Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գնել Սանոսյանը չի կարող ասել՝ երբ կտեղակայվեն ռուս զինվորականները, բանակցությունները որ փուլում են

Հուլիս 29,2021 15:22

«Փոխհրաձգություն տեղի է ունեցել գիշերը եւ լուսադեմին՝ այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախորդ գիշեր թեժ մարտեր էին ընթացել»,-կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի խոսքով՝ ունենք 1 վիրավոր ուսի շրջանում, որին վիրահատել են եւ վիճակը լավ է:

Ռուս խաղաղապահներ, ըստ մարզպետի դեռ չեն տեղակայվել այդ հատվածում՝ ինչպես որ նախատեսվում էր:

Թե երբ կտեղակայվեն ռուս զինվորականները, բանակցությունները որ փուլում են, շարունակվո՞ւմ են արդյոք դրանք, վարչապետի նշած ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը Գեղարքունիքի հատվածում ինչ փուլում է՝ հարցերին ի պատասխան Գնել Սանոսյանն ասաց, որ բանակցությունների մանրամասների ընթացքի մասին չի կարող ասել, քանի որ ինքն ի պաշտոնե չի զբաղվում այդ խնդիրներով. «Բայց որոշակի գործընթաց եղել է եւ կա, որովհետեւ նաեւ եղել են մեզ մոտ՝ որոշակի դիտարկումներ, հատվածներ՝ թե որտեղ կարող են տեղակայվել, որից ես տեղյակ եմ եղել: Հիմա բանակցություններն ինչ փուլում են՝ չեմ կարող ասել»:

Մարզպետն ասաց, որ ռուս սահմանապահների տեղակայման վայրը նախատեսված է Սոթք-Խոզնավար հատվածում:

Հարցին՝ ինչո՞ւ են փակել Կութ գյուղի մուտքը լրատվամիջոցների համար, Գնել Սանոսյանը պատասխանեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով. «Գիտեք, որ Կութի տարածքում մայիսի 13-14-ից կա որոշակի առաջխաղացում եւ հաշվի առնելով, որ նախորդ գիշեր սահմաններին գրանցվել էր փոխհրաձգություն, դրա արդյունքում որոշում է կայացվել փակել»:

Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները նշում են, որ չունեն արոտավայրեր եւ ստիպված են էժան գներով վաճառել անասուններին, մարզպետն արձագանքեց. «Ոչ թե արոտավայրեր չունեն, այլ կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարություններ կան, ինչը բերել է արոտավայրերի չափի կրճատման։ Բացի այդ, այս տարի ողջ հանրապետությունում կա խոտի պակաս, ինչը նշանակում է, որ ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ: Այո, այդպիսի խնդիր կա: Մենք որոշ տեղերում բանակային կորպուսի հետ համագործակցել ենք և նրանք աջակցել են, որ եւ անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, եւ նաեւ խոտի հավաքման պրոցես»:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում դպրոցականների համար սեպտեմբերից անվտանգ կրթական գործընթաց կազմակերպելուն՝ Գնել Սանոսյանը նշեց, որ այս պահին դեռեւս նման քննարկում չեն ունեցել. «Նախկինում եղել են դեպքեր, երբ նման դեպքերում ուսուցումը տեղափոխել ենք հեռավար, օրերը մոտենան, ըստ իրավիճակի՝ որոշում կկայացնենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031