Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 29-ին հերթական հարցազրույցն է տվել «Առաջին լրատվական»-ին
-Պարոն Թովմասյան, նախ կխնդրեմ անդրադառնանք Հայաստանի սահմանային իրավիճակին։ Ի՞նչ դիտարկումներ ու մտահոգություններ կան Արցախում։
-Ամբողջ գիշեր մտահոգ էինք Հայաստանի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններով։ Վաղ առավոտյան կապվեցի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա նույնպես մտահոգ էր։ Լավ է, որ հայկական բանակը վերահսկում է մեր պետական սահմանները։ Հուսանք՝ իրավիճակն արագորեն կհանդարտվի։
-Մեր լրատվականին տված Ձեր վերջին հարցազրույցը լայն քննարկման առարկա դարձավ։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն արձագանքել է՝ նշելով, որ դուք միշտ առանձնացել եք ձեր դիրքորոշումներով և երբեք նպատակ չեք հետապնդել Արցախի շահերը ծառայեցնել երրորդ երկրի շահերին։ Հարցազրույցին անդրադարձել է նաև lragir.am կայքը՝ նշելով, որ դուք չեք վախեցել և ասել եք ճշմարտությունը։ Կարձագանքե՞ք այս դիտարկումներին։
Կարդացեք նաև
–Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ճիշտ է նկատել, որ ես միշտ առանձնացել եմ նրանով, որ Արցախի շահերը երբեք չեմ պայմանավորել երրորդ երկրի շահերով։ Ես նաև չեմ հաճոյացել ՀՀ և ԱՀ առաջնորդներին։ Մեհրաբյանը գտնում է, որ Արցախում կարծիքները միատարր չեն, կան տարբեր մոտեցումներ՝ խոսքը վերաբերում է պետական կառույցների ղեկավարների մոտեցումներին։ Ես խորհուրդ կտայի, որ այդ պետական կառույցների ղեկավարները զբաղվեն իրենց ոլորտների գործառույթներով, որովհետև այն, ինչ պետք է արվի բանակցային գործընթացում, այդ նույնը ասված է ԱՀ արտգործնախարարին ու երկրի նախագահին և նրանք իրենց գործառույթները իրականացնում են։ Ես ասել եմ և պնդում եմ, որ բանակցային գործընթացը պետք է սկսվի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափում, խոսել եմ նաև օկուպացված տարածքների ու մշակութային ցեղասպանության մասին։ Մեզ համար շատ կարևոր է նաև ռազմագերիների, անհայտ կորածների, բռնի տեղահանվածների ճակատագիրը, բայց դրանք պետք է լուծվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։
Ինչ վերաբերում է lragir.am կայքի պնդումներին, թե Արցախի ԱԺ նախագահը չի վախեցել և ասել է ճշմարտությունը, ասեմ, որ վախի չիպը իմ գլխուղեղից վաղուց հանվել է։
-Պարոն Թովմասյան, դուք ավելի վաղ խոսել էիք ՀՀ խորհրդարանում Արցախի հանձնաժողով ստեղծելու մասին։ Երեկ նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաև Արթուր Վանեցյանը։ Այս պահին տեսնո՞ւմ եք նման անհրաժեշտություն։
-Նախևառաջ շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին։ Ասեմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դռները բաց են բոլոր 105 պատգամավորների համար։ Ինձ համար չկա ընդդիմադիր կամ իշխանամետ պատգամավոր։ Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ու խմբակցություններն այլևս հապաղելու ժամանակ չունեն։ Յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան կառուցելու կամ կերտելու համար։ Յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի երկրի համար այս ծանր ժամանակահատվածում։
Երբ Զարուհի Փոստանջյանը դեռ պատգամավոր էր, ես նրան ասացի՝ մեկ պատգամավոր չպետք է Արցախի ճանաչման հարց բարձրացնի։ Ես գտնում էի, որ 131 պատգամավոր պետք է կողմնակից լիներ Արցախի Հանրապետության ճանաչմանը։ Ինձ ասում էին՝ ուզում եք ճանաչենք, որ պատերազմ վերսկսվի։ Չճանաչեցինք, բայց եղավ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, 2020 թվականի արյունոտ աշունը։ 44 օրում 44 տարով ծերացանք։ Ամեն մի օրը կարող էինք մեկ դարաշրջան համարել։
Այստեղ համոզելու բան չկա։ Առաջին գումարման ժամանակ Արցախի հարցերով հանձնաժողով կար։ Ճիշտ է՝ այն ժամանակ կային նաև Արցախից ընտրված պատգամավորներ։ Իրականում մեր աշխատելաոճում նոր իրողություն է ի հայտ եկել։ Նախքան պատերազմը՝ սեպտեմբերին մենք շատ լավ քննարկում ունեցանք ՀՀ Ազգային ժողովում։ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի հետ բանավոր պայմանավորվածություններ ունեինք, թե ինչպես պետք է կառուցենք մեր աշխատանքները։ Հիմա նոր իրողություն է։ Ես ինքս ուզում էի առաջարկել՝ եթե ոչ մշտական, ապա գոնե ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, մինչև Արցախի կարգավիճակի հարցը լուծվի։ Այս առումով խորհրդարանական դիվանագիտությունը շատ ազատ է։ Կարգավորման հարցով պետք է զբաղվի գործադիրը, իսկ ճանաչման գործընթացով՝Ազգային ժողովը։
Ալեքսանդրապոլի պայմանագրի համաձայն՝ Թուրքիան հայտարարեց, որ Հայաստանը բանակ պահելու անհրաժեշտություն չունի։ Նույնը հիմա լսում ենք Ադրբեջանի նախագահի շուրթերից, որ Արցախը իրավունք չունի բանակ պահելու, որովհետև խաղաղություն է։ Ես խաղաղություն բառի փոխարեն կօգտագործեի լռություն բառը, որովհետև երկարատև խաղաղության համար պետք են քաղաքական լուծումներ, որոնք պետք է տա ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Պետք է նշեմ, որ Արցախի հիմնախնդիրը տարբերվում է բոլոր կոնֆլիկտներից։ ԱՄՆ-ն, օրինակ, վերապահումներ ունի Հարավային Օսիայի ու Աբխազիայի խնդիրների հետ կապված, Ռուսաստանը՝ Կոսովոյի։ Իսկ արցախյան հիմնախնդիրը միակն է, որտեղ այդ երկրները տարաձայնություններ չունեն։ Երբ ես նշում եմ, որ Ադրբեջանը բանակցային գործընթացում ունի սակավաթիվ հաղթաթղթեր, նկատի ունեմ, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը մեր իշխանություններն ունեին այդ սակավաթիվ հաղթաթղթերը։ Հաղթել պատերազմում, դեռևս չի նշանակում հաղթել դիվանագիտության մեջ։ Պայքարի բոլոր արժանապատիվ ձևերն ընդունելի են, երբեմն մենք հանձնվում ենք այն ժամանակ, երբ պետք է դիմադրեինք։ Լավ է լինել կույր, քան՝ անուղեղ։
Ուզում եմ նաև նշել, որ ցանկացած երկիր, որ գտնվում է ֆորս-մաժորային իրավիճակում, արտահերթ ընտրություններով կարող է հաղթահարել այդ վիճակը։ Հայաստանի պարագայում դրանք արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։ Ես բոլորին ասել եմ՝ մենք պետք է հարգենք ՀՀ քաղաքացիների վստահության քվեն։ Երկար տարիներ ես Արցախի խորհրդարանում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, ընկերական հարաբերություններ ունեմ համարյա բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ իշխանությունները, ՀՀ հասարակությունը ևս պետք է հարգի Արցախի ժողովրդի վստահության քվեն։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ Արցախն ու Հայաստանը միևնույն օրգանիզմի տարբեր մասերն են։ Չի կարող օրգանիզմի մասը ցավալ, իսկ մյուս մասը դա չզգալ։
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին