Լրահոս
Օրվա լրահոսը

«Հզոր» Ռուսաստանի առասպելը փլվել է

Հուլիս 29,2021 12:00

«Թուրքիայից մի թռչուն անցնի ՀՀ սահման՝ ռուսը խփելու ա» համոզիչ արդարացումը ոչ ոք այլեւս չի հիշում

Ռուսաստանը համարում է, որ ոչ ոք չի ցանկանա ստուգել ՀԱՊԿ-ի ուժը: «Մենք շատ վստահ ենք, որ ոչ ոք չի մտածի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի ուժը եւ փորձել ագրեսիվ գործողություններ սկսել դրա որեւէ անդամի դեմ»,- օրերս նշեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ելույթ ունենալով «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորների առաջ՝ Լավրովն ասել է, թե արեւմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ:

«Մեր շուրջ փորձում են անկայունության գոտի ստեղծել` ստիպելով մեր ամենամոտ հարեւաններին, եղբայրական ժողովուրդներին ընտրություն կատարել. կա՛մ դու Արեւմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի: Ցանկանում են տարբեր ձեւերով՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, յուրացնել մեր երկրի շրջակա տարածքները, որ Արեւմուտքը որոշիչ ազդեցություն ունենա մեր հարեւան երկրների զարգացման վրա: Այդ գիծը «առավել ցայտուն կերպով դրսեւորվել է Ուկրաինայում», իսկ «գունավոր հեղափոխությունների» մեթոդները վերջին ամիսներին փորձել են «անցկացնել» Բելառուսում»,- նշել է Լավրովը:

«Ամերիկացիներն ու եվրոպացիները» սկսել են աշխարհաքաղաքական պայքար Մոլդովայի համար՝ «ընտրարշավի ընթացքում չխուսափելով բացահայտ քարոզչությունից», -հավելել է Լավրովը: «Այժմ մեր արեւմտյան գործընկերները նույնպես փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով, ներառյալ Կենտրոնական Ասիան եւ Անդրկովկասը», – շեշտել է նա: Ապա` Լավրովը ամփոփել է՝ արեւմտյան քաղտեխնոլոգները չեն թաքցնում իրենց նպատակը՝ խաթարել Ռուսաստանում ներքին կայունությունը Պետդումայի ընտրությունների նախաշեմին:

Արեւմուտքի «անտեսանելի ձեռքն» ամենուր տեսնելու Ռուսաստանի մոտեցումն ամփոփոխ է: Իրականում, սակայն, ողջ աշխարհն ականատես է դարձել, թե ինչպիսի ռազմավարական դաշնակից է Ռուսաստանը: Անցյալ աշնան 44-օրյա պատերազմը դրա վառ ապացույցն էր: Մոսկվան այնքան էր տարված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն տեղակայելու իր վաղեմի ծրագիրը իրականացնել, որ թուրք-ադրբեջանական տանդեմին «չեզոքություն» էր ցուցադրում նույնիսկ այն դեպքերում, երբ Հայաստանի տարածքում գտնվող գյուղերն էին գնդակոծվում եւ քաղաքացիական անձինք վիրավորվում: Նպատակը մեկն էր՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հանկարծ չմերժի ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման ռուսական պլանը:

Այնպես որ, ամբողջ աշխարհն արդեն ստուգել է ոչ միայն «ՀԱՊԿ-ի ուժը», այլեւ՝ Ռուսաստանինը ու թե ինչպիսի դաշնակից է Ռուսաստանը: 44-օրյա պատերազմն իրականում ռուսական իմիջին հասցված հարված էր այնքանով, որքանով փլվեց «հզոր» Ռուսաստանի առասպելը ու դա արվել է Թուրքիայի միջոցով: Ամբողջ աշխարհի աչքի առաջ Թուրքիան առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական ներկայություն է ապահովում ու ամրանում է նախկին Խորհրդային միության հանրապետություններում, ու մինչ Մոսկվան ժամանակ առ ժամանակ շոշափում է՝ Արեւմուտքի «անտեսանելի ձեռքի» թեման, ողջ քաղաքակիրթ աշխարհը ականատես է դառնում ՌԴ-ի ռազմավարական դաշնակից Հայաստանի հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականության դեմ ռուսական անզորության դրսեւորումներին:

Թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ աշխատող ռուսաստանցի «փորձագետները» մի քանի ամիս շեփորահարում էին՝ «պատերազմը Լեռնային Ղարաբաղում է ծավալվում՝ Ադրբեջանի տարածքում, հետեւաբար, Ռուսաստանը չի կարող խառնվել ռազմական գործողություններին…»: Տարիներ առաջ Հայաստան-Թուրքիա սահմանին ռուսական ներկայության եւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գործունեությունը երկարացնելու գործընթացներին զուգահեռ մշտապես ասվում էր՝ «Թուրքիայից մի թռչուն անցնի ՀՀ սահման, ռուսը խփելու ա», «մենք այլընտրանք չունենք, պետք է ռուսը պահի մեր սահմանը…»: Անցան տարիներ, այս արդարացում «փուչիկը» պայթեց, ու պարզվեց՝ իրականությունն ամբողջովին այլ է: Օրինակ՝ արդեն երկու ամսից ավելի ՀՀ տարածքում են ադրբեջանական ստորաբաժանումները, մինչդեռ Մոսկվան իր վարքագծով ապացուցում է, որ Անկարայի ու Բաքվի հետ այլ պայմանավորվածություններ ունի, եւ ավելին՝ չի ցանկանում, որ այդ պայմանավորվածությունները խախտվեն, համաձայնությունները ձախողվեն:

Ահա վերոնշյալը փաստող մեկ թարմ ապացույց: «Ռուսաստանը ողջունում է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստել Կովկասում խաղաղության հաստատմանը», օրերս հայտարարեց Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով. «Եթե միջնորդական ջանքերը նպաստում են խաղաղության, կայունության ու կանխատեսելիության հաստատմանը, ինչպես նաեւ օգնում են արդեն իսկ գոյություն ունեցող պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, ապա նման ջանքերը կարելի է միայն ողջունել»։

Այսինքն, նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի փաստաթղթերով նախատեսված պայմանավորվածությունների արդյունքում կա՞ն հարցեր, որոնք Ռուսաստանն ու Արեւմուտքը այլ պատկերացումներ ունեն… Հարցը հռետորական է, ակնհայտ է մոտեցումների տարբերությունը: Մոսկվան համարում է, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային, ի դեպ, սա էլ ասվում է, հավանաբար, ամբողջությամբ Բաքվի դիրքորոշումը չկրկնելու համար, որտեղ ասում են՝ ԼՂ-ի խնդիրը լուծված է, կարգավիճակի հարց չկա: Իսկ Արեւմուտքից ասում են, բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում եւ ԼՂ-ի կարգավիճակը պետք է հստակեցվի:

Պեսկովն իրականում՝ «գոյություն ունեցող պայմանավորվածությունների կյանքի կոչվելը» շեշտադրելով, նկատի ունի Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան համաձայնությունները, որոնց համատեքստում այսօր Հայաստանից ակնկալվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում Ադրբեջանի հետ, սահմանների ճանաչում՝ Բաքվի համար նպաստավոր «դիրքավորման» պայմաններում: Իհարկե, գումարած այս ամենին տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման դեպքում վերահսկողությունների հարցը, որում ՌԴ-ն վստահաբար իր ակնկալիքներն ունի:

Դա է պատճառը, որ մենք հետեւողականորեն Ռուսաստանի պահվածքում տեսնում ենք ակնհայտ «չեզոքություն», որը հակասում է հայ-ռուսական հարաբերությունների, առավելեւս ռազմավարական գործընկերության շահերին: Պարզապես Կրեմլից մեզ չեն կարող հրապարակավ ասել, որ՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիրը չի կարող այլեւս լինել «ռազմավարական դաշնակից»: Մոսկվան իր պահվածքով բռնել է՝ «ամեն ինչում Հայաստանն է մեղավոր» պրիմիտիվ ու ծիծաղաշարժ «արդարացումը» ու այդկերպ առաջ է տանում իր պլանը:

Այն երկրների իշխանությունները, որոնք Արեւմուտքի հետ առանձին հարցերում ունենում են, ըստ Կրեմլի՝ «շեղումներ», դա արդեն չի տեղավորվում ռուսական պլանների սահմաններում: Եթե Վրաստանի որեւէ իշխանավոր ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու պատրաստակամության մասին 1 նախադասություն է ասում, նույն օրը 1-2 ժամվա ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի, կամ Պուտինի խոսնակի մակարդակով հնչում է կոշտ պատասխան, թե՝ ՌԴ սահմաններին մոտ թույլ չեն տա ՆԱՏՕ-ի աշխուժացում: Թուրքական բանակն Ադրբեջանում է, եւ այսօր նույնիսկ հարցական է՝ թե կա՞ ընդհանրապես ադրբեջանական բանակ, թե՞ դա ամբողջովին թուրքականացված բանակ է՝ իր ողջ ղեկավար կազմով ու կառուցվածքով, բայց սա Կրեմլի համար օրինաչափ է, ու դիտարկվում է որպես՝ Ադրբեջան-Թուրքիա բարձր հարաբերություններով: Հավանաբար, նաեւ Պուտինը հույս ունի, որ Էրդողանի հետ իր ջերմ, վստահելի բարեկամություն անելով կհասնի նրան, որ Թուրքիան կդադարեցնի անդամակցությունն այդ կառույցին:

Ալիեւի վերջին հայտարարությունները վերլուծելիս, երբ նա ասաց, որ «Զանգեզուրի միջանցքի հարցում Ռուսաստանի հետ նույնական մոտեցումներ ունեն», շատերը համարում են, որ պետք չէ «հալած յուղի» տեղ ընդունել Ալիեւի խոսքերը, քանի որ նա խոսում է իր երկրի համար դրական ուղղություններից ու ՌԴ-ն Ադրբեջանի առջեւ նույնպես դրել է զիջումների հարց: Այո՛, Ալիեւը շատ հաճախ է կեղծ հայտարարություններ արել այս կամ այն թեմաներով, սակայն մեզ առավելապես պետք է հետաքրքրի հարցը, թե ինչ է ասում, կամ ավելի ճիշտ՝ ինչ չի ասում Մոսկվան: Պուտինն ասում է՝ խնդիրները պետք է լուծել «ցավոտ փոխզիջումներով», բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է զիջել մինչ օրս Ադրբեջանը: Ռազմագերիների մի մասին վերադարձնե՞լն է զիջում համարվում: Դա նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջ է, ու ավելին՝ պարզվեց, որ Թուրքիայի նախագահի տիկնոջ հորդորով անգամ Ադրբեջանում հայ ռազմագերիները պահվում են, որպեսզի հայկական կողմից նրանց փոխանակման դիմաց ստանան ականապատման քարտեզներ:

Մի քանի անգամ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հետաքրքրական մի միտք արտահայտեց, որը ուշադրության չարժանացավ Հայաստանում: «Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ», ասել էր նա՝ պարզաբանելով, թե՝ «այն սահմանի միջազգային իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք է, կողմերի փոխվստահության դեֆիցիտի պատճառով ճգնաժամը խորանում է»: Մոսկվան անվերջ հայտարարում է, թե ՌԴ-ին մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանի ցանկացած լարվածություն, կամ, որ պատրաստ են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանի դեմարկացիայի հարցով («Մենք պատրաստ ենք՝ աջակցել այս ջանքերին մեր քարտեզագրական տեղեկատվության միջոցով, պատրաստել մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումներին կառուցողական ընթացք հաղորդել», – անցյալ շաբաթ ասել էր Զախարովան), բայց Մոսկվան հետեւողականորեն չի անդրադառնում պաշտոնական Երեւանի հակադարձմանը, ինչպե՞ս շարունակել բանակցել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ եռակողմ ձեւաչափով, եթե ադրբեջանական ստորաբաժանումները գտնվում են ՀՀ տարածքում:

Այո՛, նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթերի արդյունքում առկա է հակամարտություն արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: 1994-ից հետո շուրջ երեք տասնամյակ Ադրբեջանի՝ ԼՂ-ն վերադարձնելու պլանն ավարտվեց ու հիմա հստակ անցում է կատարվել Հայաստանի հանդեպ նոր տարածքային պահանջներ ներկայացնելու ռաունդին: Այս տեսանկյունից Զախարովայի՝ «իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ուղղակիորեն կապված չէ ԼՂ-ի կարգավորման հետ» միտքը ճշմարտությանը մասամբ է մոտ, որովհետեւ չի ասվում, թե ինչպե՞ս ստացվեց, որ «ԼՂ-ի հարցը լուծելուց» հետո «հաղթանակած» Ալիեւն ու Էրդողանը նոր պահանջներ սկսեցին ներկայացնել:

Ու ընդհանրապես՝ ինչո՞ւ է օտար երկրի բանակի ներկայությունը այլ երկրում օրինաչափ Մոսկվայի համար, ինչո՞ւ է Մոսկվան անտեսում Ալիեւի այսպիսի սանձարձակ հայտարարությունները՝ «դրանք մեր հողերն ենք, մենք մեր տարածքում ենք, մենք չենք հեռանա այդ տարածքներից…»: Ինչպե՞ս կվարվեր ՌԴ-ն, եթե արեւմտյան որեւէ երկիր հավակներ ՌԴ տարածքներին, կամ՝ ինչպե՞ս կվարվեր Մոսկվան, եթե 1994-ին կնքված զինադադարից հետո հայկական կողմը հավակնություններ ցուցաբերեր Ադրբեջանի նաեւ այլ տարածքների նկատմամբ…

Հետեւաբար, Լավրովի կողմից՝ «ՌԴ-ն համարում է, որ ոչ ոք չի ցանկանա ստուգել ՀԱՊԿ-ի ուժը» միտքը ոչ այլ ինչ է, քան սովորական քարոզչական մի ձեւակերպում, որով պարզապես հիշեցվեց, որ նման կառույց էլ դեռ գոյություն ունի, որի «մենեջերը» Ռուսաստանն է:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031