չեք համաձայնում խաղաղ ձեւով, կստանանք ուժով»:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի դիրքորոշումն անկյունաքարային է
Մոսկվան ու Բաքուն շատ արագ մոբիլիզացրեցին ուժերը: Նրանք արդեն ստացել էին ազդակներ եւ համարում են, որ իրենց ծրագրերը կարող են խափանվել: Այս առումով խիստ կարեւոր էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի բացառիկ հարցազրույցը՝ «Ազատությանը», որում նա արձանագրեց, որ Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը: Նա նախ շեշտեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մի փուլ էր, բայց հիմա պետք է ամրապնդել խաղաղությունը, ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսել քաղաքական գործընթաց։ «Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությանը, մենք, բնականաբար, պատրաստ կլինենք քննել հայկական իշխանությունների կողմից մեզ ուղղված բոլոր հայտերը։ Իհարկե պետք է հաշվի առնենք որոշ իրողություններ. Ֆրանսիան եւ Հայաստանը միեւնույն ռազմական ալյանսների անդամներ չեն։ Ընդհանուր առմամբ, մեր դերն ապագա պատերազմին պատրաստվելը չէ։ Մեր դերը նոր հակամարտությունից խուսափելն է եւ քաղաքական գործընթացում ուղեկցելն է, որը թույլ կտա տարածաշրջանում խնդրահարույց հարցերի վերջնական լուծում»,- նշել էր Ժոնաթան Լաքոտը:
Առաջիկայում սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը տարածաշրջան, Ֆրանսիան հնարավորություն է տեսնում խոսել կողմերի հետ եւ ապահովել միջնորդի դերը, նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական գործընթացին։ Չափազանց կարեւոր է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող Ֆրանսիայի դեսպանն արձանագրում է հետեւյալը. «Տեսնում ենք, որ այս հակամարտության արդյունքում մի շարք հարցեր բաց են մնացել։ Ռազմագերիները, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Մի քանի հարյուր կիլոմետրանոց նոր սահմանը, որն այսուհետ գոյություն ունի երկու երկրների միջեւ։ Եվ ընդհանուր առմամբ, բուն Ղարաբաղի հարցը։ Տեսնում ենք, որ այս հարցերը լուծված չեն։ Ուստի, կողմնակից ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվի քաղաքական գործընթաց։ Մի գործընթաց, որը Մինսկի խմբի համանախագահները կոչված են ուղեկցելու։ Հայաստանի եւ տարածաշրջանի համար անվտանգության լավագույն երաշխիքն այս տարբեր կետերի բանակցային ճանապարհով լուծումն է։ Այսօրվա դրությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հարցերի շուրջ խոսելու համար բոլոր կողմերի կողմից ճանաչված միակ մարմինն է»։
Լաքոտը շեշտել էր. «Կա մի իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի բանակցություններով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։
Ֆրանսիայի դեսպանն իր հարցազրույցում բացեց մեկ այլ կարեւոր թեմա. «Ֆրանսիան կողմնակից է Ղարաբաղում միջազգային ավելի լայն ներկայության։ Այժմ միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն է այնտեղ ներկա եւ կատարում է գերազանց աշխատանք։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի գործակալությունները նույնպես կոչված են ներկա լինելու Լեռնային Ղարաբաղում»։ Ճշգրտող հարցին՝ Ֆրանսիան աշխատում է, որպեսզի միջազգային նոր կառույցներ, միգուցե՝ երկրներ ներգրավված լինեն Ստեփանակերտում, գրասենյակներ ունենան Ստեփանակերտում, Ժոնաթան Լաքոտը հավելել էր. «Դա, ի դեպ, հենց նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որը, մասնավորապես, նշում է Փախստականների հարցով գերագույն հանձնակատարին։ Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանսիան պայքարում է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը նույնպես կարողանա այցելել Ղարաբաղ։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղում միջազգային ներկայությունը կնպաստի բնակչության բարեկեցությանը, ինչպես նաեւ անվտանգությանը»։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ թուրք-ադրբեջանական հայտարարություններին, ապա դեսպանը հստակ ընդգծեց, որ պետք է վանել «միջանցք» արտահայտությունը. «Միջանցքները» շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգի միջանցքը։ Մենք կարծում ենք, որ պետք է աշխատել հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա, որը ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ որը նախատեսում է տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ հաղորդակցության տարածաշրջանային ուղիների վերականգնում։ Ֆրանսիան լիովին պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների գործարկման ուղղությամբ»: Այնուհետեւ նա հավելել էր. «Միջանցքները վատ հիշողություններ են թողել միջազգային իրավունքում։ Մենք այլեւս մի այնպիսի աշխարհում չենք, որտեղ ստեղծում ենք միջանցքներ ուրիշների տարածքների հաշվին։ Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր սահմանները կոչված են բացվելու։ Մի աշխարհում, որտեղ մարդիկ կարող են տեղաշարժվել, կարող է տեղի ունենալ ապրանքաշրջանառություն։ Հենց այսպես էր, որ կառուցեցինք Եվրոպական միությունը։ Ստեղծելով նախեւառաջ պետությունների միջեւ փաստացի համերաշխություն։ Մի համերաշխություն, որի շնորհիվ այսօր պատերազմը ոչ միայն անհնարին է, այլեւ՝ լրիվ աբսուրդ»։
Հայաստանը պետք է արագ գործի
Անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենան հուլիսի 28-ի զարգացումները, Ռուսաստանի միջնորդությամբ ինչ համաձայնություններ կլինեն, Հայաստանի իշխանությունները պարտավոր են մեր պետության ինքնիշխանության դեմ վերջին 2 ամիսների փաստերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման կազմակերպման հասնել:
Թուրքիան ու Ադրբեջանը՝ Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, շարունակում են դրսեւորել թշնամական գործողություններ, եւ ակնհայտ է, որ Մոսկվան դրան չի հակազդելու, ու արդեն կարեւոր էլ չէ՝ ՌԴ-ն չի կարող, թե չի ցանկանում դա անել, կա հստակ իրադրություն, պետք է գործել դրան համարժեք: Մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը պահանջում է նոր ու համարժեք գործողություններ: Այն, որ գոյություն ունի միասնական թուրք-ադրբեջանական բանակ, ռազմաքաղաքական դաշինք՝ ստորագրված Շուշիի հռչակագրով, ակնհայտ է արդեն մի քանի ամիս, որքան էլ դա Հայաստանի «ռազմավարական դաշնակցին» չի անհանգստացնում:
Հետեւաբար, Հայաստանի իշխանությունները մեզ պարտադրված այս նոր իրավիճակում ստիպված են նոր դաշնակից ձեռք բերել՝ Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու նպատակով: «Էժան զենք»՝ Հայաստանի ու Արցախի տարածքների հաշվին բանաձեւով Ռուսաստանի հետ «ռազմավարական» հարաբերությունները բավական ծանր նստեցին Արցախի ու Հայաստանի վրա: Մեզ հարկավոր է ոչ միայն զենք, այլեւ՝ իրական դաշնակից: Կարելի է ձեռք բերել փոքր-ինչ թանկ զենք, սակայն ունենալ՝ իրապես ռազմավարական դաշնակից:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.07.2021
Հարյուր տարի առաջ բրիտանացիները հրեաներին խաբելուց եւ թուրքիայի դեմ պատերազմում օգտագործելուց հետո հայտարարեցին՝եթե արաբական թերակղզում նեղացող պետք է լինի՝թող լինեն հրեա երը