Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավորի հետ բանակցությունների շնորհիվ կարողացանք այգին վերադարձնել համայնքին ու սկսել այս շինարարությունը». քաղաքապետն այցելել է Երևանի բարեկարգվող այգիներ

Հուլիս 29,2021 13:46

Երևանի քաղաքապետարանը բարեկարգման ծավալուն ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի հանգստի գոտիներում: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է շուրջ 3 հա տարածք զբաղեցնող «Նոր Արաբկիր» զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգի» անունով:

«Նոր Արաբկիր զբոսայգին երբևիցե չէր հիմնանորոգվել, այժմ մեծածավալ աշխատանքներ ենք սկսել: Մինչ աշխատանքներին անցնելը, կցանկանայի նշել, որ մասնավորի հետ բանակցությունների շնորհիվ կարողացել ենք այնպես անել, որ վերադարձնենք համայնքին ու սկսենք այս շինարարությունը: Աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով»,- ընդգծում է քաղաքապետը:

Համալիր բարեկարգմամբ հանգստի գոտին կապահովվի ոռոգման նոր համակարգով ու արտաքին լուսավորության նոր ցանցով, կտեղադրվեն էներգախնայող ԼԷԴ լուսատուներ, կկառուցվեն թեքահարթակներ, կվերագործարկվեն շատրվաններն ու ջրթափները, կվերանորոգվի «Նոր Արաբկիր» հուշարձանը, կբարեկարգվեն ճեմուղիները: Այգին ապահովված կլինի նստարաններով, զրուցարաններով, կկառուցվեն սանհանգույցներ:

Քանաքեռ ՀԷԿ թաղամասի զբոսայգում բարեկարգման ծրագիրն արդեն ավարտական փուլում է:

Զբոսայգու ընդարձակ կանաչ գոտին ոռոգելու նպատակով կառուցվել է հատուկ ջրավազան և անցկացվել ճնշումային ոռոգման համակարգ: Բարեկարգվել են ճեմուղիները, կառուցվել են թեքահարթակներ, համերգային հարթակ, ավազածածկ խաղահրապարակ, հանգստի գոտին ապահովվել է ժամանակակից գեղարվեստական լուսավորությամբ, տեղադրվել են զրուցատաղավարներ, նստարաններ ու աղբամաններ: Իհարկե, նաեւ նոր ծառեր են տնկվել:

Շրջայցի ընթացքում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը նաև մի շարք դիտարկումներ արեց:

«Կան աշխատանքներ, որոնք պետք է շտկվեն: Այդ բոլոր դիտողություններն արել եմ և վարչական շրջանին, և մեր կանաչապատման կազմակերպությանը, և շինբարեկարգման վարչությանը: Իրենք այդ ուղղությամբ կաշխատեն, որ վերջնական՝ 100%-ով հանձնենք մեր բնակչությանը: Ընդհանուր առմամբ, գոհ եմ, բավականին մեծ տարածք է և արդեն մարդիկ իրենց հանգիստն են վայելում այստեղ»,- ասում է Հայկ Մարությանը:

Մարտիրոս Սարյանի անվան պուրակում ևս բարեկարգման փուլի վերջին շտկումներն են: Հանգստի այս գոտու նորոգումը հնարավոր դարձավ «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ, երբ այն դարձավ հաղթող նախագծերից մեկը:

Շուտով բնակիչների տնօրինմանը կհանձնվի ևս մեկ նոր հանգստի գոտի. Երևանը ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Այն լինելու է Օղակաձև զբոսայգու տարածքում: Այս նախագծին զուգահեռ՝ քաղաքապետարանը նախաձեռնեց նաև զբոսայգու ամբողջ 6-րդ հատվածի բարեկարգումը, որը ևս ավարտական փուլում է:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031