Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդը քայլ առ քայլ, մետր առ մետր զավթում է մեր տարածքները. Հրաչյա Պետրոսյանց. «Հայկական ժամանակ»

Հուլիս 29,2021 09:30

Լայնամասշտաբ ռազմական գործողությունները չեմ բացառում, բայց դրանք տարվա այս եղանակին քիչ հավանական են: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Նշենք, որ հուլիսի 28-ի երեկոյան՝ ժամը 03:40-ից, հակառակորդը Գեղարքունիքի սահմանային հատվածում՝ Սոթքից մինչեւ Վերին Շորժա, տեղային մարտեր էր սկսել, սակայն ժամը 09:20-ի դրությամբ կորուստներ տալով՝ հետ շպրտվել ելման դիրքեր: Գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ եւ 4 վիրավոր:

– Ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդը սրանով եւ որքանո՞վ է ռազմական տեսանկյունից հասել իր նպատակին: 

– Մենք միայն պաշտոնական տեղեկությունները գիտենք: Իրականությունը, ցավոք սրտի, մեզ անհասանելի է այս պահին: Դրա համար միայն ենթադրություններ կարող ենք անել: Իսկ ենթադրությունն այն է, որ հակառակորդը քայլ առ քայլ, մետր առ մետր զավթում է մեր տարածքները: Չեմ կարող ասել, թե ռազմական տեսանկյունից որքանով են իրենց նպատակին հասել, բայց, ըստ բաց տվյալների, ունեցել են որոշակի հաջողություն, իսկ հետո մերոնք վերականգնել են կորցրածը:

– ՊՆ-ն նշել էր, որ տեղային մարտեր են ընթացել: Ի՞նչ ասել է տեղային մարտ: Ելնելով առկա վիճակից՝ լայնամասշտաբ գործողություններ հնարավոր համարո՞ւմ եք:

– Եթե ռազմարվեստի տեսանկյունից նայենք, տեղային մարտ հասկացություն չկա: Այդ տերմինն օգտագործվում է պատերազմների հետ կապված՝ տեղային պատերազմներ: Կան մարտեր կոնկրետ մարտավարական նշանակություն ունեցող տարածքների կամ օբյեկտների համար: Ըստ երեւույթին՝ դա գալիս է հայտարարությունը տարածողների ռազմարվեստին ընդհանրապես չտիրապետելու հանգամանքից: Այսինքն՝ մարտավարական նշանակության մարտեր են տեղի ունեցել: Մենք չգիտենք, թե կոնկրետ ո՞ր բարձունքի համար են այդ մարտերն ընթացել, որ գնահատենք:

Ես երբեւիցե լայնամասշտաբ գործողությունները չեմ բացառում: Ուղղակի զուտ տրամաբանորեն միշտ ենթադրում ենք, որ տարվա այս եղանակին լայնամասշտաբ գործողությունները քիչ հավանական են: Դրանք հավանական են աշնանը եւ գարնանը, եւ եթե նայենք Ադրբեջանի իրականացրած ակտիվ մարտական գործողությունները, կտեսնենք, որ դրանք բոլորը հիմնականում սկսվել են կա՛մ աշնանը, կա՛մ գարնանը: Ձմռան եւ ամռան ամիսներին մեր բնակլիմայական պայմանները որոշակի խնդիրներ են ստեղծում ե՛ւ ռազմական տեխնիկայի շահագործման, ե՛ւ սպասարկման, ապահովման ու կոմունիկացիոն առումով:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031