Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ին Տավուշի մարզային դատախազությունից Նոյեմբերյանի և Դիլիջանի ոստիկանության բաժին է ներկայացվել գրություն, ըստ որի՝ Տավուշի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, 2017թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի տարածքում աշխատանքի ընդունված անձանց կողմից աշխատանքի հաճախելիության, աշխատանքային պարտականությունների կատարման ստուգման ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ Վ. Ղարագյոզյանը, որը բնակվել է Կողբում, չնայած 2005թ. հոկտեմբերի 1-ից մինչև օրս աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես ավագ անտառապետ, միաժամանակ աշխատել է նաև 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. հունիսի 1-ն «Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ-ում՝ որպես անտառագետ, իսկ Բերդավանից Մ.Ղազարյանը 2009թ.- ից աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում որպես հսկիչ, որսի հսկիչ, տնկիների տեխնիկ, միաժամանակ 2016թ.-ից մինչև 2019թ. աշխատել է «Դիալոգ-Մ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ, իսկ 2014թ. – 2016թ. աշխատել է «Տելեմակ» գազ ընկերությունում՝ որպես հերթափոխի պետ։ Արդյունքում վերջիններս պետության շահերին պատճառվելով նյութական վնաս, որի չափերը դեռ պարզվում են նախաքննությամբ։
Նույն օրը նյութեր են ստացել նաև Դիլիջանի ոստիկանության բաժնում, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017թ. – 2018թ.-ն ընկած ժամանակահատվածում հիմք ընդունելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ վերոնշյալ ժամանակահատվածում համատեղությամբ կատարել են նաև այլ աշխատանք։
Պարզվել է, որ Լ. Աղամալյանը ՊՈԱԿ-ում որպես գործավար աշխատելու ընթացքում 2014թ.- ին որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվել է և մինչև 2018 թ. իրականացրել է մանրածախ առևտուր, իսկ Մ. Մանուչարյանը ՊՈԱԿ-ում աշխատելու ընթացքում համատեղությամբ 2015 թ.- ից որպես պահակ է աշխատել ՀՀ ԳԱԱ Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում, Ա. Իգիթյանը ևս լինելով ՊՈԱԿ-ի կադրերի տեսուչ 2017 թ.-ից աշխատել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայում, իսկ Մ. Մնացականյանը լինելով ՊՈԱԿ-ի անտառապահը միաժամանակ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ»-ում որպես վարորդ, Հ. Հակոբյանն էլ միաժամանակ լինելով ՊՈԱԿ-ի մասնաճյուղի ղեկավար աշխատել է «Հրայր և Արամ» ընկերության տնօրեն։ ՊՈԱԿ-ում աշխատող լինելուն զուգահեռ այլ աշխատանք են կատարել նաև Գ. Թովմասյանը` զուգահեռ աշխատելով Գեղարքունիքի մարզպետարանում որպես առաջատար մասնագետ, Վ. Դիլանյանը` աշխատելով Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցում, որպես այգեպան, Ղ. Խաչատրյանը, ով ՊՈԱԿ-ի տնօրեն լինելուն զուգահեռ ներմուծել է ապրանքներ, Վ. Վասիլյանը համատեղությամբ աշխատել է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ում և Գ. Վարդանյանը, ով ՊՈԱԿ-ում աշխատելուն զուգահեռ աշխատել է նաև մեկ այլ վայրում:
Նշենք, որ մենք փորձեցին մեկնաբանություն ստանալ նաեւ Դիլիջանի Ազգային պարկ ՊՈԱԿ-ից, սակայն մեզ վստահեցրեցին, որ գործի վերաբերյալ իրենք ոչ մի տեղեկություն չունեն։
Կարդացեք նաև
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ