Այսօրվա դրությամբ մեր երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 163 հազար մարդ: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա վստահեցրեց, որ պատվաստումների նկատմամբ ակտիվությունը անընդհատ աճում է. «Իհարկե, այսօր կառավարության որոշմամբ ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը եւս կխթանի, որ մեր քաղաքացիներն ավելի ակտիվ պատվաստվեն: Դա կարեւորագույն երաշխիք է աշնանը, նոր ուսումնական տարվա սկզբին ունենալ ավելի շատ պատվաստված անձինք: Մենք նաեւ նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք նաեւ կառավարության դատին: Ինչպես տեսնում ենք բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ ե՛ւ սահմանափակումների, ե՛ւ խրախուսման, ե՛ւ փորձում են հնարավորինս ապահովել պատվաստումների բարձր ցուցանիշներ»:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, «դելտա» շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին խորհուրդ է տալիս պատվաստման ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավել:
«Նախկին շտամերի պարագայում բնակչության թիրախային ցուցանիշ վերցվում էր 65 տոկոս պատվաստումը»,-ասաց տիկին Ավանեսյանը՝ նշելով, որ հարեւան Վրաստանում համաճարակային իրավիճակը լարված է. «Մենք Հայաստանում պահպանում ենք կայուն հարաբերական վիճակ, բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս միտումը պահպանվի եւ թվերի կտրուկ աճ չունենանք»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես մտահոգիչ համարեց, որ կորոնավիրուսի թվերն աճում են. «Մենք Վրաստանի հետ բավականին ակտիվ համագործակցության ավանդույթ ունենք պատվաստանյութերի փոխանակման առումով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի կառավարությանը, որ որոշում են կայացրել 50 հազար դոզա պատվաստանյութ փոխանցել Հայաստանին: Սա ըստ էության, նվիրատվություն է, մենք էլ նվիրատվություն կանենք: Այս համագործակցությունը կարեւոր է, որովհետեւ մեր երկրների քաղաքացիների միջեւ ակտիվ հաղորդակցություն կա»:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստանյութի 27 հազար դոզա Հայաստանին կնվիրի Լիտվայի կառավարությունը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ