Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում 34 կողմ, 2 դեմ եւ 2 ձեռնպահ ձայներով ընդունվեցին քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքային միավորների դրույքաչափերը, որով, ըստ էության, քաղաքապետից մինչեւ ստորին օղակների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում։ Որոշումը վերաբերում է նաեւ վարչական շրջանների աշխատակազմերին։
Որոշման նախագծի համահեղինակ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ 2000 աշխատակիցների աշխատավարձեր են վերանայվում։ Քաղաքապետարանի գլխամասի համայնքային ծառայողների աշխատավարձերն առաջարկվում է բարձրացնել մոտ 38.01%-ով, վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերն էլ՝ մոտ 32.46%-ով, սա միջինացված ցուցանիշներ են։
Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ 2012 թվականին միջին աշխատավարձը կազմել է 140 հազար դրամ, 2021 թվականին՝ 195 հազար դրամ․ «Սա նշանակում է բոլոր հարկ վճարող քաղաքացիների՝ պետական կամ մասնավոր հատվածում աշխատողների բոլորի աշխատավարձերն ու եկամուտներն, ըստ մեր տնտեսության աճի տեմպերի, աճել են 38․87%։ 2011 թվականից հետո համայնքային ծառայողների աշխատավարձերն աճել են 0%-ով։ Եվ հենց այդ պատճառով է, որ մենք ստիպված ենք եղել ինդեքսավորումն անել պարգեւավճարի ֆոնդով»։
Լեւոն Հովհաննիսյանը ավագանու անդամներին, այդ թվում՝ քաղաքապետին, կոչ արեց կողմ քվեարկել այս նախագծին։
Կարդացեք նաև
Օրեր առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր․ «Աշխատավարձերի բարձրացումը համակարգային առումով հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաեւ քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից եւ կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»։
Այսօր ի պատասխան Լեւոն Հովհաննիսյանի կոչի, պարոն Մարությանն ասաց՝իմ հայտարարությունն արել եմ, եւ դա արտացոլում է իմ սկզբունքները, որը ես ամենախիստ ձեւով պետք է պահպանեմ։ Հայկ Մարությանը չմասնակցեց քվեարկությանը։
Ըստ այս որոշման, քաղաքապետի աշխատավարձը կդառնա 1,320,000 դրամ, նրա առաջին տեղակալինը՝ 1,020,000 դրամ, մյուս 4 տեղակալներինը՝ 952,000 դրամ։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը կդառնա 850,000 դրամ։
Իսկ օրինակ` քաղաքապետարանի վարչությունների պետերի ամսական աշխատավարձը կկազմի 697,000 դրամ, տեղակալներինը՝ 476,000, վարչության գլխավոր մասնագետինը՝ 323,000, առաջատար մասնագետինը՝ 289,000, առաջին կարգի մասնագետինը՝ 272,000 դրամ։ Քաղաքապետարանի բաժնի պետերի աշխատավարձն էլ կդառնա 408,000 դրամ։ Վարչական շրջանների բաժնի պետերի, տեղակալների եւ մասնագետների աշխատավարձերը քաղաքապետարանի համապատասխան հաստիքների դրույքաչափերից տարբերվում են, ավելի ցածր են, համապատասխանաբար՝ 387,600, 326,400, 289,000 դրամ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ