Լրահոս
Օրվա լրահոսը

«11.000 հա տարածք նվիրաբերվել է Թուրքիային». Ռոբերտ Սիմոնյանը՝ իր հայտնած տեղեկությունների և դրանց առիթով նախաքննական մարմինների կողմից ընթացք չտալու մասին

Հուլիս 28,2021 20:20

«Փաստացի պարտակվում, թաքցվում է նշված գործողությունը. դրա բացահայտման գործընթացը նկատի ունեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը`անդրադառնալով իր հայտնած այն տեղեկություններին, որոնք վերաբերում են Թուրքիային տարածքներ նվիրաբերելուն և դրանց առիթով նախաքննական մարմինների կողմից ընթացք չտալուն:

Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի՝ 21-ին ժամը 23.33-ին, ՀՀ ոստիկանության կից օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ռոբերտ Սիմոնյանը և հայտնել, որ hայ-թուրքական սահմանի տարբեր հատվածներում, Թուրքիան մոտ 1,5 կմ առաջ է եկել և տիրացել մեր սահմաններին, բացի այդ 2019թ. արված տիեզերական լուսանկարներով ամրագրված է, որ 11.000 հա տարածք նվիրաբերվել է Թուրքիային, ինչն ինքը համարում է պետական դավաճանություն:

Այս առիթով հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ՀՀ քր.դատ. օր. 180-181 հոդ. կարգով ընթացքը լուծելու համար բաժին է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի գրությունը: Նախապատրաստվում են նյութեր:

Ռոբերտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն այս գործը չէ. ցավոք, շատ գործեր են, որոնք որևէ քննության առարկա չեն դառնում: Նա շարունակեց. «Հակառակը, նախաքննական մարմինը, քննիչը, դատախազը և այլք հրաժարվում են որևէ օրենքով սահմանված կարգով որոշում կայացնել: Օրենքով սահմանված կարգով պետք է կամ քրեական գործ հարուցեն, կամ քրեական գործ հարուցելը մերժեն կամ ըստ ենթակայության ուղարկելու մասին որոշում կայացնեն: Բայց նման բան չկա: Այսինքն՝ բոլոր համակարգերը համատեղ մասնակից են, հանցակից այս պետական դավաճանություններին, ազգի ցեղասպանությանը»:

Ռոբերտ Սիմոնյանը վրդովվեց՝ ստացվում է՝ 30 տարի ՀՀ պետբյուջեն Ադրբեջանի փաստացի տարածքնե՞րն է ֆինանսավորել, մեր ռազմական տեխնիկան գնացել է այնտեղ՝ որպես Ադրբեջանին նվիրաբերությո՞ւն, մեր մատաղ սերնդին էլ որպես մատաղացո՞ւ տարել զոհաբերելու: Ռոբերտ Սիմոնյանը ցավով նշեց՝ փաստորեն, այդպես է ստացվում:

Հետաքրքրվեցինք՝ այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ ծավալված մարտերը և՞ս այս համատեքստում պետք է դիտարկել , Ռոբերտ Սիմոնյանը պատասխանեց՝ այո և պարզաբանեց. «2009-ի հայ-թուրքական արձանագրություններով ներառված է ճանապարհային քարտեզ, որով ամբողջ Զանգեզուրի տարածքը, Գորիս, Մեղրի, Կապան նվիրաբերվում է Ադրբեջանին: 2009-ին հայ-թուրք արձանագրություններով ներառված ճանապարհային քարտեզով 20 հազար կմ² որպես ադրբեջանական տարածք վավերացվել է: Դա նորություն չէ: Նիկոլ Փաշինյանին բերեցին մի նպատակով, որ նախկինում ստորագրված փաստաթղթերը վավերացվեն նաև նրա կողմից, և փաստացի իրականացվի հանձնման գործընթացը»:

Ռոբերտ Սիմոնյանը մտահոգություն հայտնեց՝ հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելու մասին ոչ մի որոշում չեն ստացել ու շարունակեց. «Նախաքննության մարմինները որևէ գործառույթ օրենքով սահմանված կարգով չեն իրականացրել: Փաստացի հանցակից են բոլորը պետական դավաճանությանը և պարտակում են հանցագործությունները: Դրանք համատեղ ծրագրված նաև միջազգային հանցագործություններ են: Դրանց մեջ նաև ներառված են կոնվենցիաներ՝ ցեղասպանության կոնվենցիա: Չէ՞ որ 30 տարի, որ մեր երեխաներին տարել են Ղարաբաղ ըստ իրենց ամրագրված փաստաթղթերի՝ որպես ադրբեջանական տարածք, փաստացի մեր երեխաները նշված տարածքում հանդես են եկել որպես վարձկաններ, ո՞վ է զինել, վարձել նրանց, փաստացի իշխանություն կոչվածը: Ռոբերտ Սիմոնյանը շարունակեց. «Ռեժիմը, որը բռնազավթել է ներկայիս համակարգը և իշխանությունը: Նշված պահին նաև ընթանում է դատավարություն 90-ականներից անցում դեպի անկախ պետություն կոչվածին կեղծ փաստաթղթերի հիման վրա, որը իրավական որևէ հետևանք առաջացնել չի կարող, որովհետև ընդունում-հանձնում չի իրականացվել: Սրանք 30 տարի ապօրինի և անօրինական են, ուստի սրանց կողմից կիրառված, իրականացված բոլոր գործողությունները որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031