Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակին:
Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.
«Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
ի հեճուկս Հայաստանի Հանրապետության կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության բոլոր առաջարկները: Որպես այդպիսին, ուզում եմ կրկին նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, օրինակ՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Ուզում եմ հիշեցնել, որ մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի սկսելու բանակցային գործընթացն առաջարկվող ֆորմատով:
Կարդացեք նաև
Մենք արտահայտել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս գտնվող հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ լինելու մեր պատրաստակամությունը: Այսուհանդերձ, Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նաև նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները:
Մասնավորապես՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում: Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է:
Ադրբեջանը հետևողական գործողություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման: Ի հեճուկս այն բանի, որ ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո՛չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ:
Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, և վերը հիշատակված ձևակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարևոր հարց է մեզ համար, այլև գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում:
Մեզ համար միանշանակ է և աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն և ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա այդ թվում՝ դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորդակցություն ունենա, այդ թվում՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան:
Այս ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն՝ զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային սահմանային և այլ տեսակի հսկողություններով:
Հաջորդ ուղղությունը, որով Ադրբեջանի գործողությունները հստակ վարկաբեկման և քայքայիչ միտում ունեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է: Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ սրանով փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար սադրիչ գործողություններին զուգահեռ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է իբր սադրանքներ գործելու մեջ:
Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Եվ ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
կրկին ուզում եմ ընդգծել, որ Ադրբեջանի փորձերը՝ ցույց տալ, թե Հայաստանը դեմ է սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացին, որևէ կապ չունեն իրականության հետ: Ընդհակառակը՝ մենք կողմ ենք, ավելին՝ նման գործընթաց մեկնարկելու, տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու մանդատ ենք ստացել սեփական ժողովրդից:
Դեռևս մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում ես բարձրաձայնել եմ մեր պատկերացումները սահմանագծման և սահմանազատման աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Դրանք հետևյալն են՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանային գծից թե՛ հայ, թե՛ ադրբեջանական զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում և սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահմանազատման աշխատանքների մեկնարկ, ինչին մեր պատրաստակամությունը հայտնել ենք բազմիցս:
Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս՝ այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ:
Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած մանդատի՝ մեր կառավարությունը պատրաստվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները մեր տարածաշրջանի անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը ապահովելու համար: Այս գործընթացներն իրականացնելիս մեր կառավարությունը գործելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան:
Շնորհակալ եմ»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ