Ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ եւ 4 վիրավոր:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ, ստրատեգիական առումով Ադրբեջանի նպատակները եւ գործիքակազմը հստակ են:
«Ի՞նչ է ուզում Ադրբեջանը եւ ինչպե՞ս է ուզում դրան հասնել: Կարճաժամկետ՝ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի ՀՀ-ն ընդունի, որ Արցախի հարց այլեւս գոյություն չունի եւ դրա համար էլ անընդհատ սրում է դրությունը սահմանամերձ շրջաններում: Այսինքն, դրանով նա թերահավատության մեջ է պահում թե հայ հասարակությանը, թե քաղաքական իշխանությանը՝ անընդհատ ցույց տալով, որ կարող են նրանց համար հավելյալ խնդիրներ ստեղծել:
Իհարկե, Ադրբեջանն ունի նաեւ երկարաժամկետ նպատակ՝ ստեղծել անկայունություն սահմանամերձ մարզերում, այնտեղ ապրող մարդկանց ներշնչել, որ նույնիսկ ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ: Հետեւաբար, այդ տարածքներում, գյուղերում, անգամ փոքր քաղաքներում մնալը, ապրելը, դեմ է իրենց տարրական շահերին: Հետեւաբար, պետք է միջոցներ ձեռնարկել. եթե ոչ հիմա, ապա առաջիկա տարիներին տեղափոխվել մարզկենտրոններ, Երեւան, իսկ Ադրբեջանի տեսանկյունից, ավելի լավ է՝ դուրս գալ հանրապետությունից:
Կարդացեք նաև
Ադրբեջանը այս քաղաքականությունը շարունակելու է իրականացնել: Եվ եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա է, եթե ինչ-որ բան չի փոխվում, անհասկանալի է, թե ինչը պետք է ստիպի Ադրբեջանին երեք օր անց նոր հարձակում իրականացնել որեւէ այլ կետի վրա»,-ասաց քաղաքագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ