Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր ավագանու արտահերթ նիստում քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման որոշման նախագծի վերաբերյալ տարակուսանք հայտնեց։ Նրա համար տարօրինակ է, թե ինչո՞ւ են այս նախագիծը հիմա բերել քննարկման․ «Երեք տարի է՝ այդ խնդիրը կա, մնացինք երեք տարի ու բերվեց արտահերթ նիստով, ինչը շատ տարօրինակ է, որովհետեւ արտահերթ նիստի գաղափարը քաղաքի համար հրատապ հարցերն են։ Ինչո՞ւ հիմա, այն էլ ավագանու արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում բերել աշխատավարձերի բարձրացման նախագիծ, գումարած այս ծանր վիճակը, որում հիմա մեր հանրապետությունն է գտնվում, երբ բոլորիս հայացքն ուղղված է դեպի սահման։ Նման օրակարգ բարձրացնելը տարակուսելի է ինձ համար եւ կարծում եմ՝ հրատապության մասին պարզաբանելու կարիք ունեք։ Ինչո՞ւ շտապ, կարո՞ղ է սեպտեմբերին ավագանին լուծարելու մտադրություն կա, օրինակ՝ վարչատարածքային փոփոխության միջոցով լուծարելու ծրագիր կա եւ հիմա հրատապ ուզում եք այս աշխատավարձերի հարցը լուծել, նոր անել լուծարումը։ Ինձ շատ են գրում եւ հարցնում՝ կարո՞ղ է ուզում են ցրել ավագանին»։
Նախագծի համահեղինակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Հովհաննիսյանը լուծարման մասին ասաց՝ այս նախագիծը դրա հետ կապված որեւէ բան չունի․ «Ես չեմ ուզում ասեկոսեներ մեկնաբանել»։
Լեւոն Հովհաննիսյանն ասաց՝ այն գումարները, որոնք որպես աշխատավարձ կամ աշխատանքի վարձատրում տրամադրվում է, այդ բոլոր միջոցների հանրագումարը չի փոխվելու, հետեւաբար, բյուջեն չի ավելացվում, պարզապես բյուջեի վերաբաշխում է տեղի ունենում․ «Որն, ըստ էության, հիմնական աշխատավարձի բաղադրիչի բարձրացում է, եւ քանի որ բոլորի մոտ դիսոնանս կա կապված բոլորին պարգեւավճարներ տրամադրելու հետ, ականջի համար հաճելի չէ այդ բառը, հիմա տեղաբաշխում ենք եւ սարքում հիմնական աշխատավարձի գործոն, որովհետեւ դա այս համայնքի ծառայողների աշխատավարձի մասն է 2011 թվականից։ Մենք չենք ուռճացնում բյուջեն»։
Ինչ վերաբերում է, թե ինչու են նախագիծը արտահերթ նիստով բերել, պարոն Հովհաննիսյանն ասաց՝ որպեսզի ժամանակ լինի այն ծավալուն քննարկելու համար։
Կարդացեք նաև
Տիկին Աբգարյանին այս պատասխանը չբավարարեց։ Նա նախագծի հիմնավորմանը համաձայն է՝ լավ մասնագետներ ներգրավելու համար պետք է համարժեք աշխատավարձ լինի։
Նիստի սկզբում քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա չէր, նա մի փոքր ուշացումով միացավ եւ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին, քաղաքապետարանի եւ ավագանու անունից զորակցություն հայտնեց զինված ուժերին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից