Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ:
Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն այս հատվածում ամենանվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ:
Շարունակվում են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր:
Կարդացեք նաև
Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են:
Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:
Այսինքն`ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:
Ադրբեջանական տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են:
Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան