Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որտեղ քննարկվում էր քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների, նաեւ քաղաքապետի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերի բարձրացման մասին որոշման նախագիծը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանն առաջարկեց աշխատակիցների աշխատանքի գնահատման մեխանիզմ ներդնել։ Նրա ներկայացմամբ՝ հավելյալ օգուտ տվող լավ աշխատողները, որոնք արժանի են աշխատավարձի բարձրացմանը, կնեղսրտեն, որ ինքն ու իրեն հավասար հաստիքային դրույքաչափով այլ աշխատակիցը նույն չափի աշխատավարձ են ստանում։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ի պատասխան ասաց, որ այս պահին բոլոր փոխքաղաքապետերն ունեն իրենց գնահատման մեթոդները, եւ մարդիկ գնահատվում են ըստ իրենց կատարած աշխատանքի։ Քաղաքապետը նաեւ ասաց, որ հանձնարարական կտա աշխատակազմի ղեկավարին, որպեսզի աշխատանքի գնահատման ընդհանուր մեթոդ մշակվի։
Հայկ Մարությանի խոսքով՝ համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ նույն դասային կարգի աշխատողները նույն աշխատավարձն են ստանում․ «Հիմա այստեղ ձեւն այն է, որ մարդը կամ աշխատում է լավ եւ օգուտ է տալիս համայնքին, կամ եթե օգուտ չի տալիս, դուրս է գալիս համակարգից, փորձում է այլ վայրում աշխատանք գտնել, նրա փոխարեն բերում ենք ավելի լավ աշխատողի։ Ես այս հարցերին խիստ եմ մոտենում եւ հայտարարել եմ՝ մենք չենք հանդուրժելու մարդկանց, ովքեր չեն ուզում աշխատել, անհավես են աշխատում։ Ոչ ոք իրենց չի պարտադրում աշխատանքի։ Խնդրեմ, կարող եք դուրս գալ, ոչ ոք ձեզանից չի նեղանա, գնացեք ձեզ աշխատանք այլ վայրում գտեք։ Վերջերս բավականին շատ թեկնածուներ կան՝ վատ իմաստով, որոնք լավ չեն աշխատում, ներկայացված են ինձ եւ աշխատակազմի ղեկավարին, նրանք պետք է փոխարինվեն լավ աշխատակիցներով»։
Նիստում «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանն էլ, թեեւ հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին, սակայն որոշ կասկածներ ունի։ Նա ասաց, որ կողմ է քվեարկելու, որպեսզի մաքրուհիների աշխատավարձը բարձրանա, ոչ թե, ասենք՝ վարչական շրջանների ղեկավարների։ Տիկին Խաչատրյանը կասկած հայտնեց, որ այս նախագծով իշխող ուժը փորձում է իր թիմակիցներին բարձր աշխատավարձ տա, իսկ թիմակիցներն էլ վարչական շրջանների ղեկավարներն են, վարչության պետերը, որոնց աշխատավարձերը մոտ 100%-ով են բարձրանում, իսկ սովորական աշխատողներինը՝ մոտ 30%-ով։ Նա ասաց, որ բարոյական չէ Հայաստանում տիրող այս իրավիճակում նման նախագիծը հրատապ ներկայացնել արտահերթ նիստով․«Ո՞ր արժանիքի համար եք վարչական շրջանի ղեկավարների աշխատավարձն այդքան բարձրանում, երբ օրինակ քաղաքաշինության վարչության պետն ավելի շատ է աշխատում, օր ու գիշեր աշխատում է, իսկ վարչական շրջանի ղեկավարը գնում, թուղթ է ստորագրում եւ վայելում իր պաշտոնը»։
Կարդացեք նաև
Հայկ Մարությանը պարզաբանեց՝ ինձ համար աշխատանքում չկան կուսակցություններ, կան լավ եւ վատ մասնագետներ․ «Փաստեմ, որ Երեւանի քաղաքապետի 4 տեղակալներն անկուսակցական են, վարչության պետերի 99%-ն անկուսակցական են, վարչական շրջանների ղեկավարների մոտ 80%-ն անկուսակցական են»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ