Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս տարի ի՞նչ դատական գործընթացներում է ներգրավված «Առավոտը»

Հուլիս 29,2021 14:00

2016 թվականի մարտի 9-ին «Հրապարակային ներողություն խնդրելու, հերքում տալու եւ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին» մոտ 3.000.000 ՀՀ դրամի, դատարան դիմեց Բավական Խաչատրյանը: Այն ընդդեմ ազատամարտիկ, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանի էր, «Առավոտ» օրաթերթի, ՆՏ լրատվական գործակալության: Գործակալության ասուլիսի ժամանակ երջանկահիշատակ Հացպանյանը Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվողների մասին էր խոսել, անուններ նշել:

Այդ գործով դատավորը Գայանե Մազմանյանն էր: Իր կյանքի վերջին դատական նիստին Հացպանյանը միջնորդեց, որպեսզի կասեցվի այս գործի քննությունը, քանի որ քրեական գործ էր հարուցվել լրատվամիջոցների տպագրվածի հիման վրա, նաեւ ասուլիսին Հացպանյանի՝ «հաղորդում հանցագործության մասին»-ի հիմքով: Ես Հացպանյանի կողքն էի նստած, որպես «Առավոտի» կողմից լիազորված ներկայացուցիչ, եւ պաշտպանեցի նրա միջնորդությունը, բայց եւ տարօրինակ համարեցի այս գործով մեր մասնակցությունը, քանի որ լրատվամիջոցը հրավիրված է եղել ասուլիսին, եւ բարեխիղճ լուսաբանել է այն, եւ մեր լրատվամիջոցի մեղավորության գործոնը չկա:

Դատական նիստին «Առավոտը» հանդես եկավ միջնորդությամբ՝ ներկայացնելով այս գործով Տեղեկատվական վեճերի խորհրդի 2017-ի ապրիլի 8-ի իր կարծիքը: Խորհուրդը գտել էր, որ մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված տեղեկատվության տարածման համար չեն կարող պատասխանատվության ենթարկվել լրատվամիջոցները, քանի որ նրանք պաշտպանված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ կետով՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած փաստացի տվյալները լրատվական գործակալության …բարեխիղճ վերարտադրություն են եւ դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին:

Ս.Հացպանյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց 2016թ. հունիսի 9-ի քրեական գործ հարուցելու մասին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ավագ քննիչ Մ. Մանասյանի որոշումը՝ քրեական գործ հարուցելու մասին: Քաղգործի վարույթը կասեցվեց:

2016թ. հուլիսի 11-ից գործի վարույթը կասեցվել է: 2018թ. հունվարի 20-ին Ս.Հացպանյանը մահացել է: Սակայն «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում, անգամ նրա մահվանից հետո այս գործը դեռ «Անավարտ գործերի» ցանկի մեջ է եւ ամեն տարի, ինչպես պատկերված է լուսանկարում, այն փոխանցվում է հաջորդ տարվան լսելու համար: Որքան տեղյակ եմ՝ Բ. Խաչատրյանն էլ քրեական գործով անցավ, եւ դատապարտվեց, եւ ըստ էության, անհասկանալի է, այս գործը տարիներ շարունակ «կասեցված» պահելը:

2018թ. հունվարի 15-ից հետո «Առավոտը» ստանում է ծանուցագրեր դատական նիստերին հրավիրվելու մասին: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանի որոշմամբ վարույթ էր ընդունվել լրագրող Արթուր Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ՝ պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին: Արթուր Հովհաննիսյանը խնդրել էր, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում հերքի եւ իրենից՝ լրագրողից ներողություն խնդրի պաշտոնական տեղեկության համար, եւ պարտավորեցնի նաեւ վճռի պատճառաբանական եւ եզրափակիչ մասերը տպագրել «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի www.aravot.am կայքում:

Ափինյանից հետո այս քաղաքացիական գործը 2020թ. մարտի 10-ին վերամակագրվեց դատավոր Լ.Սարգսյանին: Հիմա էլ այս դատարանը հրավիրեց նախնական դատական նիստ 2020թ. հուլիսի 13-ին: Նախորդ դատավորի օրոք հինգ նախնական դատական նիստ էր կայացել: Այս տարվա՝ 2021թ. ապրիլի 21-ին գործի քննությունը հայտարարվեց ավարտված եւ վճիռը հրապարակվեց մայիսի 12-ին:

Այս գործով էլ «դեպքի» վայրը «Նոյյան տապան» լրատվական կենտրոնն էր, ուր 2017 թ. դեկտեմբերի 11-ին, որպես լրագրող, զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ հանդես գալով մամուլի ասուլիսով, հայցվոր լրագրողը հանրությանն է փոխանցել իրեն փոխանցված տեղեկությունը, ըստ որի՝ բուժաշխատողները որոշ գյուղերում, մասնավորապես` Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում փորձել են դեկտեմբերի 11-ից էլ դեռ առաջ մարդու պապիլոմա վիրուսի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլ» վտանգավոր պատվաստանյութով պատվաստել 13-ամյա աշակերտուհիներին, սակայն նրանց ծնողները հավաքվելով, դա թույլ չեն տվել, խայտառակ կերպով դուրս են վռնդել այդ բուժաշխատողներին. «Հայտնելով իրեն փոխանցված վերոնշյալ ահազանգի մասին, հանրությանը միաժամանակ տեղեկացրել է, որ այն դեռ ճշտված տեղեկություն չէ, իսկ ճշտված չէ, որովհետեւ դեռ չի հասցրել ճշտել, դրա հնարավորությունը դեռ չի ունեցել, տվյալ տեղեկությունն իրեն փոխանցվել է գիշերը: Այսինքն` պատվաստման փորձի ու դրան ծնողների արձագանքի վերաբերյալ վերոնշյալ տեղեկությունը ներկայացրել է ոչ թե որպես իրականություն, այլ իրեն փոխանցված ու դեռ ճշտման կարիք ունեցող լուր, որի իսկությունը մինչ ասուլիսը պարզելու հնարավորություն չի ունեցել»:

ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքում 2017թ. դեկտեմբերի 11-ին «Պետք չէ ապավինել կեղծիքին. Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու փորձ չի եղել» վերտառությամբ հրապարակած պաշտոնական տեղեկատվությամբ լրագրողին մեղադրել էր կեղծիքին ապավինելու մեջ, ինչն ըստ լրագրողի՝ իր հասցեին բացահայտ հերյուրանք է, զրպարտություն ու վիրավորանք: Ըստ դատարանի, որը մերժեց լրագրողի հայցը. «ՄԻԵԴ-ը տարբերակել է մի կողմից փաստերը (statement of fact), որոնք տեսականորեն հնարավոր է ապացուցել (իհարկե, փաստը ճշմարիտ լինելու դեպքում), մյուս կողմից՝ գնահատողական դատողությունները, որոնց ապացուցումը նույնիսկ տեսականորեն անհնարին է: ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել եւ հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատողական դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա»: Լրագրողը դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Այս գործի նյութերում կա երեք նախարարների առարկություններ. Լեւոն Ալթունյանի, Արսեն Թորոսյանի եւ Անահիտ Ավանեսյանի: Վերջինիս առարկությունը տարբերվում էր նաեւ նրանով, որ նա միջնորդել է, որպեսզի դատակոչվի դպրոցի տնօրեն Հռիփսիկ Հուրոյանը:

Ինչպես մեր բազմաթիվ հրապարակումներում տեղեկացրել ենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Լ. Գրիգորյան) այս տարվա փետրվարի 9-ին մերժեց «Զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` «Առավոտ», «Թերթ Էյ Էմ», «168 Ժամ» լրատվամիջոցների` զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ գործով:

Հիշեցնեմ, որ անցյալ տարի՝ 2020 թ. ապրիլի 30-ին Տիգրան Ուրիխանյանը www.facebook.com սոցիալական կայքի իր պաշտոնական էջում հրապարակել է գրառում՝ ներառելով հետեւյալ տեղեկությունները. «Կառավարությունը փոխեց անհետացած գումարների մասին հարցը բարձրացնողին: Մեկ տարուց ավելի փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավելի կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը։ Վստահ եմ, վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարց ու պատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաեւ վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որեւէ տեղեկություն դրանից չկա։ Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետեւ նման բան չի կարող լինել ըստ հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետեւ ոչ խորհրդարանը, ոչ էլ որեւէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձեւավորմանը մասնակցել։ Հատկապես, վստահ եմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հիանալի հասկանում են, թե ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը հենց այս պահին ինչ ընկալում կարող է հանրության մեջ առաջացնել (…)»…

Նշված վճռի դեմ «Զինծառայողների կյանքի կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Հուլիսի 2-ի որոշմամբ, վերաքննիչ քաղաքացիական դատարանն այդ գործով բերված Հիմնադրամի բողոքը կքննի գրավոր ընթացակարգով:

Օրերս՝ հուլիսի 23-ին, դատարանը (նախագահող Հ. Ենոքյան, մասնակցությամբ դատավորներ Ն.Մարգարյան, եւ Կ.Համբարձումյան կազմով) Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի:

Մասնակի բեկանել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այս գործով` փետրվարի 9-ի վճիռը եւ այն փոփոխել հետեւյալ կերպ. «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հայցն ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` «Առավոտ», «Թերթ Էյ Էմ» եւ «168 Ժամ» ՍՊ ընկերությունների` զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու եւ փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ, բավարարել մասնակի: Այն է՝ պարտավորեցնել Տիգրան Ուրիխանյանին, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում առնվազն 5 000 տպաքանակ եւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպառում ունեցող որեւէ տպագիր թերթի միջոցով հրապարակայնորեն կատարել հետեւյալ հերքումը. «Սույնով ես՝ Տիգրան Ուրիխանյանս, հերքում եմ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները եւ դատողությունները»։

Մնացած մասով՝ հայցը մերժվել է։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031