Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում Զառիթափ գյուղում
2021թ. հուլիսի 28-ին Վայոց ձորի Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ:
Հայրենիքի համար մղվող պայքարում անմահացած զառիթափցի հերոսների կյանքը ներկայացրին նրանց հարազատները, ընկերները և դպրոցի սաները՝ մեզ փոխանցելով նրանց պատմությունը, սխրագործությունները և երազանքները:
Կարդացեք նաև
Միջոցառումն ուներ նաև մեկ կարևոր առաքելություն: Համայնքի բնակիչ Արթուր Հարությունի Ղարիբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար: Մեդալը հերոսի կնոջը հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ իր խոնարհումը հայտնելով Ղարիբյան և բոլոր հերոս զինվորների ընտանիքներին:
Արթուր Ղարիբյանը ծնվել էր 1985թ. Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում: Ամուսնացած էր և ուներ երեք երեխա: Ծառայում էր Վայքի զորամասում, որպես պայմանագրային զինծառայող: Վայքի գնդի հետ մեկնել էր Ջրական, որտեղ և զոհվել է: Միայն վերջերս հայտնաբերվեց նրա մարմինը և հանձնվեց հայրենի հողին:
Հավերժ փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:
Վայոց Ձորի մարզպետարան