Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանրապես Հայաստանի համայնքապետերն ու ավագանիները ի՞նչ ծավալի օգնություն են տրամադրում իրենց համայնքների բնակիչներին. «Փաստ»

Հուլիս 29,2021 09:00

Իշխանությունները հետևողականորեն քրեական գործեր են հարուցում Սյունիքի համայնքապետների նկատմամբ: Մեղադրանքի մեջ հիմնական «տեղ» է զբաղեցնում քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու գործոնը, ինչը փորձ է արվում որակել որպես ընտրակաշառք: Սա ուշագրավ է այն առումով, որ սոցիալական աջակցություն բոլոր համայնքապետարանները բոլոր ժամանակներում տրամադրել, տրամադրում և տրամադրելու են: Հարցն այն է, թե ինչպես կհաջողվի աջակցություն ստացողից ստանալ հավաստիացում, որ այդ գումարն ինքը ստացել է քաղաքական «աստառով»: Այս ասպեկտով հետաքրքիր է իմանալ, թե ընդհանրապես Հայաստանի համայնքապետերն ու ավագանիները ի՞նչ ծավալի օգնություն են տրամադրում իրենց համայնքների բնակիչներին:

«Փաստ» թերթը հուլիսի 15-ին պատահականության սկզբունքով (մարզից 2 կամ 3) գրավոր հարցում է ուղարկել 17 խոշոր համայնքների ղեկավարների անունով: Խնդրել էինք պատասխանել, թե 2021 թվականի ապրիլ, մայիս և հունիս ամիսներին համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի որոշմամբ որքան քաղաքացիների կամ ընտանիքների է տրամադրվել սոցիալական աջակցություն և ինչ գումարի սահմաններում: Խնդրել ենք տեղեկությունը տրամադրել ըստ ամիսների: Օրենսդրության համաձայն, պատասխանելու ժամկետը լրանում էր հուլիսի 22-ին: Սպասել ենք մինչև հուլիսի 27-ը, սակայն ստացել ենք միայն 10 համայնքապետարանի պատասխան:

Այսպիսով, ըստ համայնքների, ի՞նչ տվյալներ ունենք:

Արարատ. ապրիլին՝ 10 ընտանիքի տրամադրվել է դրամական օգնություն ընդամենը 320 000 դրամի չափով, 6 ուսանողի ուսման վարձ, ընդամենը՝ 140 000 դրամ, մայիսին՝ 27 ընտանիքի դրամական օգնություն, ընդամենը՝ 310 000 դրամ, հունիսին՝ 3 ընտանիքի դրամական օգնություն, ընդամենը՝ 90000 դրամ: Նշյալ ժամանակահատվածում տրվել է նաև 5 ընտանիքի հուղարկավորության ծախս՝ ընդամենը՝ 245 000 դրամ:

Աշտարակ. ապրիլին սոցիալական աջակցություն է ստացել 21 ընտանիք, ընդամենը 915 000 դրամ, մայիսին և հունիսին միասին՝ 26 ընտանիք, ընդամենը 940 000 դրամ: Չարենցավան. ապրիլին ֆինանսական օգնություն է վճարվել 154 քաղաքացու, ընդամենը 2 մլն 60 հազար դրամ, մայիսին՝ 110 քաղաքացու, ընդամենը 1 մլն 720 հազար դրամ, հունիսին՝ 32 քաղաքացու, ընդամենը 540 000 դրամ:

Ճամբարակ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին աջակցություն է տրամադրվել 23 անձի՝ ընդհանուր 850 000 դրամի չափով:

Էջմիածին. նշված ժամանակահատվածում 111 բնակչի տրամադրվել է ընդամենը 5 մլն 560 հազար դրամի (պատասխանում ՝ 5560.0 հազար) ֆինանսական օգնություն, այդ թվում՝ ապրիլին՝ 37 բնակչի, ընդհանուր 1 մլն 800 հազար դրամ, մայիսին՝ 47 բնակչի՝ 2 մլն 325 հազար դրամ, հունիսին՝ 27 բնակչի՝ 1 մլն 435 հազար դրամ:

Գյումրի. ապրիլին 2 ընտանիքի տրամադրվել է 40 հազարական դրամ, 1 ընտանիքի՝ 20 հազար դրամ, 138 ընտանիքի՝ 10 հազարական դրամ, մայիսին՝ 5 ընտանիքի՝ 20 հազարական դրամ, 1 ընտանիքի՝ 30 հազար դրամ, 1 ընտանիքի՝ 100 հազար դրամ, 122 ընտանիքի՝ 10 հազարական դրամ, հունիսին՝ 8 ընտանիքի՝ 50 հազարական դրամ, 2 ընտանիքի՝ 100 հազարական դրամ, 3 ընտանիքի՝ 20 հազարական դրամ, 150 ընտանիքի՝ 10 հազարական դրամ:

Մարտունի. երեք ամսում 22 բնակչի տրամադրվել է ընդամենը 1 մլն 159 հազար 218 դրամ:

Նոյեմբերյան. ապրիլին 34 քաղաքացու օգնություն է տրամադրվել ընդամենը 775 000 դրամի չափով, մայիսին՝ 47 քաղաքացու, ընդամենը 880 000 դրամի չափով, հունիսին՝ 19 քաղաքացու, ընդամենը 285 000 դրամի չափով:

Ստեփանավան. մայիսին 4 ընտանիքի տրամադրվել է 30 000-ական դրամ սոցիալական աջակցություն, ևս 3 ընտանիքի՝ 20 000-ական դրամ, հունիսին՝ 1 ընտանիքի՝ 30 000 դրամ, ևս 2 ընտանիքի՝ 15 000-ական դրամ:

Թալին. այս համայնքից, առանց ժամանակահատված նշելու, պարզապես պատասխանել են, որ 10 շահառուների տրամադրվել է դրամական օգնություն, որի ընդհանուր գումարը կազմել է 200 000 դրամ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031