Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարքունիքի գործողություններով շեղում են, որպեսզի Երասխում նորից ուժեղ հարձակում լինի». Տիգրան Չոբանյանը՝ սահմանային լարվածության մասին

Հուլիս 29,2021 17:09

«Սրանք հենց այնպես կրակոցներ չեն, կոնկրետ ռազմական օպերացիաներ են, մարտավարական նշանակություն ունեցող, հեռուն գնացող պլաններ, նույնիսկ նրանց նահանջը նույնպես ծրագրված գործընթաց է»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայահավաք» շարժման խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում սահմանային հատվածում վերջին երկու օրվա ընթացքում ծավալվող մարտերին:

Նա հիշեցրեց՝ երեք տարի անընդմեջ ասում են այն մասին, որ այս կառավարությունն այս կազմով եկել է հատուկ հայկականությունը, հայությունը, հայկական պետականությունը ոչնչացնելու համար: Ըստ նրա՝ ինչ հերոսություններ էլ գործենք, միևնույն է, չենք կարող դուրս գալ այս իրավիճակից, քանի դեռ չենք ազատվել այս իշխանություններից:

Դիտարկելով սահմանային սրացումները՝ պահեստազորի գնդապետն ասաց. «Եթե ուշադիր լինեք՝ որ հատվածում են գնում սրացումները, կտեսնեք, որ դա ուղիղ գիծն է Ջերմուկի տակով, որը հենց կտրեցին, ամբողջ Վայոց ձոր, Վայք, Զանգեզուր, Մեղրի, Սյունիք ամբողջն անցնելու է ադրբեջանական հսկողության տակ: Երասխից հարվածում են, մտածում են, որ ճանապարհից կվախենան, ժողովրդի տեղաշարժը կլինի դժվարացված, հետևաբար կապը Սյունիքի հետ կսկսվի աստիճանաբար ընդհատվել, դրա հետ միասին կսկսվեն ընդհատվել տարաբնույթ մատակարարումները դեպի Սյունիք, այն կհայտնվի մեկուսացված վիճակում և Սյունիքն արագ տեմպով կսկսի աղքատանալ, կսկսվի արտագաղթ: Մյուս կողմից՝ այսօր քիչ թե շատ ռուսական զորամիավորումներ կան Սյունիքի և Ադրբեջանի արանքում կանգնած այդ հատվածում: Նախիջևանի սահմանային գծով չունենք ռուսական զորքեր, հետևաբար հասկանալի է, չէ՞՝ որտեղից է ավելի շատ հեշտ խփելը: Շեղում էին Գեղարքունիքում գործողությունները, որպեսզի Երասխում նորից ուժեղ հարձակում լինի»:

Ըստ Տիգրան Չոբանյանի՝ ամենավատն այն է, որ 44-օրյա պատերազմի սցենարը կրկնվում է: Նա մտահոգություն հայտնեց. «Մարդիկ ընդհանրապես թքած ունեն. նույն բառապաշարը, նույն ձևաչափը, նույն գործողությունների շարքը, դրանց հերթականությունը, դրանց մասին խոսելը, արդարանալը, մոռացության տալը, մանիպուլյատիվ ձևերով մարդկանց շեղելը»:

Անդրադառնալով ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին,  թե «ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան», Տիգրան Չոբանյանն ասաց. «Միջանցքի անունը դրել են կոմունիկացիա: Վստահ եմ՝ ոչ թե կոմունիկացիա, այլ կոնկրետ տարածք է տալիս՝ 5-25 կմ միջանցք, Վերին Շորժայից Երասխով ուղիղ գիծը քաշում ես, ուզում է այդ մեկ գիծը տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031