Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը

Հուլիս 28,2021 23:13

Այսօր Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները և կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ:

Մասնավորապես, այսօր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողները տեղեկացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը վերջին օրերին կրակոցներ են արձակում հայկական դիրքերի և մոտակա գյուղերի ուղղությամբ: Զինծառայողները հայտնել են նաև, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-04:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել:

Ընդ որում, ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և այլն:

Ադրբեջանական զինծառայողները թիրախավորել են հայկական դիրքերի հարևանությամբ գտնվող քաղաքացիական բնակավայրերը` Գեղարքունիքի գյուղերը, որոնց պաշտպանության արդյունքում էլ հայ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են վիրավորում ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, նրանց առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:Զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (ուսահոդի, դեմքի, ազդրի և այլն), չորս զինծառայողներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են թեթև ծանրության, երկուսինը՝ միջին, մյուսինը՝ ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կրակոցներն արձակվում են ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար:

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031