Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանաստեղծն ու բառը մեկ մարմին ունեն ու մեկ հոգի»

Հուլիս 29,2021 13:30

Հարցազրույց բանաստեղծ Ռաֆ Բարաթյանի հետ

– Հինգ՝ «Նռանաքարի հետքը», «Մինչ արեւագալ», «Մենապար», հայերեն-անգլերեն «Տողադարձված շնչառություն (Carried over breahting)», ինչպես նաեւ այս տարի լույս տեսած «Չու» եւ «Խրամատի սրտագիր» խորագրերով բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ եք: Կներկայացնե՞ք՝ երբ եւ ինչպես ծնվեցին ժողովածուները՝ հատկապես վերջինը, որն ամբողջությամբ պատերազմի մասին է…

– Ընդհանրապես բառը շնչավոր էակ է. նա բոլոր շնչավորներին բնորոշ նույն հատկանիշներն ունի՝ ծնունդ, աճ, զարգացում, հասունացում, ծերացում եւ մահ: Թերեւս, բանաստեղծություններիս առաջին ժողովածուն՝ «Նռանաքարի հետքը» (2018թ.), որը խոսում է սիրո եւ խոհափիլիսոփայության բարբառներով, բառիս ծնունդն է, «Մինչ արեւագալ»-ը (2019թ.), որում, որպես հինգերորդ եղանակ, ղողանջում է մարմինս, բառիս աճն է, «Մենապար»-ը (2020թ.) բառիս զարգացումն է, որն ինձ տանում է «Աստծուց մինչեւ մայր» ճանապարհով՝ մենապարող ստվերիս ձեռքը բռնած, ամերիկաբնակ թարգմանչուհի Նոյեմիկ Հովհաննիսյանի ձեռամբ թարգմանված «Տողադարձված շնչառություն (Carried over breahting)»-ը (2020թ.) բառիս հագուստն է, «Չու»-ն՝ տարածության վազքը ժամանակի միջով ու ժամանակի վազքը տարածության միջով, եւ «Խրամատի սրտագիր»-ը (2021թ.)՝ հասունության դռանը մոտեցող բառերս են, որոնք ճերմակել չեն ցանկանում…

Գիտեք՝ հիմա ինչպե՞ս եմ գուրգուրում բառերս, որ նրանք խոսեն «Խրամատի սրտագիր»՝ քառասունչորսօրյա պատերազմի առաջին իսկ օրից ծնված բանաստեղծությունների մասին… Այս ժողովածուն «ռազմադաշտ» է, որի խրամատներում մարտնչող բառը փորձում է կրակին տալ պատերազմը, որպեսզի այսօր ծնված բանաստեղծները հետագայում միայն երգեն սեր ու զարթոնք, կյանք ու ծնունդ: Ամեն օր, իմ եւ այս գրքի աչքերը միմյանց հանդիպելիս, նրան խնդրում եմ՝ ների ինձ, քանի որ այստեղ բնակվող բառերն այլեւս շնչավոր չեն, քանի որ այստեղ բնակվել պատրաստվող հայրենիքն այլեւս այն անծիրը չէ, քանի որ այստեղ ներառված բանաստեղծություններն անհետ կորած կամ վերադարձած մի բուռ արյան հետքերն են… Իսկ ես շնչում եմ…

– Գրքերի լույսընծայման տարեթվերից երեւում է, որ դուք գրել եք նաեւ մինչ պատերազմը, պատերազմի օրերին: Իսկ քովիդի շրջանում ինչո՞վ էիք զբաղված, ի՞նչ տվեց մեկուսացումը ձեզ։

– Միայն մարդը չէ, որ կարող է չարաճճիություններ անել. հատկապես վերջին տարիներին բնությունն, ասես, մարդուց խլել է չարաճճիության իր չափաբաժինը: Օրինակը՝ ձեր նշած քովիդը, որն անցավ ողբերգականության բոլոր սահմանները: Բանաստեղծն ու բառը մեկ մարմին ունեն ու մեկ հոգի, հետեւաբար, այս չարիքի ծնած միակ լավ բանը՝ մեկուսացումը, պարտադրել տվեց ժամանակին առժամանակ դադարեցնել իր հոսքը, բանաստեղծին ավելի մտերիմ դարձրեց սեփական բառի հոգու հետ, բառին շոշափել տվեց իր սեփական մարմինը, արդյունքում շահեց գրականությունը՝ քաղելով բազմաթիվ բանաստեղծություններ մտքիս ողկույզից… Սակայն այդժամ ի՜նչ հրաշալի կլիներ, եթե մուսան կարողանար պաշտպանվել այս հիվանդությունից… Ու որքա՜ն բանաստեղծությունների ժպտացող դեմքերը կտեսներ ընթերցողն այսօր…

– Մեր օրերում հաճախ են լինում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոներ: Ժամանակակից պոեզիային նվիրված երեկոները քիչ են, համենայնդեպս, վերջին 20-25 տարում ես քիչ եմ տեսել ժամանակակից պոեզիային նվիրված երեկոներ: Եղածներն էլ նվիրված են դասականներին: Դուք դա ինչո՞վ եք բացատրում։

– Կարծում եմ՝ գյուտ արած չեմ լինի, եթե նշեմ, որ քանակը որակի մարմինը չէ… Այսօր շատերն են ինքնահռչակ «բանաստեղծներ» ու ոչինչ չեն խնայում իրենց բառը բանաստեղծական շղարշով օծելու եւ տոնական երեկոներով իրենց պճնելու համար: Ժամանակակից հայ գրականությունը պիտի սնվի հայ դասական գրականությունից, ու եթե ձեր նկատած շարքում դասականներին նվիրված երեկոներն են քիչ, դա մեկ քայլ է ընթերցողին պոկելու դասական գրականությունից, ինչն էլ իր հերթին նույն ընթերցողի եւ ժամանակակից գրականության միջեւ անապատ կառուցելու հենքն է ապահովում, արդյունքում բազմապատկված ցավն առաջ է բերում ժամանակակից պոեզիայի եւ ընթերցասեր հանրության առերեսման քչանալու բազմազան պատճառներ…

Մի կողմից այսօր մեր իրականությունը հաճախ իր աչքը չի գցում կամ քիչ է գցում ժամանակակից հայ շնորհալի, գրականության ճյուղերի վրա նոր խոսք ու նոր ոճ պատվաստող բանաստեղծների կողմը (բացառությունները բացառիկ են), մյուս կողմից էլ բանաստեղծի առաջ ծառացած այն խնդիրները (բանաստեղծությունը հանրայնացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը, սեփական միջոցներով գրքի տպագրության քիչ քանակը), որոնք բանաստեղծին քայլել են տալիս ճանաչողությանը հակառակ ուղղությամբ: Սա անդունդի չափ մի բաց է, որը լցնելու գործին պիտի մղվեն հայ բարձրարժեք գրամշակույթը բացահայտող ու պահպանող համապատասխան կառույցները, որոնց լուծումները բանաստեղծին բառի կրծքին մոտեցնելու, ոչ թե նրանից հեռացնելու միակ հնարավորությունն է:

– Ինչպե՞ս կսահմանեք կամ կբնութագրեք ժամանակակից պոեզիան։

– Հարց, որի պատասխանը ինքս էլ կցանկանայի լսել ոչ թե ինձնից կամ մեկ այլ բանաստեղծից, այլ բանաստեղծությունից… Հնուց ի վեր պոեզիան անցել է իր անհատական զարգացումը, ունեցել է ձեռքբերումներ ու կորուստներ: Ցայսօր պոեզիան շարունակում է իր տեղաշարժը նույն նավի մեջ, իսկ ափ հասնում են ալեբախություններից չթրջված բանաստեղծությունները: Այսօր թե՛ դիմագրքյան հարթակում, թե՛ տպագրվող գրքերի բազմազանության մեջ լողում է «պոեզիան»: Հարց՝ որքանով է ժամանակակից այսօրվա ստեղծագործողի գրչի ծնած բանաստեղծությունը: Երբ սկսնակ գրող էի, այս հարցի պատասխանը փորձեցի ստանալ գրականության հետ ճերմակած մտերիմներիցս մեկից: Պատասխանը՝ եթե բանաստեղծությունը գրվում է այսօր, այն անվանվում է ժամանակակից պոեզիա: Ինձ համոզելու համար ընթերցեցի ժամանակակից ստեղծագործողների բառերը… Ափսոսանքս չկարողացավ նայել գրականության աչքերին…

Ժամանակակից պոեզիան բնորոշելու համար նախ պետք է նայենք ժամանակին. այն երեկվա ժամանակը չէ, նույն մարմինն ու հոգին չունի. այն խտացել ու դարձել է մի բուռ: Ուստի, ձեւափոխման է ենթարկվել նաեւ ժամանակակից պոեզիան եւ նրա ընկալումը: Որքան էլ նրա համար սնունդ լինի դասական բանաստեղծությունը, ժամանակակից պոեզիան մեր առջեւ դրել է իր պահանջները՝ նոր խոսք, ասելիքի հնարավորինս կարճ մատուցում, մատուցման նոր ոճ, գեղարվեստականություն ապահովող նոր բանաձեւ… Եթե պիտի կրկնենք մեր դասականությանը, ապա ինչպե՞ս եւ ինչո՞ւ անվանենք ժամանակակից պոեզիա…

Ամազոնը
Ինձ սովորեցրել է,
Որ ամենաերկար գետն է
Աշխարհի…

Ամազոնն ի՞նչ իմանա,
Որ գետակ է,
Եթե չի տեսել
Հայ մայրերին –
Հոսելիս…

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031