Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ սահմանափակում կգործի հանրային ծառայողների, պետական աշխատողների նկատմամբ, որոնք չեն ցանկանում պատվաստվել

Հուլիս 29,2021 17:22

«Հենց Հայաստան գա պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ մենք Վրաստանին կվերադարձնենք պատվաստանյութը, որը Վրաստանը մեզ տրամադրելու է»,-այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով, տարիներ առաջ Վրաստանում կարմրուկի բռնկման դեպքերի ժամանակ Հայաստանը կարմրուկի դեմ պատվաստանյութ տրամադրել է Հայաստանին, հետո նրանք վերադարձրել են:

Անահիտ Ավանեսյանի տվյալներով, այս պահի դրությամբ իրականացվել է 163 000 պատվաստում: Ըստ նրա, պատվաստվելու հարցում լավ ցուցանիշներ ցույց տվող մարզերից են Շիրակը, Գեղարքունիքը, Արագածոտնը, Արմավիրը։ «Պատվաստվածների թվի առումով մեր արդյունքները գոհացուցիչ չեն, բայց մեզ գոհացնում է պատվաստվել ցանկացողների՝ անընդհատ աճող տեմպը, պատվաստումների նկատմամբ վստահությունը մեծանում է»,-ասաց նա:

Լիտվայի կառավարությունը, ըստ տիկին Ավանեսյանի, ՀՀ-ին կտրամադրի «ԱստրաԶենեկա»-ի 27 000 դեղաչափ: Նա նշեց, որ նախնական մտահոգությունները, ապատեղեկատվությունը պատճառ են եղել, որպեսզի քաղաքացիները պատվաստման հարցում, նախնական շրջանում այդքան ակտիվ չլինեն: Անահիտ Ավանեսյանի խոսքով սակայն, բոլոր երկրները այս խնդրին առնչվել են, բայց օրեցօր ցուցանիշները փոփոխվում են։

Թե ինչպիսի սահմանափակումներ են սպասվում, որոնց մասին խոսել էր կառավարության նիստում, նախարարի պաշտոնակատարն ասաց. «Այս պահին մեր կողմից առաջարկվել է հանրային ծառայությունների, պետական կառավարման ոլորտի այն աշխատակիցների համար, որոնք հենց իրենք են ռիսկի խմբից, եթե պատվաստման սերտիֆիկատ չեն ներկայացնում, ապա ժամանակ առ ժամանակ պետք է ներկայացնեն թեստավորման բացասական պատասխան, որ ռիսկի չենթարկեն այլոց»:

Դիտարկմանը, որ օտարերկրացիները ՀՀ-ում ոչ միայն անվճար պատվաստվում են, այլեւ կորոնավիրուսի դեմ բուժվում, տիկին Ավանեսյանն ասաց, որ այն հանրային վտանգավոր վարակ է, որը տարածման մեծ թվերի պարագայում պարալիզացնում է ոչ միայն առողջապահական համակարգը, այլեւ երկիրը. «Նման պարագայում, ինչպես շատ այլ երկրներ, մենք նույնպես ապահովում ենք կորոնավիրուսով հիվանդ բոլոր քաղաքացիների բուժումը, որոնք գտնվում են ՀՀ-ում»:

Նրա խոսքով, ՀՀ սահմանը կարող են հատել այն քաղաքացիները, որոնք ունեն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստված են։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031