Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա պահի լրջության գիտակցությունը

Հուլիս 29,2021 10:00

44-օրյա պատերազմում մեր կրած պարտությունը, դրա հետեւանքները, մեր սահմանների անվտանգությունը, տարբեր երկրների եւ կազմակերպությունների շահագրգռվածություններն այս տարածաշրջանում չէին դարձել անցած ընտրություններին նախորդող բանավեճի գլխավոր թեման: Եթե ընտրողներին մի բան հետաքրքրում էր, ապա դա այն հարցն էր՝ կկարողանա՞ արդյոք Փաշինյանը «փռել Քոչարյանի մեյդը», թե՞ հակառակը: Երբ չկա հասարակական պատվեր, քաղաքական ուժերը չեն մտածում անվտանգության եւ արտաքին քաղաքականության, իմ կարծիքով, ամենակենսական խնդիրների մասին եւ զբաղված են դատարկ, մանր ու անիմաստ լեզվակռվով:

Ներկա խորհրդարանն այդ առումով ճշգրտորեն արտացոլում է մեր հասարակության հետաքրքրությունները՝ հասարակություն, որն անգամ հիմա, երբ ակնհայտ է, որ պատերազմն, ըստ էության, շարունակվում է, չի կարողանում կտրվել «ներքաղաքական» օրակարգից եւ մեր սահմաններին ընթացող մարտական գործողություններն օգտագործում է միայն այս կամ այն կողմին մեղադրելու համար: Ճիշտ նույն գործով զբաղված են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը:

Մեր քաղաքացիների եւ քաղաքական ուժերի մեծ մասը չի գիտակցում պահի լրջությունը, քաղաքացիներն անվտանգություն չեն պահանջում, իսկ իշխանությունը չի էլ պատրաստվում դրանով զբաղվել: Բայց հետաքրքրվողներին հայտնեմ, որ այս պահի իրավիճակը հետեւյալն է. նոր բախումները եւ մարդկային նոր զոհերը թույլ չտալու բոլոր լծակները հիմա Մոսկվայում են: Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին պահանջում է Հայաստանից «միջանցք» Սյունիքի մարզով, որը վերահսկվելու է ՌԴ զինծառայողների կողմից, մի շարք անկլավների զիջում՝ «դելիմիտացիայի» անվան տակ, ինչպես նաեւ իր հենակետերի տեղադրում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Սա է Գեղարքունիքի մարզում վերջին մարտական գործողությունների քաղաքական իմաստը:

Հայաստանի իշխանությունը պե՞տք է համաձայնի այդ պայմաններին: Ի՞նչ տարբերակներ ունի չհամաձայնելու: Ի՞նչ է սպասվում մեզ համաձայնելու կամ չհամաձայնելու դեպքում: Ահա այդ հարցերն է, որ պետք է քննարկվեն խորհրդարանում, ինչպես նաեւ քաղաքական եւ փորձագիտական հարթակներում: Քննարկման արդյունավետության գլխավոր պայմանը իրատեսությունն ու անկեղծությունն են՝ առանց քարոզչական աղմուկի:

Բայց քաղաքական գործիչներն ու քաղաքականացված մեկնաբանները խոսում են այն թեմաներով, որոնք հետաքրքիր են «ժողովրդին»: Իսկ «ժողովրդին» հետաքրքիր է, թե երբ եւ ինչպես են պատժելու «նախկիններին»: Եվ «ժողովրդի» հետաքրքրությունների հարցում նույնպես պետք է անկեղծ լինել, «չգեղեցկացնել» իրականությունը. եթե մարդկանց չէր հուզում 3700 մարդու կորուստը, ապա չի հուզի նաեւ երեք զինվորի զոհվելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Armen says:

    Քաղաքական դաշտի անկատարությունը 1998-2018թթ.-ի ՀՀ-ի իշխանությունների «ձեռքբերումն է»:

    • Ruben says:

      Ներկայիս քաղաքական դաշտի խաղացողները 1991-2018թթ.-ի ՀՀ-ի իշխանությունների «վիժումների զոհերն» են, իսկ քաղաքական դաշտի անկատարությունը՝ 1991-2018թթ.-ի ՀՀ-ի իշխանությունների անբարոյականության հետեւանքներ:

  2. Ruben says:

    «44-օրյա պատերազմում մեր կրած պարտությունը,»
    44-օրյա զինված հակամարտության (կոնֆլիկտի/բախման) մեջ պարտություն է կրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) պաշտպանության նախարարությունը, նրա գլխավոր շտաբը եւ նրա բանակը: Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես (դե յուրե և դե ֆակտո) չի մասնակցել Ազերստանի և Արցախի միջև զինված բախմանը:
    Հայաստանի կողմից Արցախի անկախության չճանաչումը՝ համարվում է «անբարոյականություն» և ՀՀ Սահմանադրության խախտում:
    Ու՞ր են ՀՀ անվտանգության երաշխավորները (ՀՀ բանակը, ՀՀ ազգային անվտանգությունը՝ իր ՀՀ սահմանապահ զորքերով):
    Ժողովուրդը (բայց ոչ Հայ ազգի մնացորդները) արժանի է իր ընտրյալին:
    Խայտառակությու՛ն…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031