Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք կբերվեն Sinopharm և Pfizer ընկերությունների պատվաստանյութեր, Արագածոտնի մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր

Հուլիս 29,2021 15:36

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում: Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։

Կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի (տարեկան՝ 2,160 հազ. մարդ/օր)։ Նմանատիպ հանգստյան վայրերում 1 հաճախորդի միջինում անցկացնելիք ժամանակը գնահատվում է 4 օր, հետևաբար համալիրը հնարավորություն կունենա սպասարկելու տարեկան միջինը շուրջ 500 հազ. հաճախորդի։ Կանխատեսվում է, որ 1 հաճախորդի կողմից ծախսը միջինում կկազմի 100 հազար դրամ, ինչը նշանակում է, որ համալիրի կառուցման արդյունքում կլինի տարեկան լրացուցիչ շուրջ 20 մլրդ դրամի ծառայությունների ծավալի ավելացում։ Գնահատվում է, որ համալիր ի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն այլ հավասար պայմաններում կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Արդյունքում պետբյուջե կվճարվի ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

Ծրագրի իրականացման հետագա փուլերում նախատեսվում է ընդլայնել համալիրը՝ ներառելով այլ ծառայություններ ևս: Ընկերությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Նոր ներդրողներ ներգրավելու միջոցով ընկերությունը նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում։

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց: Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները:

Օրենսդրական նախաձեռնություններ. կսահմանվեն պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող ուսանողների որոշակի այլ խմբեր

Կառավարությունը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում՝ կառավարությանը կվերապահվի լիազորություն սահմանելու պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող ուսանողների որոշակի այլ խմբեր, կապահովվի բարձրագույն և հետբուհական մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ընդգրկված խմբերի մեծացումը, սոցիալական տարբեր խմբերի համար հավասար մատչելիության բարձրացումը: Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կառավարությանը կտրվի հնարավորություն սահմանելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր, ինչպես նաև նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից՝ լրիվ կամ մասնակի:

Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, գործող կարգերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները: Վահրամ Դումանյանը նշել է, որ բացի օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերի ուսման վարձի հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44 օրյա ռազմական գործողությունների հետևանքներով: «Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներ, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կառավարությունը կհաստատի համապատասխան կարգեր, որոնցով կկանոնակարգվեն այդ խմբերի ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը՝ ինչպես նաև կամրագրվեն առաջադիմության շեմեր (բուհերում՝ ՄՈԳ): Ըստ այդմ՝ կնախատեսվեն համապատասխան փոխհատուցման չափերը՝ նպատակ ունենալով խրախուսել և կարևորել նաև սովորողների առաջադիմությունը, ապահովել կրթության որակը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ օրինագծի ընդունման պարագայում, նախատեսվում է, որ որոշակի առաջադիմություն ունեցող սովորողների ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող, 2022 թվականին օգտվողների թիվը կկազմի 6800, 2023 թ.-ին՝ 6000, 2024թ.-ին՝ 4600:

Վահրամ Դումանյանը հիշեցրել է նաև, որ կառավարության որոշմամբ իրականացվում է նաև առանձին միջոցառում 44 օրյա պատերազմի մասնակից ուսանողների, նրանց զավակների և ամուսիների 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման մասով, որից օգտվել է արդեն իսկ շուրջ 7074 շահառու, ինչի համար տրամադրվել է 1 մլրդ 464 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդունված որոշման կարևոր առանձնահատկություններին և այդ համատեքստում ընդգծել սոցիալական և կրթական քաղաքականությունների միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելու կարևորությունը: «Չի կարելի կամ առնվազն նպատակահարմար չէ կրթության ոլորտում հենվել բացառապես սոցիալական բաղադրիչի վրա, որովհետև դրա սոցիալական հետևանքներն իրականում շատ ավելի վատ են, քան՝ լավ: Եթե մենք ուղղակի մարդուն օգնում ենք, որպեսզի մնա, օրինակ՝ բարձրագույն կրթական համակարգում, և պատշաճ կրթություն ստանալու մոտիվացիաներ չենք դնում, ապա դրանով նրա սոցիալական հարցը ոչ թե լուծում ենք, այլև՝ խորացնում: Ցավոք, այդ մարդիկ շատ հաճախ համալրում են այն կատեգորիայի շարքը, որը, ժողովրդական լեզվով ձևակերպված հետևյալն է՝ բարձրագույն կրթությամբ չի կարողանում աշխատանք գտնել: Հետևաբար, մեր նպատակադրումը պետք է լինի, ոչ թե մարդկանց դիպլոմով, այլև՝ կրթությամբ ապահովելը: Այս առումով մենք այդ փորձն ունեցանք կորոնավիրուսի համավարակի հակաճգնաժամային միջոցառումներով, երբ ներդրեցինք առաջադիմության հետ կապված կրթության վարձի վճարումների աջակցության ծրագիրը: Ա յո՛, նաև դրա համար շատ քննադատության արժանացանք, բայց մենք ճիշտ ենք վարվել և պետք է շարունակենք գնալ այդ ուղղությամբ: Այո՛, պետությունը պետք է օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպետք է օգնի այն մարդուն, ով ցանկանում է ստանալ դիպլոմ, սրանք բոլորովին տարբեր բաներ են»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջին մասնագիտական կրթության գրավչության բարձրացման հարցը. «Ցավոք, մեր վերջին 30 տարվա պատմության ընթացքում տեսել ենք մի իրավիճակ, երբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններն այնքան են մեծացել, որ միջին մասնագիտական ոլորտը կանգնել է կոլապսի առաջ, որովհետև շատ հաճախ մարդիկ արձագանքում են պարզ բանաձևի՝ ինչու ստանալ միջին մասնագիտության կրթություն, եթե կարելի է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ: Եվ, հետևաբար, այս ուղղությունը մենք պետք է քայլ առ քայլ ավելի խստացնենք , չափորոշիչներն ավելի բարձրացնենք: Եվ, իհարկե, պետք է կրթական հնարավորություններն ընդլայնենք, որպեսզի մեր բուհերը լինեն ոչ թե ուսման վարձ հավաքող հիմնարկություններ, այլ լինեն պատշաճ, մրցունակ կրթություն ապահովող հաստատություններ, ինչը մեր ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկն է»:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Եվրամիության կողմից տրամադրվող 2,6 մլրդ եվրոյի փաթեթում ներառվել են նաև միջին մասնագիտական կրթությունը խթանող ծրագրեր. «Հույս ունենք, որ դրա իրագործման արդյունքում մեծ քանակի մասնագետներ կունենանք, որոնք կամ իրենց սեփական փոքր, միջին բիզնեսը կսկսեն, կամ էլ կլրացնեն այդ ոլորտում առկա թափուր աշխատատեղերը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը և հավելել, որ ներկայումս նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ պատրաստվում է տնտեսության համապարփակ վերլուծություն, որը հնարավորություն կտա սկսել կրթության համակարգին տնտեսության պահանջարկին համահունչ կրթական պատվեր տալու գործընթաց:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս ուղղությունը կապված է կոնկրետ իրադրության հետ. Հայաստանի Հանրապետությունում ունենք բավական մեծ ծավալի գործազրկություն, մյուս կողմից ունենք աշխատուժի ներգրավման պրոբլեմ մի շարք ոլորտներում: Ընդ որում, խոսքը տարբեր որակավորման մասնագիտությունների մասին է, բայց լավ մասնագետների լուրջ պրոբլեմ կա բոլոր ոլորտներում: Մենք դա անընդհատ արձանագրում ենք մեր վերլուծություններով, գործարար միջավայրի հետ մեր շփումներով: Այս պրոբլեմն իր արմատներով հասնում է կրթական համակարգին և կրթական համակարգ նկատմամբ վերաբերմունքի մշակույթի հետք է առնչվում: Եվ, այո, պետք է արձագանքենք այն պահանջներին, որոնք արձանագրվում են տնտեսության մեջ»:

Չզեկուցվող հարցերի փաթեթով հավանության է արժանացել նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ: Արդյունքում՝ խաղային բնագավառում կապահովվի միասնական քաղաքականություն և կսահմանվի հավասար մրցակցային պայմաններ, պահանջներ: Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհամապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը մի քանի անգամ հետաձգել է այդ նախաձեռնությունը՝ հաշվի առնելով ոլորտից, բիզնեսից եկող խնդրանքները, դիմումները: «Բայց սա մեր ռազմավարական մոտեցումն է։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք նախկինում սահմանափակել ենք բուքմեյքերական կետերի աշխատանքը, նաև շահումով խաղերի գործունեությունը գազալցակայաններում և մի շարք այդպիսի տեղերում։ Այս որոշումները կայացրել ենք քաղաքացիների հետ ունեցած հաղորդակցության արդյունքում, այսինքն՝ քաղաքացիների հետ մեր հաղորդակցության արդյունքում է ձևավորվել նման կարգավորման անհրաժեշտությունը։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ մենք որևէ մեկին չենք կարող և չենք էլ ուզում արգելել, որ նա գնա խաղատուն, բայց չենք ուզում, որ հավելյալ միջոցներ լինեն, որոնք մարդուն կգայթակղեն դեպի խաղատուն։ Գիտեմ, որ այստեղ կա քննադատություն, կան շահարկումներ, կան նույնիսկ մեղադրանքներ, բայց մենք այս ուղղությամբ գնալու ենք և թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել»,-նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դրա նպատակը ոչ միայն քաղաքացիներին պաշտպանել ն է, այլև՝ խաղատնային բիզնեսի իմիջը բարելավելը, որ ընկալվի ոչ թե որպես որոգայթ մարկանց համար, այլ ուղղակի ժամանցի հնարավորություն, սպասարկման ոլորտ։

Ձեռք կբերվեն Sinopharm և Pfizer ընկերությունների պատվաստանյութերը. պատվաստանյութ ստացողների թիվը կավելանա ևս 10 տոկոսով

Գործադիրն ընդունել է որոշում՝ կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով պատվաստանյութերի անխափան մատակարարման ապահովմամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ ներկայում Հայաստանը COVAX FACILTY-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակում հնարավորություն ունի ձեռքբերելու COVID-19-ի դեմ պատվաստանյութ: Հանրապետությունում COVID-19-ի կանխարգելման շրջանակում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10 տոկոսով (500000 դեղաչափ, 250000 անձ` 2 դեղաչափով): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար: Ըստ այդմ՝ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակի համար կհատկացվի 3 մլրդ 459 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է պատվաստումների գործընթացից:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է. «Մենք 163 հազար պատվաստում ենք իրականացրել։ Իհարկե, այս որոշման շրջանակում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը ևս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ պատվաստվեն: Դա կարևորագույն երաշխիք է աշնանը՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին, ունենալ ավելի շատ պատվաստված անձինք։ Մենք նաև նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք կառավարության դատին։ Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրները և սահմանափակումների, և՛ խրախուսման որոշ գործիքակազմ են կիրառում և փորձում են հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ։ Եթե նախկին շտամերի պարագայում բնակչության թիրախային ցուցանիշ վերցվում էր 65 տոկոսը պատվաստման համար, ներկայումս այս «դելտա շտամի» պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ խորհուրդ է տալիս երկրներին, պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելի։ Գիտեք, որ տարածաշրջանում բավականին լարված իրավիճակ ունենք, ցավոք, հարևան Վրաստանում ևս համաճարակային իրավիճակ լարված է։ Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք։ Ուստի պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս միտումը պահպանվի և կտրուկ աճ չունենանք։ Երեկվա դրությամբ ունեցել ենք 233 նոր դեպք, կատարվել է ընդհանուր առմամբ 5930 թեստավորում»։

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է պատվաստման գործընթացի կարևորությունը: «Պետք է արդյունավետ շարունակենք իրականացնել պատվաստանյութերի ձեռք բերումը և պատվաստման գործընթացը։ Այս համատեքստում պետք է շատ ակտիվ համագործակցենք մեր գործընկերների հետ, նաև փոխադարձ օգնության և աջակցության մեր ավանդույթները շարունակենք պահպանել։ Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ, մասնավորապես, Վրաստանի հետ մենք բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ ունենք, պատվաստանյութերի փոխանակման առումով։ Ուզում եմ մեծ գոհունակությամբ նշել և շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությունը, որ որոշում են կայացրել 50 հազար դոզա պատվաստանյութ նվիրել, փոխանակման կարգով, Հայաստանի Հանրապետությանը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ համագործակցությունը կարևոր է, որովհետև երկու երկրների քաղաքացիների միջև առկա է ակտիվ հաղորդակցություն և համավարակի դեմ պետք է միասնական պայքարել:

Անահիտ Ավանեսյանն էլ հավելել է, որ երեկ Լիտվայի կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությանը ևս 27 հազար դեղաչափ պատվաստանյութ նվիրաբերելու որոշումը. «Այսինքն, այս գործընթացը շարունակական է։ Բոլոր երկրները փորձում են մեկը մյուսին օգնության միջոցով հավասարության սկզբունքն ապահովել, քանի որ համավարակը սահմաններ չի ճանաչում, և բոլորս պետք է միասնական ուժերով փորձենք այն հաղթահարել»:

Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը

Կորոնավիրուսի և ռազմական դրության հետևանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման, մասնավորապես՝ աշնանացան ցորենի արտադրությանը և սերմարտադրությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020 թ. 2019 թ. համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 տոկոսով և 17 տոկոսով։ Վերջին տարիներին հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2019 թ. այն կազմել է 25,9 տոկոս 2015 թվականի 49,5 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 280,2 – 349,7 հազար տոննա ցորեն։ Կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության հետևանքների մեղմման նպատակով անհրաժեշտություն է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակը և նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Գործող ծրագրի շրջանակում նախատեսված էր շուրջ 5000 տոննա աշնանացան ցորենի սերմերով ցանքի իրականացում։ Փաստացի պետական աջակցությամբ իրացվել է շուրջ 4100 տոննա։

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողների ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագրի ռիսկերը մեղմելու նպատակով պարտադիր պահանջ է դրվել միայն պիտակավորված, ախտահանված և ՀՀ–ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի վաճառքն ու ցանքը: Ծրագրին չեն կարող դիմել կառավարության համապատասխան որոշումների շրջանակում արձանագրված խախտումներ կատարած մատակարարները և/կամ շահառուները։ Բացի այդ փոփոխվել է նաև ցանքատարածությունների նվազագույն և առավելագույն թույլատրելի շեմը՝ 2-20 հա–ի փոխարեն 1-100 հա և նախկին 7 մարզի փոխարեն ընդգրկվել ն ՀՀ բոլոր մարզերը։ Որոշման ընդունման կապակցությամբ 2021 թ. պետբյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 329,0 մլն դրամ։ Արդյունքում հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի կբարձրանա՝ շուրջ 30 տոկոսով։

Այլ որոշումներ. խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարությունը բավարարել է «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 995.3 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության շուկայավարման քաղաքականության հիմնական ուղղվածությունն է՝ արտահանման ծավալներով առաջատար դիրք զբաղեցնել Հայաստանում. արտադրանքի 80 տոկոսը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994.1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

Գործադիրի որոշմամբ Տավուշի մարզի համայնք Արծվաբերդի 257.42 քառ. մետր մակերեսով արհեստանոցը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Արծվաբերդի մանկապարտեզին: Ներկայումս համայնքապետարանը վերանորոգում է արհեստանոցի շենքը՝ նախադպրոցական կրթություն կազմակերպելու նպատակով։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031