Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են ծախսել պատերազմի ժամանակ հավաքագրված գումարները․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի պարզաբանումը

Հուլիս 29,2021 21:12

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահի Հայկակ Արշամյանն այն կարծիքին է, որ 44 օրյա պատերազմի ժամանակ հիմնադրամն անտեղի է քննադատության ենթարկվել, և սկսվել էր արշավ հիմնադրամի, Սփյուռքի ու  բարերարների դեմ։

Նա նշեց, որ հիմնադրամ դրամական մուտքերը շարունակվում են և երբևէ նման պատկեր չեն ունեցել, որ ողջ տարին գումար հանգանակվի։

«2020 թվականին մենք մի քանի դրամահավաք-արշավներ ենք արել, մեկը քովիդի հետ կապված, մյուսը՝ Տավուշի մարտերի ժամանակ, Լիբանանի պայթյունի ժամանակ և նաև պատերազմի ժամանակ բավական մեծ գործ ենք արել։ Իսկ պարբերական մուտքերը պարբերական վճարումների արդյունքն են, որովհետև մենք կայքով հնարավորություն ենք տալիս մեր դոնորներին ամեն ամիս իրենց քրեդիտ-քարտից որոշակի գումար ուղղակի փոխանցել հիմնադրամին, որը մեխանիկական կերպով է կատարվում, մուտքերը գալիս են»։

Ու քանի որ անվստահություն էր ստեղծվել հիմնադրամի նկատմամբ, որը պատերազմի ժամանակ հանգանակված գումարները փոխանցել էր կառավարությանը, երկիր նախագահն առաջարկել էր աուդիտ անցկացնել։

Հայկակ Արշամյանն ասաց, որ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ առանձին մի հանձնաժողով է ստեղծվել՝ բաղկացած հոգաբարձուների խորհրդի անդամներից, նրանք արդեն իսկ ունեն ձևավորված կարծիք աուդիտի մասին, կներկայացնեն հոգաբարձուների խորհրդին, որը օգոստոսին որոշում կկայացնի։

«Ֆինանսների նախարարությունից ունենք հաշվետվություն՝ թվերի, մուտքերի և կառավարության որոշումներին համապատասխան, այդ հաշվետվությունը նայել է  աշխատանքային խումբը, հանձնաժողովում նաև ես եմ։ Հանձնաժողովն ունի իր ձևավորած կարծիքը, ուստի կարծում եմ այդ հարցը հոգաբարձուների խորհրդի որոշումներով կավարտվի։ Որոշում կկայացվի, հանրությունն անպայման կտեղեկանա»,-ասաց Հայկակ Արշամյանը։

Թե կոնկրետ ի՞նչ նպատակի համար են ուղղվել պատերազմի ժամանակ հանգանակված գումարները, պաշտոնյան նշում է․«Ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության, այդ գումարներն ուղղվել են առողջապահական, սոցիալական այն բոլոր խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են ռազմական դրությամբ և նաև պատերազմի հետևանքով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031