Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը հեղինակություն վայելող պետությունը քթի պզուկ սարքեց, որը պետք է ճզմել եւ հեռացնել, որովհետեւ բացի պրոբլեմից, Հայաստանը ոչինչ իրենից չի ներկայացնում». Արմինե Ադիբեկյան

Հուլիս 29,2021 16:23

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ը հստակ վարկաբեկելու եւ քայքայիչ միտում ունեն. «Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը»:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում այս առնչությամբ նշեց, որ ՀԱՊԿ-ը կարող է օգնել ՀՀ-ին պայքարել արտաքին թշնամու դեմ, բայց երբ իշխանությունները ձեռքերը վեր են բարձրացրել ու սպասում են ՀԱՊԿ-ի օգնությանը, ՀԱՊԿ-ը ոչինչ չի անի. «Փաշինյանն առաջին հերթին հաշմանդամ է դարձնում Հայաստանի ռազմական, ինտելեկտուալ կարողությունները: Բանակը, որը չի պաշտպանում իր սեփական սահմանները, դա անիմաստ օրգան է, որը չորանալու է ու թափվի: Մենք ապրում ենք թշնամական միջավայրում, չենք կարող մեզ թույլ տալ չունենալ բանակ: Նա բերում է օտարերկրյա կասկածելի լոյալության տեր երկրի ռազմական ուժերը, որոնք ՀՀ ամբողջ երկայնքով պիտի պաշտպանեն ՀՀ սահմանը: Նկատի ունեմ ՌԴ-ին: Նա այսօր իրեն հռչակում է Հայաստանի պաշտպան, վաղը կարող է ասել՝ գիտեք ինչ, Ադրբեջանն ու Թուրքիան ավելի հետաքրքիր պայմաններ են առաջարկել, մենք գնացինք: Նա Հայաստանը սարքում է հաշմանդամ, որն ի վիճակի չի իրեն սնել: Մենք չենք կարողանում մեզ պաշտպանել, որովհետեւ մեզ պաշտպանում է ռուսը, ջրային ռեսուրսների վրա նստած է Ադրբեջանը, ՀՀ-ի գոյությունը իմաստազրկվում է, որովհետեւ մենք ի վիճակի չենք սպասարկել մեր գոյությունը: Մենք դառնում ենք տարածաշրջանի ուսերի վրա բեռ: Կասեն ինչի՞ համար ձեզ հաց ու ջուր տանք, պաշտպանենք, մտեք մեր սահմանի մեջ, դարձեք թալիշ, ազգագրական ինչ-որ փոքրամասնություն, մենք ձեզ կուտացնենք, կխմացնենք, երգեք, պարեք, խաչքար տաշեք՝ ապրեք: Ձեզ պետականություն պետք չի, որովհետեւ պետականությունը ենթադրում է պատասխանատվություն; Եթե ես իմ շահը չեմ պաշտպանում, ոչ ոք իմ շահը չի պաշտպանի, որովհետեւ բեռ ոչ ոք չի սիրում, բեռից ուզում են ազատվել»:

Ադիբեկյանն ասաց, որ 3 տարի առաջ Հայաստանն աշխարհում ուներ բարձր մակարդակի հեղինակություն. «Նիկոլ Փաշինյանը հեղինակություն վայելող պետությունը սարքեց բեռ, քթի պզուկ սարքեց, որը պետք է ճզմել եւ հեռացնել, որովհետեւ բացի պրոբլեմից, Հայաստանը ոչինչ իրենից չի ներկայացնում: Հայաստանը սկի իր սեփական գոյատեւման ու գոյության հեռանկարներն ի վիճակի չի լուծել, նա սուբյեկտից վերածվել է օբյեկտի ու մտածում է ում տա պարենային անվտանգությունը, ում տա տարածքային ամբողջականության, կոմունիկացիոն ու մնացած բոլոր հարցերը: Դրա համար մինչեւ ՀԱՊԿ-ին մեղադրելը նա պետք է մեզ բոլորիս մի հատ отчёт տա՝ ի՞նչ է ինքը արել, որ այդ պրոբլեմները չեզոքացնի, բացի նրանից, որ ջանասիրաբար Ադրբեջանի շահերն է պաշտպանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031