Գեղարքունիքի Գեղամասար համայնքի Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչների, Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքների խախտումները
Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից:
Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտսվայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա:
Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են:
Կարդացեք նաև
Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:
Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի է ունեցել բնակիչների 80 խոշոր եղջերավոր կենդանիների գողությունը, որոնք այդպես էլ մարդկանց չեն վերադարձվել, ինչպես նաև սպանել էին 4-ին: Խոսքը 5 ընտանիքի պատկանող կենդանիների մասին է:
Կրակոցների պատճառով պարբերաբար խախտում են Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքները, վնաս է պատճառվում ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը:
Այս ամենը նշանակում է, որ անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ:
Բոլոր տեղերում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց խաղաղ ու բնականոն կյանք :
Ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:
Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Կութ և Նորաբակ վարչական շրջանների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին:
Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան